Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

Այսօր ես տեսա,  թե ինչպես են արևներն արցունքոտում երկիրը։ Ես այսօր տեսա,  որ թափանցիկ են իրականության պատերը։  Հիշողության տունը կաթիլաշատ էր գոյացող արևալացից…Վերջին շողերն անգամ բարություն էին խնդրում մարդկանցից, բայց մարդիկ վաղուց էին փակել արևին ուղղված սրտե դռները… Արևն արդեն անցանկալի հյուր էր դարձել, որովհետև ստվերոտ վարագույրը ընկնել էր մարդկանց հոգում ու փոթորիկ ստեղծել` ժխտելով արևի գոյությունը…
Կամ էլ այս կողմ,
Բայց չէ՞որ սերն ամենուր է… Արևն այսօր լաց եղավ `թրջելով մանուշակապատ հեքիաթներս. Ես նրանց բովանդակության մասին շատ եմ պատմել բնությանը։ Արևը լուսավորության խորհրդանիշն է եղել ու այդպես էլ պետք է լիներ,  բայց Արևը մեկ անգամ ևս պահմտոցի խաղաց `թաքստոց ընտրելով սրտիս բարությունը։ Երկար ժամանակ դուրս չեկավ, սպասում էր, որ Երկիրը մարդկանց հորդորի փնտրել…  Քաղաքի լռությունը սև համազգեստ էր հագել, իսկ գյուղերում դաշտերն էին սկսել մեղեդիացնել քամու հնչյունները… Տագնապն էր խոսում, հատուկ թույլատրագիր էր ստացել , բայց պայմանագրում նշված չէր, որ սրտերում էլ պիտի իր ներկայությունը զգացնել տար…
Ինչևէ…
Չգրված ու չխոսված կյանքի մասին էր ոսկեպատ օդի թրթռոցը…
Օդը գինով էր պատված…
Ախր …
Ինչ-որ մի տեղ կարդացել էի, Ինչ-որ մի տեղ հիշողությունս էր ասել, որ Աշունը խոստացել էր ինչ-որ մի ժամանակ «հանկարծաժամանակ» անել բոլորին … Կարծում եմ այս տարվա աշնան մասին էր խոսքը…  Ծառը հայրենիքն է, իսկ տերևները…Տերևները կյանքի գնով ընկան. Արև ու մի ամբողջ կյանք պարտք մնացինք։ Աշխարհը լռեց , բայց քարտեզները սկսեցին բարձրախոսել։ Արևը երբեք իր բողոքների մասին չի խոսել,  բայց քանի անգամ է մրսել ամպերի խորը զայրույթից… Պատուհանից լռությունն է գլորվում իսկ ես այդպես էլ չկարողացա այդ փոքրաչափը ձեռքերիս մեջ հավաքել. Արևն ինձ պատմել է մայրամուտների մասին , Հիմա նաև գիտեմ ,  որ տխրությունը լույսերի մեջ էլ է կուտակվում, բայց փայլը չի կորցնում, որովհետև շատ մարդիկ մի փոքրիկ շողով են լցնում իրենց երազանքները ,  և որ ամենակարևորն է` հավատում ն… Այսօր Արևը մի կերպ մարդկությունից թաքցրեց իր կարմրած աչքերը, որովհետև այսօր նա խոսել էր հերոսների հետ ու… Ու հիմա բոլոր օրերից տարբեր լույս է բերել սևակալ սրտերին` սիրո լույսը, հերոսների ժպիտը, կյանքը` հետագայի և մի փոքրիկ թուղթ , որտեղ շատերի խոսքերն էին տեղավորվել`« Ժպտացեք, որ մենք ձեզ ժպտանք, որ իմանանք , որ մեզանից հետո էլ մեր գործերը շարունակողներ կան… Ժպտացեք , որ երկինքը չանձրևի մեր անունից… Մի բողոքեք Արևի ջերմությունից, մենք փաթաթվել ենք նրա շողերին ու գալիս ենք, թեև երկիր հասնել չենք կարող ինչպես առաջ, բայց ամեն դեպքում մենք ձեզ տեսնում ենք…
Հիմա` ոչ պակաս, սիրո լազուրն ենք տեսնում ու մանուշակոտված աղոթքներ ենք լսում գեղեցկասիրտ արցունքներից, չկորցնենք ձեր հավատը, շարունակեք աղոթել…»
Իսկ հերոսներից մեկն այլ բան էր պատմել Արևին։ Նա ասել էր, որ իրենց մեզանից կրակոցը չի խլել, իրենք չեն խլվել, ուղղակի մի պահ աչքերն բացելուն պես հրեշտակներին են տեսել,  նա խնդրել էր որ ճանապարհը ցույց տան,  քանի որ մոլորվել էր աղոտ իրականության մեջ: Իրենք գնացին նրա հետ դեպի երկինք ։  Հիմա ավելի ապահով են ։ Իրենց կրակոցը չի խլել երկրից իրենք գնացել են խաղաղություն բերելու։ Ներեք իրեն, իրենց ու բոլորին…Սպասեք գալիք «մի օր»-ին… Եթե շատերն իմանային այս պատմությունը չէին մեղադրի եղանակներին, բայց այս աշունը գույներ խլեց` հոգու,  մտքի ու սիրո… Թեև նոր էին սկսել գունավորել սերը. Կտավների վրա անկանխատես կարկուտ երգվեց… Հիմա ուղղակի խորը լռության ելևէջներն են քաղվում. Պատերազմոտվել են հեքիաթներս…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ