
Լոնդոնում հեռացնում են ստրկատիրության հետ առնչություն ունեցած անձանց արձանները
Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը հայտարարել է, որ քաղաքում գտնվող արձանները և փողոցների անվանումները, որոնք կապ ունեն ստրկավաճառության հետ, պետք է հեռացվեն և անվանափոխվեն։ Այդ մասին գրում է BBC-ն։ Նրա հրամանով ստեղծվելու է հանձնաժողով, որը կգնահատի, թե ինչքանով են Լոնդոնի տեսարժան վայրերն արտացոլում բազմազգ բնակչությանը և քաղաքի պատմությանը։
Հայտարարությունը տարածվել է Բրիսթոլում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո, որի ընթացքում տապալվել էր ստրկավաճառ Էդվարդ Քոլսթոնի արձանը։ Սադիք Խանի խոսքերով՝ կվերանայվեն մայրաքաղաքի բոլոր տեսարժան վայրերը, ներառյալ հուշատախտակները, հուշարձանները, փողոցների անվանումները և փողոցային արվեստի նմուշները։ Քաղաքապետը նշել է, որ Լոնդոնն աշխարհի ամենաբազմազգ մայրաքաղաքներից մեկն է, սակայն հուշարձանները, տների վրա առկա հուշատախտակները և փողոցների անվանումները հիմնականում արտացոլում են վիկտորիանական Անգլիայի ժամանակները։
«Հաճելի չէ այն հանգամանքը, որ մեր ազգը և մեր քաղաքն իր հարստությամբ մեծամասամբ պարտական են ստրկավաճառությանը, իսկ դա արտացոլվում է հանրային տարածքներում։ Սակայն այն ներդրումը, որ ազգային մյուս համայնքներն ունեցել են մեր մայրաքաղաքի պատմության մեջ, մտածված անտեսվել է»,- հավելել է Խանը։
Անցած շաբաթ օրը Լոնդոնում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ցուցարարների մի մասը գրաֆիթիներ էին պատկերել Ուինսթոն Չերչիլի արձանի վրա։ Ակտիվիստները և պատմաբանները Չերչիլին բազմիցս մեղադրել են ռասիստական հայացքների մեջ։ Այդուհանդերձ, բրիտանացիների մեծ մասը գնահատում է նախկին վարչապետի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հակաֆաշիստական ուժերի դեմ պայքարում ունեցած ներդրումը։
Լոնդոնի քաղաքապետը նշել է, որ Չերչիլի հուշարձանը չի ներառվի հանձնաժողովի ուսումնասիրությունների ցանկում։ Նա հավելել է, որ դպրոցականները պետք է իմանան հայտնի պատմական կերպարների մասին՝ «իրենց թերություններով հանդերձ, որոնցից ոչ ոք անմասն չէ, ներառյալ Չերչիլը, Գանդին և Մալքոլմ Իքսը»։
Լոնդոնում է գտնվում սըր Ջոն Քասի արձանը, որը նպաստել է ստրկավաճառության զարգացմանը, իր գործակալների միջոցով ստրուկներ ձեռք բերել Աֆրիկայում և Կարիբյան ավազանում։
Դոքլենդս շրջանի պատմության թանգարանի մոտ գտնվում է Ռոբերտ Միլիգանի հուշարձանը։ Վերջինս եղել է վաճառական, ստրկատեր և «West India Docks»-ի հիմնադիրը, որտեղ 19-րդ դարում եղել է ամեն ինչի առևտուր, ներառյալ մարդկանց։ Արդեն իսկ հրապարակվել է քաղաքապետի որոշումը՝ ստրկավաճառության հետ կապված անձանց արձանների հեռացման համար։
Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով Բրիտանիայի մի շարք քաղաքներում սկսվել էին բողոքի ցույցներ։ Այդ փաստից ելնելով՝ վարչապետ Բորիս Ջոնսոնը, Voice ամսագրի առցանց տարբերակի միջոցով, դիմել էր երկրի սևամորթ բնակչությանը, որոնք հիմնականում աֆրոկարիբյան համայնքի ներկայացուցիչներ են։ Վարչապետը նշել է, որ կառավարությունը միտված չէ անտեսել անարդարության ցասումն ու զգացմունքը, որն ի հայտ է եկել Ֆլոյդի սպանությունից հետո, սակայն հորդորել է որևէ գործողություն չկատարել ոստիկանության նկատմամբ։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան վերջին մի քանի տասնամյակներում մեծ հաջողություններ է գրանցել ռասիզմի դեմ պայքարում, սակայն դեռ դեպքերը շատ են։
Վարչապետը կոչ է արել նաև դադարեցնել ցույցերը, քանի որ այդ ամենն էականորեն վտանգավոր են կորոնավիրուսի համավարակի պայմաններում։Ջոնսոնը նաև հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ժողովրդավարական երկիր է, և եթե մարդիկ ցանկանում են փոփոխել քաղաքային կերպարը, կարող է ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն առաջադրել կամ էլ քվեարկել այն մարդու օգտին, որին ցանկանում են։