Մագա Պետրոսյան (Հովհաննի) – «Չներվածը կորոնայից հետո»

2020: Գարուն է։ Էլի չկաս, չնայած իրականում երբեք էլ չես եղել։ Կյանքի ամենօրյա գլորվող անիվը մի քանի շաբաթով կանգնել է… թոհուբո՞հ, չէ, ավելի շուտ քաոս է, նոր կորոնավիրուս անունով.

Հիմա, կյանքի բերումով ժամանակ է ստեղծվել թափ տալ ու մաքրել կյանքիս պահարանն ու առաջ անցնել, բայց չի ստացվում… Հիշողությունների դարակը դեռ լիքն է, չի դատարկվում, ինչքան էլ, որ փոխարինող մտքեր եմ լցնում’ ֆիլմերի, գրքերի, երգերի ու այլ տարատեսակ հոբբիների միջոցով։ Այն օրից ինչ անհետացար կանքիցս, անցել է…ը… եթե անկեղծ չեմ հիշում թե որքան։ Դե, հոգեբաններն ասում են՝ մենք չենք հիշում և ընդունում այն ինչը մեզ ցավ է պատճառում, չի բացառվում, որ սա այդ դեպքն է… Գիտե՞ս, չի ստացվում, չի ստացվում մարսել բացակայությունդ, բայց շնորհակալ եմ գիտակցությանս, որ կարողացել է քեզ ջնջել կյանքիցս, ափսոս, որ մտքիս վրա դեռ չի ազդում։ Քո կյանքն ուրիշ է, գիտեմ, երևի սիրում ես նրան… Չգիտեմ երջանիկ ես թե ոչ, բայց մեր մեջ ասած կուզեի իմանալ… Ցավոտ է գիտակցել որ էլ երբեք քեզ չեմ տեսնի ու չեմ լսի քեզնից ոչ մի լուր…
Հա, ինչ էի ասում… աշխարհում կյանքը կանգ է առել… էլ չկան թափթփված ու մարդաշատ փողոցներ. Դատարկություն է, կատարյալ դատարկություն։ Ես մի պահ մոռացել էի ամենի մասին ու դուրս եկել փողոց… Դե գիտես, սիրում եմ տեսախցիկս ծանրաբեռնել իրական կյանքի լուսանկարներով։ Նկարեցի դատարկ փողոցները, որ ողողվել էին անձրևից առաջացած ցեխաջրով։ Ինչ տխուր է տեսնել բնությունն առանց մարդկանց, քայլել միայնակ ու չգտնել քեզ նման մեկին։
Մի պահ քեզ պատկերացրի, բայց ոչ մենակ. նրա և երեխայիդ հետ էիր. Երեխան նրա գրկում էր….Հա կուզեի երջանիկ ընտանիքիդ կադրերն էլ անմահացներ տեսախցիկս, որովհետև մեր օրերում այնքան շատ են թվացյալ երջանիկները և այնքան քիչ’ իրականները։
Կարանտին օր 5… բոլորը փակվել են տներում, բայց դա մեզ համար չի։ Ես երախտապարտ եմ աշխատանքիս, որ թույլ է տալիս օրվա մեծ մասը գլուխս ու մտքերս զբաղված լինեն իրենով։ Լուսաապարատս վերցրած հիմա պիտի գնամ այնտեղ, որտեղ հիվանդներն են ու ոչ ոք չգիտի թե նրանց ճակատագիրն ինչպես կդասավորվի, գուցե և իմը։ Ձեռնոցներ, շնչադիմակ ու պաշտպանական այլ միջոցներով զինված ես մտա հիվանդանոց։ Պահելով հեռավորությունը վարակվածներից շարունակեցի իմ գործը։ Դուրս գալուց. Օ Աստված իմ, հանդիպեցի մի զույգ ծանոթ աչքերի. Դիմակով էր, բայց դա ինչպես գիտենք այդքան էլ արդյունավետ չի. Հեռվից հեռու փոխանակվեցինք հայացքներով. Չէի կարող քայլել դեպի քեզ ոչ թե վարակվելու վախի, այլ չներելուս պատճառով։ Հիմա, երբ կարող էի ստանալ կոկորդիս կանգնած տասնյակ ինչուների պատասխաններն ու թերթել կյանքիս էջը, ես փոխարենը լռեցի… Երևի կզգաս, որ արցունքներս ավելի խոսուն էին։ Հա ափսոսանքի արցունքներ էին. Ափսոսում էի, որ սրտով սիրել եմ… Ափսոսում էի, որ տարիներ անց հանդիպեցի քեզ այս վիճակում և նոր ընտանեկան կարգավիճակում։
Երբ վերջապես ինչու հարցիս պատասխանը չստացած դուրս եկա փողոց, մի պահ կանգ առա ու նայեցի ժամացույցին. Ցավոտ է գիտակցել, որ աշխարհը կանգնել է, բայց դու էլի ուշացել ես։ Հա պիտի խոստովանեմ, հիմար սովորություն է։
Կարանտին օր 6 . Նայում եմ շնչադիմակով նկարդ և հասկանում որ միշտ էլ դիմակով ես եղել, իսկ ես կույր սիրով տարված չեմ նկատել դա։ Հա գիտես քեզ դիմակ սազում է. Քո նման կեղծ հոգիներից երբեք չես հասկանա թե որերրորդ դիմակն են հանում դեմքից…
Կարանտին. Օր 7. Հիմա, երբ մենակ կռվում ես կյանքիդ համար, էլ ինձ մի փնտրիր, կներես, բայց դեռ ցավում է, ունակ չեմ ներելու, մի զանգիր։ Չեմ ուզում լինել վերջինը, դրա համար էլ անպատասխան եմ թողնում զանգերդ ու նամակներդ այնպես, ինչպես մի ժամանակ դու, թեկուզ և գիտակցում եմ, որ կարող է և էլ չլինես։
Կարանտին օր 20… Արդեն ապաքինված մարդկանց պիտի անմահացնի տեսախցիկս. Դու նրանց մեջ ես.
Ես էլ քեզ ներել եմ իմ մտքերում ու ժամանակների մեջ։ Ինչ ափսոս, որ խցիկիս առաջ մենակ ես։ Չսիրելով կազմած ընտանիքդ էլ չկա… Չգիտեմ կյանքը ոնց կդասավորվի, բայց դու պատասխանատու ես նրանց համար.Ապրիր այն մտքով, որ չնայած ամեն ինչին ես քեզ ներել եմ, կյանքը, քեզ ներել է, կորոնան քեզ ներել է։ Չնայած հասկանում եմ, որ հանգիստ ու երջանիկ լինելու համար ամենաառաջինը ինքդ պիտի ներես քեզ. Մի ապրիր ինքդ քո կողմից չներված։ Ներիր քեզ, եթե կարող ես…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ