«Մեծ Կղզու» Գաղտնիքները – Մադագասկար

Մադագասկարը մեր մոլորակի այն վայրերից մեկն է, որը մինչ օրս էլ պարուրված է ամենաֆանտաստիկ լեգենդներ ու պատմություններ ծնող գաղտիքներով: Եվ իրոք, այդ վիթխարի կղզին առայժմ փաստորեն չի հայտնագործված: Ներքին Մադագասկարի շատ շրջանների ռելիեֆը միայն մոտավորապես է նշված քարտեզի վրա: Հետաքրքրականն է այն, որ աֆրիկյան հեքիաթը շատ անգամ դարձել է իսկություն: Հաճախ այդ նույն Մադագասկարում լեգենդներն ու ժողովրդական հավատալիքները գիտնականներին օգնել են պարզելու բնության ու պատմության գաղտնիքները: XIII դարի մեծ ճանապարհորդ Մարկո Պոլոն իր «Ճանապարհորդություններում» Մադագասկարի մասին գրում է որպես «ամենալավ և ամենամեծ կղզու» մասին: Ուրիշների խոսքերով, մեծ մասամբ մալգաշական լեգենդներ լսած և կղզում եղած արաբների պատմածի հիման վրա, նա տալիս է Մադագասկարի ֆանտաստիկական նկարագրությունը, այն բնակեցնելով 12 քայլ երկարությամբ փետուրներ ունեցող թռչուններով, որոնք կարող են բռնել փղին, նրան վեր բարձրացնել, իսկ հետո գցել ցած: Փիղը ջարդուփշուր է լինում, այն ժամանակ թռչուններն սկսում են հոշոտել նրա մարմինը…

Անցյալ դարի սկզբին ֆրանսացի Սանգինին,Մադագասկարի առաջին լուրջ հետազոտողներից մեկը,Մադագասկարի խրուտ ճահիճներից մեկում գտավ վիթխարի ձվի կտորները:Դա առաջին ապացույցն էր այն բանի,ինչ հիմա արդեն դարձել է փաստ:«Մեծ կղզում ապրել է թռչնային ցեղի հսկան՝ էպիորնիս ջայլամը:Նա չէր կարողանում փղեր բարձրացնել,որոնք,ի դեպ,չկան Մադագասկարում,սակայն, մինչև հինգ մետր բարձրություն ուներ . այնպիսի ձվեր էր ածում,որոնց մեջ կարելի էր տեղավորել հավի 150 և ավելի ձու:Ավելի ուշ գտնվեց և էպիորնիսի կմախքը,որն այռմ ցուցադրվում է Տանանարիվե քաղաքի ակադեմիական թանգարանում:Էպիորնիսն ապրել է Մարկո Պոլոյից դեռ 5 դար հետո էլ և,ինչպես ցույց տվեցին վերջին հետազոտությունները,անհայտացել է միայն այն ժամանակ,երբ հրազենով զինված եվրոպացիները սկսել են ավելի հաճախ այցելել կղզի:



 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ