Տեղի ունեցավ «Մատաղիս» ներկայացումը

Տեսանյութ

Լեփ-լեցուն դահլիճ, հպարտության զգացում, հուզմունք, ընտանիք, սեր, պատերազմ, հաղթանակ… այս ամենը ներառված էր մեկ ներկայացման մեջ։ Կրակոցները չեն դադարում և հենց այս թեմային անդրադառնալիս բոլորս մի պահ քարանում ենք։

«Մատաղիս» ներկայացման մեջ մի ընտանիքի պատմություն էր… քույրերը, որդեկորույս մայրերը, սահման ճանապարհող հայրերն ու ամուսինները հոգու խորքում գիտակցում են, որ առաջնայինը հայրենիքի պաշտպանվածությունն է, հայրենիքն իմ ընտանիքն է, իմ օջախը…

Յուրաքանչյուր մանրուք հաշվարկված էր, դերասանների ապրումներն ու էմոցիաները փոխանցվեց հանդիսատեսին, ովքեր հուզմունքը չկարողանալով զսպել, նորից վերապրեցին տարիներ առաջ կատարվածը։

Ներկայացման բեմադրող ռեժիսոր-սցենարիստն է Արմեն Դալլաքյանը։ Նրա խոսքով ստեղծագործությունը գրվել է 2018 թվականին, բեմադրվել՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ից: Հունվարի 28-ին տեղի է ունեցել պրեմիերան, իսկ փետրվարից սկսած բեմադրվել է Երևանում, մինչև ապրիլի 4-ը: Ապրիլի 4-ից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո շրջագայել են ՀՀ մարզերում և Արցախում:

Հարցազրույց ՝ բեմադրող ռեժիսոր-սցենարիստ Արմեն Դալլաքյանի հետ:

– Ներկայացումը նվիրված է եղել քառօրյային, իսկ քառօրյայի կադրերից մենք օգտագործել ենք հիմնականում տղաների նկարները, որով մենք ուզում ենք ասել, որ նրանց չենք մոռացել և մեր կյանքում բացակա չենք դրել, նրանք մեր սրտերում և հոգում են:

Ու երբ այս ներկայացումը մարզերում բեմադրում էինք, անկեղծ չէինք պատկերացնի, երբ այդ տեսարանները էկրաններից հայտնվեց, մարդիկ հոտնկայս ծափահարում էին և դա արդեն իսկ խոսում է նրա մասին, որ ոչ ոք չի մոռացել տղաներին և բացակա չի դնի:  Սա է ասելիքը… ամեն հայ, կլինի փոքր թե մեծ, թող իմանա՛, որ զինվորի կողքին կանգնած են բոլորը:

Ներկայացման ուսուցողական մասը կայանում է նրանում, որ ամեն երիտասարդ, ամեն փոքրիկ, ամեն դպրոցական իմանա, թե ով է զինվորը, թե ով է կանգնած սահմանին և հսկում մեր այսօրվա անդորրը:

– Մեզ հասած տեղեկություններով Դուք պատրաստվում եք ֆիլմ նկարահանել, ի՞նչ կասեք այս մասին:

– Չէի ցանկանում բարձրաձայնել, բայց մյուս տարի փետրվարից կսկսվեն «Մատաղիս» ֆիլմի նկարահանումները:

– Իսկ ֆիլմում կերպար ունենալու՞ եք:

– Ոչ, ես հանդես եմ գալու որպես ռեժիսոր: Ֆիլմը տարբերվելու է նաև նրանով, որ չի լինելու կրակոց, պատերազմ, առավելագույն ուժերով ցուցադրելու եմ հաղթանակ, միշտ մենք հաղթելու ենք և դա այդպես է լինելու:

Հարցազրույց ՝ Նիկոլայ Գալստյանի հետ ( կերպար՝ Արսեն ):

– Ի՞նչ տպավորություններ ունեք ներկայացման հետ կապված:

– Ներկայացումից տպավորություններն ու էմոցիաները, ինչը որ ես ստացել եմ, ստանում եմ ու դեռ ստանալու եմ, այն հայրենասիրությունը, որ կար իմ մեջ կրկնապատկվում, եռապատկվում է, ու հենց դա էլ տալիս ենք մեր հանդիսատեսին:

Ընկերներն ու ծանոթները, ովքեր դիտել են, նույն կարծիքին են, որ տեսնելով տղաներին ու նրանց պատմությունը էլ ավելի ես ոգեշնչվում:

– Ինչպե՞ս եղավ, որ մարմնավորեցիր այս կերպարը:

– Այս կերպարի ընտրությունը շատ հետաքրքիր ստացվեց, որովհետև եկել էի քասթինգին մասսայական տեսարանի համար, բայց ընթացքում պարզվեց, որ գլխավոր կերպարներից մեկը մարմնավորեցի ես:

– Ի՞նչ ընդհանրություն կա կերպարի և Ձեր անձի միջև:

– Ես ու իմ կերպարը բացարձակ կապ չունենք իրար հետ:

– Ինչպե՞ս կարողացաք համատեղել կերպարը Ձեր անձի հետ:

– Ճիշտն ասած ինձ համար էլ էր զարմանալի, ու շատ անգամներ մտածել եմ այդ մասին: Մարմնավորածս կերպարներից միակն էր, որ շատ շուտ գտել և համատեղել եմ:

Ու հենց դա էր հարցը, որ ինձ հետ ընդհանրապես կապ չուներ այդ կերպարը, բայց ես շատ շուտ գտա իրեն ու շատ հոգեհարազատ դարձավ ինձ, Արսենի կերպարը շատ եմ սիրում:

– Խոսվում է նաև, որ պետք է ֆիլմ նկարահանվի, գիտե՞իք դրա մասին, և նկարահանվելու՞ եք ֆիլմում, թե՞ ոչ: 

– Գիտեի ֆիլմի նկարահանման լուրի մասին, խաղալու եմ և նույն կերպարով:

– Խոսք ունե՞ք հանդիսատեսին և ընթերցողներին: 

– Միշտ ամեն անգամ գլուխը բարձին դնելիս հիշե՛ք, որ կան մարդիկ, ովքեր չեն դնում գլուխը բարձին, որպեսզի մենք խաղաղ ապրենք:

Թող յուրաքանչյուր ոք գտնի իր մեջ այն կետը, նշանը, որով անձը, որպես հայ, որպես մարդ ինչ-որ կերպ խոնարհվի այդ մարդկանց առջև… զոհված տղաների առջև… ներկա պահին սահմանում գտնվողների առջև…:

Հարցազրույց ՝ Հայկազ Մարտիրոսյանի հետ ( կերպար՝ Հայկ ):

– Ի՞նչ տպավորություններ ունեք ներկայացման հետ կապված:

– Հեշտ չէ բացատրել, զգացողություններս շատ են, ընդհանուր առմամբ զգացողություն, որը կարող եմ արտահայտել ՝ հիշողություններ, հայրենիք….: Ներկայացման մեջ ամեն անգամ խաղալիս հիշում եմ ապրիլյան դեպքերը, որովհետև ես ներկա եմ եղել: Ինձ համար այս ներկայացման մեջ խաղալը պատիվ է:

– Որտե՞ղ եք ծառայել:

– Ծառայել եմ Ղարաբաղում, և քառօրյայի ժամանակ եղել եմ տարբեր դիրքերում:

– Ի՞նչ ընդհանրություն կա կերպարի և Ձեր անձի միջև:

– Երևի թե միակ բանը որ կա, ինչ-որ նպատակի հասնելու համար կարող եմ շատ զգացմունքներ դնել մի կողմ:  Կերպարն ինքն իրենով դա է ներկայացնում: Նա դնում է մի կողմ իր զգացմունքները, չի խոստովանում իր սիրո մասին  հայրենիքի համար, որովհետև նա ունի նպատակ՝ ծառայել:

– Խոսք ունե՞ք հանդիսատեսին և ընթերցողներին: 

– Մարդկանց կխնդրեմ, որ ներկայացումը չդիտեն որպես ներկայացում: Ներկայացումն ինքն իրենով կոչ է, որ մարդիկ հասկանան ինչ է հայրենիքը, ինչ է հողը: Մեր խնդիրն այսօրվա դրությամբ այն է, որ երիտասարդները չեն կարդում պատմություն, շատ բաներ չգիտեն  և այս ներկայացումը ինչ-որ շանս է, որ թեկուզ այս կերպ իմանան ինչ է եղել տարիներ առաջ: Թե ու՞մ շնորհիվ է, որ նրանք այսօր կան, ու՞մ ենք շնորհակալ, որ այսօր շնչում ենք ու ունենք հանրապետություն:

Հարցազրույց ՝ Սաթենիկ Բարեղամյանի հետ ( կերպար՝ Սաթեն մայրիկ ):

– Ի՞նչ կասեք Ձեր մարմնավորած կերպարի մասին:

– Մարմավորում եմ հայրենասեր, խաղաղասեր, խիզախ մոր կերպար: Ով մտածում է ոչ միայն իր տղայի, այլ նաև մյուս զինվորների մասին: Սեփական որդուն չխնայելով ուղարկում է դիրքեր, որպեսզի տղաների հետ հավասար կռվի: Եվ վերջում նույնիսկ ինքն էլ է պատրաստ բարձրանալու ու կռվելու, երբ իմանում է, որ իր տղան մահացել է:

Այս կերպարը շատ հարազատ է դարձել ինձ ու ես շատ եմ սիրում իմ կերպարը: Ինձ շատ դրական զգացողություններ է տալիս այս ներկայացումը:

– Խոսք ունե՞ք հանդիսատեսին և ընթերցողներին: 

– Կասեմ որ գնահատեն ու սիրեն իրենց երկիրը, քանի որ հարյուրավոր մարտիկներ զոհվել են մեզ համար և մենք ուղղակի պետք է մեր լավ արարքներով իրենց գործին սատար կանգնենք:

Հարցազրույց ՝ Հասմիկ Ալեքսանյանի հետ ( կերպար՝ Մարիամ ):

– Ի՞նչ տպավորություններ ունեք ներկայացման հետ կապված:

Առհասարակ, ներկայացման հետ կապված տպավորությունները շատ են, քանի որ մի ներկայացման մեջ ամփոփված է մի ամբողջ գյուղական կյանք: Գյուղ, որը խաղաղ է, երջանիկ ընտանիքներով: Եվ միանգամից սկսվում է պատերազմ, անգամ այն, որ մայրերն են բարձրանում վերջում դիրքեր, այսինքն ներկայացման մեջ ցույց է տալիս, որ նույնիսկ կանայք, մայրերը, քույրերը պատրաստ են բարձրանալ դիրքեր զինվորների կողքին լինել և ուժ տալ նրանց:

– Ի՞նչ կասեք Ձեր մարմնավորած կերպարի մասին:

– Սկզբում չէի կարծում, որ կկարողանամ մարմնավորել, բայց առաջին ներկայացումից հետո շատ սիրեցի իմ կերպարը, քանզի Մարիամի կերպարը ցույց է տալիս մի կնոջ կյանք, ով երջանիկ է, խաղաղ, ունի ամուսին և երեխայի է սպասում, կա իր ներսում վախ: Բայց այդ վախի հետ միառժամանակ նա հավատում է, որ ամեն ինչ լավ է լինելու, սակայն կորցնում է ամուսնուն, և ակնթարթորեն իր կյանքը վերածվում է քաոսի:

Եվ այդ երջանիկ, խաղաղ կյանքից կտրվում, դառնում է հոգեկան հիվանդ: Շատ բարդ էր ինձ համար սկզբում, բայց ես փորձեցի Հասմիկին ու Մարիամին միաձուլել, ու ստացա մի գեղեցիկ խառնուրդ, որը էլ ավելի քաղցրացրեց կերպարը:

– Խոսք ունե՞ք հանդիսատեսին և ընթերցողներին: 

– Ներկայացումը շատ դաստիարակչական բնույթ է կրում: Այնտեղ երեխաները շեշտում են շատ հերոսների անուններ, որով ցույց է տրված, որ երեխան այդ տարիքից սկսած սիրում է և պատրաստ է կանգնել զինվորի կողքին: Ներկայացումն իրոք հուզիչ է և հանդիսատեսը մեզ հետ հավասար վերապրում է այդ ամենը:

 


 

Ձեզ ենք ներկայացնում դերասանական կազմը՝ մարմնավորած կերպարներով:

  • Մնացականյան Նարեկ – Վազգեն պապ
  • Գալստյան Հայկ – Արսեն
  • Մարտիրոսյան Հայկ – Հայկ
  • Վարդանյան Աշոտ – Արամ
  • Սիմոնյան Գեղամ – Պոնչ
  • Աբրահամյան Ջանիբեկ – Գռզո
  • Դալլաքյան Արթուր – Կիրով
  • Թումասիյան Նարեկ – Աչկո
  • Հարությունյան Արմեն – Ճուտ
  • Թադևոսյան Լեռնիկ – զինվոր
  • Վաթյան Արթուր – զինվոր
  • Նավասարդյան Վարդուհի – Իրինա
  • Բարեղամյան Սաթենիկ – Սաթեն մայրիկ
  • Ալեքսանյան Հասմիկ – Մարիամ
  • Ավետիսյան-Մուշեղյան Լիլիա – Աշխեն
  • Հարությունյան Միլի – Աննա
  • Յաղջյան Մանուելա – Անուշ
  • Ներսեսյան Մարի – երեխա
  • Մնացականյան Սեդա – երեխա
  • Յաղջյան Գրիգոր – Աշոտ
  •  Մխիթարյան Արսեն – Գուրգեն
  • Խալափյան Ռուբեն – Բաբկեն
  • Մնացականյան Տիգրան – Դավիթ
  • Ավագյան Սերգեյ – Արամայիս

Աշխատակազմ՝

  • Գործադիր տնօրեն՝ Արմեն Դալլաքյան
  • փոխտնօրեն՝ Կարինե Բարսեղյան
  • Հագուստավարող՝ Միլի Հարությունյան

Լուսանկարներ

Ձեզ նույնպես կարող է դուր գալ