
Եղրևանի (լատ.՝ Syringa), յասաման, լելակ, ձիթազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ծառերի ցեղ։
Հայտնի է մոտ 30, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ եղրևանի սովորական (Syringa vulgaris) և եղրևանի պարսկական (Syringa persica)՝ բազմաթիվ սորտերով։ Աճեցվում է տնամերձ պարտեզներում։
Սովորական եղրևանի
5-7 մետր բարձրությամբ գեղեցիկ, տերևաթափ խոշոր բույս է։ Ունի դեղնամոխրավուն կամ ձիթականաչավուն մերկ ընձյուղներ։ Ճյուղերը ծածկված են մոխրագույն, հարթ կեղևով։
Ունի 5-12 սմ երկարությամբ և 4-9 սմ լայնությամբ հասարակ տերևներ, ձվաձևից մինչև սրտաձև, փայլուն, մուգ կանաչ։ Բրգաձև հուրաններում են հավաքված ծաղիկները, որոնք առաջանում են գագաթային ընձյուղների վրա, ունեն 10-26 սմ երկարություն։ Յուրաքանչյուր հուրանում հավաքված են 100-ից մինչև 400-ծաղիկ։ Հանդիպում են մուգ մանուշակագույն, սպիտակ, վարդագույն կամ այլ գույնի ծաղիկներ։ Լիաթերթիկ ծաղիկ ունեցող սորտերը բարձր են գնահատվում։
Պտուղը տուփիկ է, որը հասունանալիս բացվում է։ Սերմերը մանր են։ Պատկանում է ձիթազգիների ընտանիքին։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին և ողջ ձմռան ընթացքում մնում է թփի վրա։
Եղրևանու հայրենիքը կարպատյան շրջանն է, Բալկանյան թերակղզու լեռները, Հունգարիան, Ռումինիան, Հարավսլավիան, Բուլղարիան, Հունաստանը։ Հայաստան է ներմուծվել անհիշելի վաղ ժամանակներից և լայնորեն օգտագործվում է որպես դեկորատիվ ծաղկային տեսակ։
Պահանջկոտ է հողի նկատմամբ, լուսասեր է, խոնավասեր, ցրտադիմացկուն։ Թարմ ծաղիկներից ստանում են եթերային յուղեր (0.1-0.2%), որն օգտագործում են օծանելիքի արտադրության մեջ։ Աշխարհում հայտնի են եղրևանու ավելի քան 350 տեսակ։
Պարսկական եղրևանի
Թուփ է՝ մինչև 3 մ բարձրությամբ, նուրբ, ուղղաձիգ կամ աղեղնաձև թեքված մոխրադարչնագույն ճյուղերով։ Միամյա շիվերը անկյունավոր են, խոնարհված, մերկ կամ գեղձամազմզուկապատ, ծածկված ոսպնյակներով։ Բողբոջները ձվաձև են, սրածայր։ Տերևները նշտարաձևից մինչև ձվաձև-նշտարաձև են, 3-6 սմ երկարությամբ և 1-3 սմ լայնությամբ, աստիճանաբար սրվող գագաթով և հիմքով, երբեմն նույն բույսի վրա կան ամբողջական և փետրակտրտված տերևներ, բարակ են, ամուր, մերկ, ներքևի կողմից լավ արտահայտված ջղերով։ Կոթունները բարակ են, 1-1,3 սմ երկարությամբ։ Ծաղկաբույլերը բազմածաղիկ են, 5-10 սմ երկարությամբ և 5-7 սմ լայնությամբ, ձվաձև, ճյուղավորված, նուրբ առանցքներով։ Ծաղիկները բուրումնավետ են։ Բաժակը զանգականման է, քառատամ, մերկ։ Պսակի խողովակը գլանաձև է, ձվաձև կամ ձվաձև-նշտարանման պսակաթերթիկներով, կապտակարմիր են և վարդագույն կապտակարմիր։ Տուփիկը քառանկյուն է, հարթ, մերկ, գորշաշիկավուն։ Բաժակը պտուղների վրա մնում է հաճախ կիսված վիճակում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին (սովորական եղրևանուց մի քանի օր ուշ)։ Պտուղները հասունանում են հուլիս-օգոստոսին։
Երաշտադիմացկուն է և ցրտադիմացկուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Մեր հանրապետության տարածքում հաճախ է հանդիպում, ամենուրեք ձմեռնադիմացկուն է և աչքի է ընկնում դեկորատիվ բարձր առանձնահատկություններով։
Տարածված է Կասպից ծովի հարավարևմտյան շրջաններում (Լենքորան)։ Անհիշելի ժամանակներից մշակվում է Պարսկաստանում, Հնդկաստանում, Հայաստանում:
Եղրևանիների կիրառություն
Թարմ ծաղիկները պարունակում են եթերայուղեր (կիրառում են օծանելիքի արտադրության մեջ)։ Եղրևանին օգտագործում են գեղազարդիչ տարբեր ձևավորումներում, նաև կտրած ծաղիկներ ունենալու և վաղ ծաղկեցման համար։
Երևանի բուսաբանական այգում ստեղծվել է եղրևանու տեսակային և սորտային հարուստ հավաքածու (ավելի քան 70 անուն)։