Lumzag՝ խելացի պայուսակ, որն ապահովում է իրերի անվտանգությունը

Lumzag-ը ոչ միայն նորաձեւ, այլեւ խելացի պայուսակ է, որը թույլ է տալիս օրվա հագեցած իրադարձություններին զուգահեռ անհրաժեշտ իրերն ինչ-որ տեղ չմոռանալ, չկորցնել ու չանհանգստանալ դրանց անվտանգության համար։

Չնայած խելացի պայուսակների շուկան հագեցած է՝ Lumzag-ն առաջինն է, որ միաժամանակ կատարում է տարբեր նորարար գործառույթներ։ Պայուսակն ունի իր օնլայն հավելվածը, որը ներբեռնելուց հետո անհրաժեշտ բոլոր ծանուցումներն այն ուղարկում է օգտատիրոջ հեռախոսին կամ խելացի ժամացույցին։

Lumzag-ն ունի ինչ-որ տեղ մոռացված իրերի մասին ծանուցում ուղարկելու, պայուսակը բացելու կամ գողանալու դեպքում` «ահազանգելու», նոթբուքի, հեռախոսի կամ այլ տեխնիկայի մարտկոցները լիցքավորելու, մթության մեջ պայուսակի ներսը ավտոմատ լուսավորելու, Wi-Fi տարածելու, GPS-ով պայուսակին հետեւելու, ներկառուցված տեսախցիկով շրջակայքը դիտարկելու հնարավորություններ։

Պայուսակն ապահովում է դրանում եղած իրերի անվտանգությունը։ Երբ մարդը պայուսակը թողնում է, օրինակ, ինչ-որ սենյակում ու գնում մեկ այլ տեղ, հավելվածով ակտիվացնում է «անվտանգության համակարգը», ինչի շնորհիվ էլ ծանուցում է ստանում այն ժամանակ, երբ որեւէ մեկը փորձում է բացել պայուսակը կամ այն տեղափոխել ավելի հեռու։ Բացի այդ, կարելի է ակտիվացնել պայուսակի «ահազանգի» հնարավորությունն ու, երբ այն հեռացնեն նշված տեղից, պայուսակը բարձր ձայներ կհանի ու կգրավի շրջակայքում եղած մարդկանց ուշադրությունը։

Պայուսակը կորցնելու, ինչ-որ տեղ մոռանալու դեպքում հնարավոր է նաեւ Lumzag-ի GPS tracker-ի շնորհիվ հետեւել ու տեսնել, թե որտեղ է այն տվյալ պահին, կամ դեպի ուր են տեղափոխում։ Այս գործառույթի համար Lumzag-ի թիմը համագործակցել է մեկ այլ հայկական ստարտափի՝ HelloSim-ի հետ: Նախագծել են նոր լուծում, որի շնորհիվ GPS tracking-ը կատարվում է նույնիսկ առանց ինտերնետ կապի։ HelloSim-ի հետ համագործակցության արդյունքում պայուսակի օգտատերերն ունեն նաեւ խելամիտ արժեքով ինտերնետի հասանելիություն։ Պայուսակը տարածում է նաեւ Wi-Fi ու, ինչպես նշում է ստարտափի համահիմնադիր Լիանա Հովհաննիսյանը, հատկապես զբոսաշրջիկներին ազատում անընդհատ ինչ-որ տեղ ինտերնետ փնտրելու ու, օրինակ, օնլայն քարտեզներն ակտիվացնելու խնդրից։

Պայուսակը նախատեսված է նաեւ համակարգչի, հեռախոսի եւ անհրաժեշտ մյուս տեխնիկական միջոցների մարտկոցները լիցքավորելու համար։ Պայուսակի ներսում կան գրեթե բոլոր համակարգիչների համար նախատեսված լիցքավորման լարեր, իսկ հեռախոսի համար ստեղծված է անլար լիցքավորման համակարգ։ Պայուսակն ունի նաեւ իր վրա արեւային էներգիայի վահանակ ամրացնելու հնարավորություն, ինչը ստարտափի թիմն առաջարկում է որպես այլընտրանք՝ լիցքավորումն իրականացնելու համար։

Lumzag-ը հետաքրքիր գործառույթ ունի բոլոր նրանց համար, ովքեր միշտ դժվարանում են մթության մեջ պայուսակում ինչ-որ բան գտնել կամ մեծ ջանքեր են գործադրում դրա համար։ Երբ մթության մեջ բացում ես պայուսակը, ներսն ավտոմատ լուսավորվում է։ Լեդ լույսերը նախագծված են այնպես, որ լուսավորվում է միայն պայուսակի ներսը, ու լույսը չի խանգարում շրջակա միջավայրին։

Անվտանգության տեսանկյունից պայուսակը արտաքին հատվածում ունի նաեւ ներկառուցված փոքրիկ տեսախցիկ։ Երբ պայուսակը մեջքին է, հնարավոր է հեռախոսով հետեւել՝ ինչ է կատարվում ետեւում կամ, օրինակ, ով է փորձում մոտենալ։ Այն նաեւ օգտակար է հեծանվորդների համար, ովքեր հեշտությամբ հետեւում են երթեւեկությանը։ Lumzag-ի թիմը պատրաստվում է արտադրել նաեւ պայուսակի՝ առանց նկարահանող սարքի տարբերակն այն երկրների համար, որտեղ առանց զգուշացման նկարահանելն արգելվում է։

Lumzag-ն ունի եւս մեկ կարեւոր առավելություն՝ տեխնիկական տեսանկյունից ամեն ինչ տեղավորված է փոքր խելացի տուփի մեջ։ Այժմ օդանավակայանի անվտանգության անցակետում պահանջում են հանել ամբողջ տեխնիկան ու շատ խելացի պայուսակների դեպքում մարտկոցը ներկառուցված է պայուսակին, ինչի պատճառով վերջինս չեն կարողանում երկրից երկիր տեղափոխել, իսկ Lumzag-ի խելացի տուփն իր մեջ ներկառուցած մարտկոցի հետ միասին հնարավոր է հեշտությամբ դուրս հանել պայուսակից, անցնել անվտանգության անցակետով ու նորից տեղադրել պայուսակում։

Պայուսակի դիզայնն արված է Հայաստանում։ Կա երկու հիմնական տեսակ. մեկը` կաշվի եւ Carbon Fiber- ի, իսկ մյուսը՝ Carbon Fiber-ի եւ նեյլոնի համադրությամբ։ Երկու դեպքում էլ պայուսակը ջրակայուն է։ Lumzag-ի հիմնադիրները համագործակցում են նորարարական ընկերությունների հետ եւ ընտրել են, իրենց կարծիքով, լավագույն նյութերը՝ հնարավորինս հարմար, դիմացկուն ու գեղեցիկ պայուսակ ստանալու համար։ Պայուսակն ունի անլար լիցքավորման հնարավորություն՝ կարելի է լիցքավորել միայն պայուսակն ու դրա միջոցով միաժամանակ լիցքավորել անհրաժեշտ տեխնիկական միջոցների մարտկոցները։

Աղբյուր` hetq.am

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ