Լուսինե Ալեքսանյան – «Գուցե դու վաղուց մեռել ես իմ մեջ»

Գուցե դու վաղուց մեռել ես իմ մեջ
ԵՒ քեզ չեմ սիրել այսքան ժամանակ,
Զուր թվացել է, թե կա անհագ տենչ
Ծնելու սիրո մի նոր եղանակ։

Գուցե վաղուց եմ մոռացել ես քեզ,
Ու չի հորձանքվում սերն իմ կրծքի տակ,
Բայց մի հերարձակ քամի սրտաշեջ
Ինձ խաբել է, թե դու ես այդքան թանկ։

Վաղուց ես մեռել իմ տկար հոգում ՝
Աշնան արևի վերջին շողի պես,
Ինչպես կոկոն վարդ ձմռան ճանկերում
Անշուք ցրտի մեջ լուռ թոռոմել ես։

Գուցե դեռ հիշեմ քեզ մի երեկո,
Երբ բախտից հոգնած ծունկերս ծալեմ,
Գուցե երերան հուշերն իմ ու քո,
Ու վերջին անգամ քեզ սիրով այրեմ։

Կրկին մոխրանաս, փշրվես հավերժ,
Կրկին ես ասեմ, թե մեռել ես դու,
Բայց այդ սանձարձակ քամին սրտակեզ
Ինձ կհիշեցնի, որ դու չես մեռնելու։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ