
Լոռիում հանք բացելու ծրագիրը մարզի 70-75 տոկոսը կործանման է տանելու․ Վանաձորի բնակիչ Գեւորգ Վարդանյան
Լոռու մարզում գտնվող մի հսկայական անտառապատ տարածքում հերթական անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերեւակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ։ Հանքը նախատեսում են բացել Լոռու մարզի Եղեգնուտ, Դեբեդ, Վահագնի, Վահագնաձոր, Մարգահովիտ, Քարաբերդ բնակավայրերում։ Վերոնշյալ ընկերության անունը «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ է, որը գրանցված է Հայաստանում եւ պատկանում է Չեխիայում գրանցված «Միներալ Վենչրզ Ինվեստ» ընկերությանը։ Իրական սեփականատերերի մասին, սակայն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում այս պահին տեղեկություն չկա:
Այս առիթով 2021 թվականի ապրիլի 16-ին բողոքի ակցիաներ են իրականացվել մի շարք համայնքներում, տապալվել են նախատեսվելիք հանրային լսումները։ Բողոքի մասնակիցները նշել են, որ լսումների վերաբերյալ իրազեկվել են գյուղապետարանների կայքերից, որտեղ տեղադրված են եղել լսումների վերաբերյալ հայտարարությունը եւ այն թղթաբանությունը, որն ընկերությունը տվել է գյուղապետարաններին։ Բնակիչները այդ հրապարակումներից են տեղեկացել, որ մի քանի համայնքում նախատեսվում է ոսկու հանք բացվել։
«Ժողովուրդը պետք է տա իր համաձայնությունը, որ հանքերը կառուցվեն ու շահագործվեն, բայց ժողովուրդը անգամ տեղյակ չէ, որ հանրային քննարկումներ են կազմակերպվելու, ես, օրինակ, տեղեկացել եմ ընդամենը երեկ ու հաշված ժամերի ընթացքում փորձում եմ մյուս քաղաքացիներին տեղեկացնել: Ժողովուրդը, բնականաբար, տեղյակ չլինելով, ներկա չի գտնվի քննարկմանը և չի ներկայացնի իր բողոքը»,-ասաց Արա Կոծինյանը:
Քաղաքացին նշեց՝ բնակիչները միաձայն դեմ են, որ հանքը կառուցվի և շահագործվի, քանի որ մարզն իր գեղատեսիլ վայրերով հանդերձ վտանգի տակ է:
«Մարզը միշտ աչքի է ընկել իր գեղատեսիլ վայրերով, բայց եթե հանքը շահագործվի, միանշանակ էկոլոգիական աղետից հնարավոր չի լինի խուսափել, օրինակ՝ Եղեգնուտի տարածքներն ամբողջությամբ գրեթե շահագործվում են, և դա ուղղակիորեն աղետ է»,- նշեց քաղաքացին:
Գևորգ Վարդանյանի խոսքով` այս ծրագիրը Լոռու մարզի 70-75 տոկոսը կործանման է տանելու։ Եւ եթե պետությունը հույսը դրել է այն բանի վրա, որ հանք բացելով տնտեսական աճ է ապահովելու, մենք այդ տնտեսական աճը չենք ուզում հանք բացելով, որովհետեւ մենք այդ փորձը ունենք եւ լավ տեսել ենք ինչ էր կատարվում, երբ Ալավերդի քաղաքում գործում էր պղնձամոլիբդենային գործարանը, ինչպիսի հիվանդություններով էին ծնվում երեխաները եւ ինչ վատ վիճակ էր Ալավերդիում։ Նույն իրավիճակը հիմա նաեւ Վանաձորում է լինելու, որովհետեւ եթե այդ հանքերը բացվեն, այդ գյուղական համայնքներում ապագա չի լինելու, իսկ մարզկենտրոն Վանաձորը նմանվելու է Ալավերդի քաղաքին, որովհետեւ այդ գործարանը, որը կառուցելու են, մոտ է լինելու մարզկենտրոն Վանաձորին։
Նրա խոսքով՝ խնդրահարույց է նաեւ այն հարցը, որ հանքի շահագործման արդյունքում առաջացած թափոնները թափվելու են գետերի մեջ, մասնավորապես Դեբետի, որը մարզի ամենախոշոր գետն է, այսինքն՝ բնակիչները մեծ աղետի առջեւ են կանգնելու։ Վարդանյանը վստահ է, որ ո՛չ Շրջակա միջավայրի նախարարությունը, ո՛չ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը այդ վտանգները չեն տեսնում, այս պահին տեսնում են միայն ենթադրվող տնտեսական աճը։
«Մինչ այսօր որեւէ հարկ մեր պետությանը ոչ մի աճ չի տվել, եթե դիտարկենք նրանց հասցրած վնասները, ապա հարկերը կոպեկներ են հասցրած վնասի համեմատ։ Հիմա մենք բոյկոտելու ենք, որ չսկսեն։ Հանք չի բացվելու, ես ուղղակի վստահ եմ։ Այս պահին իրավիճակն այսպիսին է․ բացի նրանից, որ իրենք սկսել են լսումներ կազմակերպել, ինչպես մենք հասկացանք, Քարաբերդում եւ Սիսի Բերդի տարածքում սկսել են աշխատանքները։ Մենք նաեւ ցանկանում ենք պարզել, թե ինչն է պատճառը, որ լսումները նոր են սկսում, բայց աշխատանքները ավելի շուտ են սկսվել»,- ասաց Վարդանյանը` Infocom -ի հետ զրույցում։
Համայնքապետերի արձագանքները․
Քարաբերդի համայնքապետ Յուրիկ Շավելյանը հայտնեց՝ նախնական տեղեկություններով՝ համայնքը կողմ է նոր հանքի կառուցմանը Լոռիում, բայց կա մի նախապայման՝ հանքը պետք է լինի փակ:
Վահագնաձորի համայնքի ղեկավարը ընդգծեց՝ դեմ են հանքի շահագործմանը, քանի որ կան տարածքային և էկոլոգիական խնդիրներ:
Վահագնիի համայնքապետ Սուրեն Կոստանդյանը՝ անմիջապես ներգրավված չեն հանքի կառուցման և շահագործման գործընթացում:
«Մենք այդքան էլ ներգրավված չենք և հետևաբար տեղյակ չենք մանրամասներին, բայց ըստ այն տեղեկությունների, որոնց տիրապետում ենք, դեմ ենք հանքի կառուցմանը և հանրային քննարկումներ հնարավոր է մեր համայնքում չլինեն, քանի որ բավականին մեծ թվով վարակակիրներ ունեն»,- տեղեկացրեց Սուրեն Կոստանդյանը:
Վահագնաձոր համայնքի ղեկավար Էդիկ Եղոյանը նշեց՝ համայնքում կան կամուրջներ և ճանապարհներ, որոնց վրա ուղղակիորեն անհնար է որևէ բան կառուցել այդ տարածքը նախատեսված չէ հանքի համար:
«Եթե հանքը բացվի, ապա ըստ քարտեզի մեր տարածաշրջանով է անցնելու, մենք համայնքում ունենք կամուրջ և այնպիսի ճանապարհներ, որոնք համապատասխան չեն հանքի տոխնիկաների ծանրությանը, այսինքն` մեր տարածաշրջանը և հանքի մասշտաբները բացարձակապես չեն համապատասխանում, իսկ բնապահպանական տեսանկյունից մասնագետները ավելի մանրամասն կներկայացնեն, բայց մեծամասամբ մենք դեմ ենք»,- ասաց Էդիկ Եղոյանը:
Նշենք՝ հանքի դաշտը հարակից է Փամբակի և Ծաղկունյան լեռնաշղթաների լանջերին գտնվող Կովկասյան մրտավարդենու, Մարգահովիտի և Գյուլագարակի սոճու պետական արգելավայրերին, ինչպես նաև Դիլիջանի ազգային պարկին: