
Նամակ, որ երբեք չի կարդացվի հասցեատիրոջ կողմից, նամակ, որ երբեք չի ջերմացնի խրամատում կանգնած հայորդուն։
Այսօր դեկտեմբերի 15-ն է։Այդ չարաբաստիկ օրից անցել է շուրջ 9 ամիս,սակայն ես չեմ դադարում նամակներ հղել քեզ։Գրել և ապա պատռել կամ սեղմելով կրծքիս կարոտե լիճ գոյացնել շուրջս։Քառօրյա պատերազմը,անշուշտ,փոխեց բոլորիս՝ անխտիր բոլորիս…
Երբ դու գնացիր, խոստանալով ետ գալ,ես գոհության աղոթքներով պարուրեցի շուրթերս՝ծածկելով ճանապարհդ։ Հիշում եմ փառահեղ ժպիտդ,երբ խոսում էիր բանակ գնալու,հայրենիքը պաշտպանելու մասին,ժպտուն աչքերիդ շողացող փայլը, մտքիդ թռիչքը,ամեն ինչ…Ա՜խ ես այդպես էլ չսովորեցի քո մասին խոսել անցյալով…
Անցել է շուրջ 9 ամիս ,իմ կյանքի ամենաերկար 9 ամիսները։ Գիտես ես սպասում էի. նույնիսկ հիմս ես սպասում եմ քեզ… Ասում են, մարդիկ մահանում են այն ժամանակ, երբ նրանց մոռանում են,սակայն ես քեզ չեմ մոռացել, նույնիսկ հիմա,երբ քո հավերժական տունը դարձել է հողաթումբը։Ես սպասում եմ,որ մի օր կհայտնվես՝ անդրանիկ ժպիտդ դեմքիդ, և, գուցե, այդ ժամ նամակներս զուր թանաք վերջացնելու և դատարկությունս պակասեցնելու հսմար չեն գրվի։Նույնիսկ,հիմա, այս նամակը գրելիս,աչքերիս առջև քո պատկերն է,խաղաղասեր հայացքդ,բարի ու հուսադրող ժպիտդ…Աչքերս անթարթ եմ պահում,որ հանկարծ ևս մեկ անգամ չկորցնեմ կարոտած դեմքդ,որ երկար վայելեմ քո հոգեղեն ներկայությունը։Երբ մտածում եմ թշնամու վայրագության մասին,ակամա բարյացկամ հայացքդ սարսուռ է ներարկում մարմնիս,ու փափագում եմ գոռալ մահվանդ ցավը <<չսգալու>> պատճառով, իմ տկար միտքը և դյուրազգաց սիրտը անզոր է տանելու դառը իրականության ոտնակոխ և դաժան հարվածները։Մի՞թե մի օր իմ տկար սիրտը ուժ կունենա խոսել քո մասին անցյալով…Եթե իմանայիր որքա՜ն եմ ես կարոտել հասկացող սրտիդ ու մտքիդ խորհուրդները,ջերմ հայացքները, և մի՞թե մահու չափ սարսափելի չէ պատկերացնել դրանց ավարտը. ավարտ, որը եկավ այն ժամանակ, երբ անգամ սկզբի շեփորները չէին հնչել…
Յուրաքանչյուր անպատասխան նամակ դող է հարուցում սրտիս,մթագնում ուղեղս և ջարդում հույսս, մի՞թե քրիստոնեական հավատս մահից անզոր գտնվեց,մի՞թե աղոթքներս պաշտպանիչ վահան չդարձան քեզ համար։Երկար եմ մտածել, թե ի՞նչ կլիներ ինձ հետ,թե գեթ մի անգամ, մեկ րոպեով հայտնվեիր իմ դիմաց…Գուցե խոսեի՞ կամ գուցե մինչ օրս դեպի սիրտս հոսող կարոտե լիճը դուրս պոռթկար և հեղեղեր մեր շուրջը…Չէ՜, ես չէի խոսի,չէի էլ արտասվի,այլ սառած հայացքս դեմքիդ հառած կփարվեի գեթ մեկ րոպեով բաբախող սրտիդ՝ նրան շունչ և ուժ տալու համար,կորսայի դեմքիդ և մարմնիդ յուրաքանչյուր միմիկան,շարժումը,իսկ խորհրդավոր և տակավին մեռելային լռությունը կխոսեր մեր փոխարեն։Իսկ,գուցե,ինձ հետ դու այլևս չվերադառնայիր այնտեղ,որտեղ բանտարկեց քեզ թշնամին։Ես հարգում եմ քո ցանկացած որոշումը,ինչքան էլ թանկ վճարեցիր նրա համար և որքա՜ն էլ մահացու էր այն ինձ համար։Իսկ մի՞թե դա քո կամքն էր,մի՞թե քո կամքը դարավոր վայրագին հաղթելը չէր,այդ արդար կամքը,որ հղացել է Գևորգների,Վարդանների մտքում։Դու նրանց նման փառքով ընկար։Որքան էլ սպասում և որքան էլ հավատում եմ վերադարձիդ,բայցևայնպես հասկանում եմ,որ դա անհնարին է. ա՜խ մարդկային հոգու տկարություն…Ինձ փարատում է այն համոզումը,որ ես հիմա նայում եմ այն լուսնին,որին դու ես նայել քո ծով աչքերով,որ ինձ ջերմացնում է այն արևը,որւ շողերը հպվել են քո նուրբ ու անձեռնակերտ մարմնին,որ ես շնչում եմ այն օդը,որը մի ժամանակ ապրելու հնար է եղել քեզ համար,որ ես ապրում եմ այն հողում,որի համար կյանքդ ես զոհել…
Ես ապրում եմ… Ապրում քեզ հետ,բայց առանց քեզ, ապրում քեզանով ,բայց առանց տեսնելու քեզ։Մարդիկ ասում են հոգին ապրում է հավերժ,վաղանցիկ մարմնում,ես այսժամ նոր հասկանում եմ այդ խոսքերի իմաստը, հասկանում եմ,թե ինչու՞ է,որ քեզ զգում եմ տակավին նույն ա՛յն ուժգնությամբ,ինչ առաջ, ուղղակւ չեմ տեսնում քեզ…Դու ինձ հետ ես,դու՜, այն մարդը, ով հերոսի փառքով ընկավ 3մլն մարդու համար, սակայն այդ 3 մլն-ից նա ինձ հետ է, ես հպարտ եմ ,գուցե , կնոջ փառասիրությունն է ,որ ինձ հպարտ կեցվածք է տալիս ,քո մասին խոսելիս,բայց միևնույն ժամանակ ցավն ու կորուստը կործանում են իմ հոգեկան անդորրը…Ու ես չեմ հասկանում՝ ապրում եմ կործանվելով, թե՝ կործանվում ապրելով…
Ժամանակն անցնում է, և ես չեմ էլ հասկանում,թե քանի էջ դժբախտացրի և սևացրի իմ հոգու փոթորկությամբ։ Ա՜խ, ցավոք, այս նամակս էլ կմնա անպատասխան, այս նամակս էլ քեզ չի հասնի,այս նամակս էլ դու չես կարդա,իսկ հոգիս երբեք չի գտնի իր խաղաղությունը։
Սակայն , ես դեռ սպասում եմ քեզ զինվորս…։
***
Նրա հայացքը հառնել էր հեռու,
Հեռու հայրենի խրամատներից,
Իսկ հոգու խորքում մի բան էր կրկնում
Երանի լինեմ ես Նրա կողքին…
Թշնամին էր կրակում հեռվից
Ռումբի պայթյունից գետինը դողում,
Նա անկոտրուն սպասում էր մարտին,
Բայց հոգու խորքում Նրան կարոտում։
-Տեր Աստված փրկի՛ր,փրկի՛ր իմ կեսին,-
Ասում էր աղջիկը անքուն գիշերում
Աղոթքը շուրթերին լուսացնում կրկին,
Աչքերը միայն հեռուն էին տեսնում։
Պատերազմում էր թշնամին ասկյալ,
Կռիվը՝ ավելի էր թեժանում
Խրամատում կանգնած հայորդին
Աղոթքը շուրթին պայքարում մարտում։
Լսվեց ռումբի պայթյունը կրկին
Մի պահ լռությունը պատեց
Խրամատում կանգնած հայորդին
Արնաշաղախ գետինը գրկեց…
Իրիկնամուտ էր, աստղեր չկային
Միայն լուսինն էր սգում վերևից,
Արնաքամ ընկած մենակ հայորդին
Սառած շուրթերով երգում էր կամաց։
Վերջին նոտաներն էին լսվում իր երգի
Մեղեդին դանդաղ հոգուն ուղեկցում,
Արցունքն աչքերին մեռնող հայորդին
Կարոտի վերջին ճիչն էր արձակում։
Վերջին նոտան էր, երգը ավարտվեց
Մեղեդու հետ հոգին մարմինը լքեց,
Վերջին արցունքը կաթաց շուրթերին,
Հայորդին մեռավ կարոտը սրտին…
Եվ հենց այդ պահին մի ահեղ զանգից
Աղջիկը տեղից վայր թռչեց հանկարծ
Վախեցած իր իսկ սպասված զանգից
Նա վերձրեց ու սառեց միանգամից։
Սիրելիի ձայնի փոխարեն մի կոպիտ ձայն
Ահեղ գոչյունով և ծանրությամբ
Ազդարարեց մի նոր սկիզբ
Առանց գալիք և աններկա։
Ահեղ ձայնը դողալով հայտնեց
Հայորդու սխրանքի մասին
Արցունքե լիճը միանվագ հոսեց
Աղջկա սրտից, աչքերից կրկին։
Ժամացույցը դադարեց աշխատել
Պարուրելով աղջկան լռությամբ նենգ
-Հերոս,Հերոս, ախր հերոս չեմ ուզել,-
Կրկնում էր միայն աղջկա հոգին։
Կարոտից ծնված արցունքե լիճը
Հոսում էր անսպառ լռության ներքո,
Իսկ հոգու խորքում անբառ ճեղքվածքները
Լցվում էին կարոտի այդ աղի լճով:
-Տե՛ր Աստված, չկա՛, չկա՛ իմ կեսը,-
Ասում էր աղջիկը մռայլ գիշերում,
-Աղոթքս Աստված քեզ չի հասել միթե՞,-
Կրկնում էր նա անզգայանալով։
-Նա կռվի դաշտում հերոս դարձավ,
Սակայն ինձ հերոս պետք չէր Տե՛ր,
Թող նրան ասեին.դավաճա՛ն, անբա՛ն,
Բայց նա իմ կողքին երջանիկ ապրեր։
Ապրե՜ր Տե՛ր, և ոչ մահանար
Չբոլորած կյանքի 18 գարունը,
Ախր ինչպե՞ս, ինչպե՞ս իր մասին
Արդեն անցյալով շեշտեմ գոյությունը…
Հայացքը սառած հառնել էր հեռու,
Հեռու հայրենի խրամատներից,
Իսկ հոգու խորքում մի բան էր կրկնում,
Նա մնաց մենակ, հեռու ինձանից…
***
Ինչ-որ մի կարոտ օդում կախված մնաց… անավարտ մնաց ու չասված ։ Ինչ-որ սեր հեռու հեռվում կիսատ մնաց, ասես երբեք էլ չէր եղել։ Գուցե երևակայություն էր? Հորինված էր աչքերը քո, կամ ձայնը, հանդիպումը, ամեն ինչ… Սահմանագծի երկայնքը անծայրածիր տիեզերք դարձավ, որ անդունդի պես խրվեց սրտումս, ինչ-որ մի տեղ ես կորցրի իմ Զինվորին։ Գուցե չկար? Գուցե ես սպասման երդում չէի տվել?… Աչքերս նայում են հեռուն , իսկ սրտումս ինչ-որ չասված սեր հանգիստ չի տալիս։ Փորձում եմ հասկանալ, ես ունեցել եմ քեզ, թե երևակայությունս է հնարել քո պատկերն ու սիրտս ընտրել է քեզ ,որ հավերժ տանջվի… գուցե դա լոկ խաբկանք է ,որ ծնունդ է աներևույթ թվացող անվերջությունից,որ վերջավոր կյանքին իմաստ հաղորդի… իմաստ?? Բայց միթե տառապանքը իմաստ ունի?
Փողոցում քայլող մարդկանց բախված հայացքների նման անավարտ սեր կա, որ չունի սկիզբ, ավարտ, ընթացք, բայց կա ու նրա ներկայությունը դու զգում ես քո սրտում, ու զգում ես որ այդ սերը այն պլատոնական սիրո նման է հեռավոր, հոգևոր, ոչ մարմնական։ Ցանկություններիդ սահմանը տարանջատվում է ,երբ խոսում ես քո անավարտ սահմանային սիրո մասին…
Ես զինվոր ունեմ, ես սպասում եմ, կրկնում է սիրտս, բայց փորձում եմ գտնել նրան ,իսկ նա չկա, հորինված է, նկարված իմ իսկ պատկերացման մեջ։ Ինչ-որ մի տեղ իմ սերն ու կարոտը խառնվում են իրար, երևի թե դիրքերում։ Ինչ-որ մի տեղ կարոտն ու սերը դառնում են անեծք ու թողնում իրենցից ծնող դատարկությունը։ Ինչ-որ մի տեղ սահմանի երկայնքով թափառում է իմ սերը, փնտրում է կարոտիս օբյեկտին, իսկ օբյեկտը չկա ու չկա… հորինված է…։