Լիլի Մկրտչյան – «Փորձիր էնպես ապրել, որ չարդարանաս»

Փորձիր էնպես ապրել, որ չարդարանաս։ Սրա համար երկու հիմք պետք է ապահովել՝ քեզանից կախվածն անել ճիշտ, ազնիվ ու պատասխանատու կերպով և հնարավորինս խուսափել քեզ անհիմն դատող մարդկանցից։
Առաջինը հեշտ է, լուրջ․ ուղղակի շուտ ես արթնանում ու էլ չես ուշանում, աշխատանքդ անում ես խղճով ու մինչև վերջ, մարդկանց չես խաբում, տեսակետերդ հիմնավորում ես, արարքներդ՝ կշռադատում։
Երկրորդն ավելի բարդ է։ Պիտի զտես, ֆիլտրես էն բացասականը, որ քեզ ստիպում է, իսկ ավելի կոնկրետ՝ պարտադրում է մեղավոր զգալ, ու ազատվել էդ բացասականից։ Կլինեն մարդիկ, որոնք մշտապես դժգոհ կլինեն քո ամենահասարակ ցանկություններից ու սովորություններից, սիրելի հագուստից ու ոճից, նախընտրած երաժշտությունից ու ընտրած ընկերներից։ Էստեղ կարևոր է հիշել, որ քո մեղքը չկա դիմացինի ակնկալած կերպարին չհամապատասխանելու մեջ։ Կներեք, որ ձեր քանոններով չենք գծվել, ձեր գծած շրջանակից դուրս գալու, թեկուզ մի քիչ էլ կավիճոտվելու ցանկություն ունենք, կներեք, որ ուզում ենք մեր դատողություններով ու պատկերացումներով ապրել։ Կներեք, որ դուք չեք մեր խիղճը, մեր ներքին ձայնը, մեր որոշումների պատասխանատուն, մեր մարմնում ապրողը։ Կներեք, բայց ներել-չներելուց անկախ՝ մի քիչ հեռու կանգնեք, հա՞։
Մարդիկ ջան, մի թունավորեք ձեր կյանքը ձեզ մշտապես կաշկանդող, սահմափակող, դատապարտող, անբովանդակ քննադատող մարդկանցով։ Ճիշտ ու ազնիվ ապրեք, մնացածը թող ոչ ոքի չհետաքրքրի ու չզբաղեցնի։ Ձեզ համար ապրեք, ոնց ապրել եք մինչ նրանց հանդիպելն ու պարտավորված մի զգացեք համապատասխանելու նրանց սահմանած միլիմետրերին։
Ասել կուզեմ՝ դուխով ձեր կյանքով ապրեք։ Հենց էդպես պարզ ու հակիրճ։
Լավ օր բոլորիս։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ