Լիլիթ Հարությունյան – «Արևի տունը»


Հավուց Թառի մասին շատ էի լսել: Այս քանի օրը փոքր ինչ վատառողջ էի, բայց հանուն նոր բարձունքի նվաճման, որտեղ դեռ չեմ եղել, ինքս ինձ ասացի. «Հավաքիր քեզ, դու գնալու ես»: Եվ ահա մայիսի 31-ին՝ գարնան վերջի օրը հավաքվեցինք ինչպես միշտ սբ. Երրորդություն եկեղեցու մոտ ժամը 9-ին: Ամեն ինչ տրամադրող էր`բարձր տրամադրություններս, ջինջ եղանակը, միայն արևն էր շատ կիզիչ, բայց դա էլ մեր որոշումից մեզ ետ չպահեց:


Մեր արշավականների խմբում կային և՛ մեծեր, և՛ փոքրեր: Սկզբում ուղևորվեցինք Գեղարդ: Գեղարդում շատ եմ եղել և միշտ էլ տարբեր կերպ եմ նրան ընկալել և հիացել գեղեցկությամբ: Հիացանք, գերվեցինք լսելով երգչախմբին, նկարվեցինք և ուղևորվեցինք դեպի Հավուց Թառ:


Գեղարդից փոքր ինչ հեռանալով, կանգնեցինք մի ճամփեզրում, որտեղից դեպի ձախ ճանապարհ կար, բայց ոտքի ճանապարհ: Մի փոքր ընդմիջեցինք, արևային քսուկներ քսեցինք, սուրճ խմեցինք, ջուր և ճանապարհ ընկանք: Ճանապարհը դեռ հանգիստ էր ընթանում, դեռ չգիտեինք գլխներիս գալիքը:  Այն երկար էր, խումբը պատրաստ, զինված: Անցանք քարերի, ձորերի, կանաչների վրայով,  հասանք գետի մոտ:  Ազատ գետից այն կողմ մեզ հույս էր տալիս սառնորակ ջրի վայելքը, քանի որ մեզ մոտ եղած ջրի պաշարը արդեն սպառվում էր, իսկ ճանապարհի մեծ մասը դեռ առջևում էր:  Հերոսաբար թռանք գետը մեր տղաների օգնությամբ, փոքր ինչ դադար տվեցինք և սկսվեց տանջանքը: Մեր անցած դժվարին ճանապարհը շատ նեղ էր և դժվարանցանելի: Ոտքդ մի փոքր դեպի աջ և դու կհայտնվես ուղիղ ձորում, անդունդում, իսկ դեպի ձախ տեղ չկար: Հողը կայուն չէր, ոտքերի տակ քարեր էին և դա էլ բավական չէր, ծառերն ու թփերը էլ ավելի էին փոքրացնում ճանապարհը և դրանով էլ դժվարացնում մեր անցուղին: Բայց մեր կամքը անկոտրում էր, ինչպես հայկյան բազուկը և Հավուց Թառը տեսնելու  մեր մեծ ցանկությունը դրա հետ միասին ուժ էր տալիս այդ անսասանին հաղթելու, հույս և հավատ էր ներշնչում: Մենք  սեբաստացիներ ենք, ովքեր դժվարությունների առջև կանգ չեն առնում և չեն խոնարհվում: Վերջապես հասա՜նք, երևաց Հավուց Թառը: Հեռվից այն փոքր կիսավեր, բայց հպարտ կանգնած համալիր էր, իսկ ներսից՝ հրաշք: Այո, հրաշք…ներս մտնելով տեսա նարնջագույն պատերը, որոնց նայելիս ժպիտս չկարողացա թաքցնել: Կարծես արևորդու շունչն ու գույնն էր հոսում պատերից: Արևազօծ, արևաթաթախ լույսի կացարանով զմայլվեցինք և ուղևորվեցինք դեպի Գառնի, որտեղ մեզ մեր երթուղայինն էր սպասում: Մյուս հրաշքը՝ Քարերի սիմֆոնիան էր: Դեպի Գառնի ճանապարհը մի փոքր թեթևացավ, որովհետև ավելի լայն էր և ոչ այնքան վտանգավոր: Անցանք ավազի վրայով, կրկին նեղ ճանապարհով: Այս անգամ ճանապարհը նույնպես դժվար էր, բայց արդեն տեսնում էինք Գառնին, այն շատ մոտ էր, մի քայլ էլ և կբռնեինք քարերի ելևէջները: Իջանք հաղթահարեցինք վերջին խոչընդոտը, որը Քարերի սիմֆոնիայի մոտ, կարմրավուն քարերով կառուցված կամուրջն էր: Ահա և վերջ, խմեցինք և մեզ հետ էլ վերցրեցինք Գառնիի սառը ջուրը և մի փոքրիկ բարձրունք էլ վերջին ուժերով ելանք, որտեղ մեզ էր սպասում մեր երթուղայինը: Նստեցինք այն և ուղիղ Երևան: Գառնիից շարժվելիս օրը պայծառ էր, իսկ ահա Երևան վերադառնալիս օրը սկսեց ամպերով լցվել, մթնել, տեղ-տեղ անձրև գալ, բայց երբ հասանք Երևան այդ ամենն արդեն վերջացել էր և կրկին արևը մեզ ժպտում էր: Ահա և վերջ, որ պատմեմ՝ կպատմեմ, քանի որ նոր եմ սկսել և տպավորություններս էլ գնալով մակնթացության պես ծածկում են հիշողությունս ու  նորանոր բաներ հիշացնում:


Ինչ արած, իմ սիրելի ընթերցող, ես ձեզ միայն մի բան կասեմ, այո, իհարկե ճանապարհը շատ դժվար էր, կարծես անհաղթահարելի ու վտանգներով լի, բայց եթե դու այնտեղ չես եղել, ապա ճիշտ ժամանակն է այնտեղ գնալու: Հավաստիացնում եմ,  չես փոշմանի, անգամ վերջում կասես՝ շնարհակալ եմ: Ահա և վերջ, առա՛յժմ վերջ, քանի որ առջևում բարձրունքները դեռ շատ են:


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ