Քո անունը մնաց նոթատետրիս վերջին էջում՝ չգրված ու չկարդացված։ Քո անունը… մնաց ականջներիս մեջ հազար անգամ լսված, բայց խլացած։ Քո անունը մնաց լեզվիս ծայրին՝ չարտասանված. Ու դու՝ իմ սրտում չխոստովանված։ Ինչու՞ եկար, փակ դռների արանքից ինչու ներս խցկվեցիր, եթե հետո հեռանալու էիր պատուհանից գողի նման՝ անձայն, անհետ, անհայտ ուղղությամբ։ Հոգնել եմ անունդ շշնջալուց և օդին խանդելուց։ Հոգնել եմ անունդ լսելուց…։ Ամեն անգամ, երբ վստահաբար առաջ եմ գնում մի դատարկ իրականություն հիշոցությանս մեջ է շպրտում չմոռանալու փաստը։ Սրտիս փակ դռների բանալին էի կորցրել… գտա… գրողը տանի վրան էլի անունդ էր գրված։ Ուզում եմ հիշողությունս քեզ նվիրել. անդարձ, անվերադարձ, հավերժ, տար քեզ հետ… տար որովհետև այնտեղ դու ես… Գնա. Գնա, այնպես, որ ամեն անգամ մայթերին քեզ փնտրեմ ու գտնեմ։ Գնա իմ չիմացած քաղաքները, որ մի օր իմանամ քեզ՝ մինչև վերջ, անմնացորդ։ Մի մնա…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ