Լիլի Մկրտչյան – «Այսօրվա «ճշմարտությունը»»

Երբ աշակերտ էի, տուն գալուց ու լվացվելուց հետո առաջին հերթին դասերս էի արագ-արագ անում ու նոր միայն անցնում մյուս անելիքներիս (էդ թվում՝ անգամ ճաշելը), որ խիղճս հանգիստ լինի․ կարծում էի՝ հակառակը թափթփվածություն է ուղղակի։ Ուսանողության տարիներին դաս անելու ժամը սկսում էր երեկոյան 7-ից հետո, բայց արդյունքը երբեք չէր տուժում։

Երբ աշակերտ էի ու տեսնում էի, թե ինչպես է իմ ծանոթ ուսանող տղաներից մեկը միշտ ականջակալներով դաս անում՝ բարձր երաժշտություն լսելով, կարծում էի, թե իրականում էդպես հնարավոր չի որևէ բանի վրա կենտրոնանալ, ու իր մեթոդով սովորածը ակնթարթային գիտելիք կլինի, որը վաղը կմոռացվի։ Համալսարանի ընդունելության քննություններից սկսած՝ ամբողջ ուսանողությունս, հետո՝ նաև աշխատանքային օրերս լի են երաժշտությամբ։ Հենց որ պիտի բոլորից կտրվեմ ու կենտրոնանամ գործիս/դասիս վրա, ականջակալներս դնում եմ խորանում գործիս մեջ։ Ստացած գիտելիքն ու վերջնարդյունքը դրանից ոչ մի անգամ չեն տուժել։

Էս փոքրիկ պատմությունն էն օրինակն է, որով կարելի է պարզագույն կերպով տեսնել՝ որքան սխալ կարող են լինել կողքից կատարվող մեր եզրահանգումները այն իրավիճակների վերաբերյալ, որոնցում չենք ու չենք եղել, չենք փորձել գուցե։ Որքան տարբեր կարող է լինել մեր այսօրվա «ճշմարտությունը» երեկվանից, եթե մենք չենք կառչում մի կարծրացած տեսանկյունից, եթե այլ իրավիճակներ ու այլ մոտեցումներ ևս ունակ ենք ընդունել, ու ի վերջո, եթե ինքներս այլ վարքագիծ ենք դրսևորում։

Փորձենք շատ խիստ չսահմանափակել մեզ էն ճշմարտություններով, որոնք գուցե մեկն են հնարավոր մի քանիսից։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ