Լիաննա Ստեփանյան – «Հյուսվել ես մեղքերի դողից»

Հյուսվել ես մեղքերի դողից,
Ու համոզել, որ աշխարհը դու ես, որում մկրտվել էի մի ժամանակ։
Հյուսքս սերն էր, իսկ դու` իմ կատարյալ ու անբաժան ցավանքը։
Հավատդ աշուն է ապրում,
Ես անձրևների մեջ շնչում եմ հևքդ` տևական.
Հիշողությունս էլ թավալվում է կաթիլներում,
Իսկ դու պնդում ես, որ այն մնացել է <<երեկ>> հիշեցնող նստարանին…
Հավատդ աշուն է ապրում,
սիրտս`դողում ուսիդ.
Թե քո վերջին մեղեդին եմ`
Կրիր ինձ դրսից,
Ներսում` մրսում եմ.
Սարսափելի մրսում եմ…
Հերթականի դեպքում`
Անցիր.
Թող անցնի ամենը մտքովդ,
Մտքումդ,
Ու ես դառնամ վերջին արտասվելիք բառը քո շուրթերից,
Որովհետև շուրթից շուրթ ընկնելիս ես աղճատվում եմ,
Ափեափ գալիս` ակամա…
Դու տերև առ տերև մակագրել ես ինձ, գալիք աշուններիդ մեջ,
Ես` սիրտ առ սիրտ վստահել քեզ.
Ու թե աշուն դառնամ հավատիդ չափ,
Կապրե՞ս ինձ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ