
Կարծես թողել ես քեզ իմ ձեռքերում,
Իմ մատների մեջ,ափերիս վրա,
Որ ինչ-որ մեկին գրկել ,փարվելիս,
Ես քո ջերմ գիրկը հիշեմ ակամա։
Դու թողեցիր քեզ շուրթերիս վրա,
Որ ամեն բառիս անունդ խառնեմ,
Որ ամեն ուրիշ անուն կանչելիս,
Ես քո կայծերով վերստին վառվեմ:
Դու քեզ թողել ես գիշերներում թաց,
Այգաբացներում՝ նուրբ ու եղյամոտ,
Որ աչքս փակեմ,կամ թե անեմ բաց,
Միայն քեզ գտնեմ իմ կոպերին մոտ։
Դու քեզ թողել ես իմ տողերի մեջ
Գրված-չգրված մտքերում բազում,
Որն այս աշխարհին ուզում եմ պատմել,
Համայն աշխարհով գոռալ եմ ուզում։
Դու քեզ թողել ես,թողել ես ինձ մոտ,
Միաժամանակ գնացել ինձնից,
Ինչպես արեւը,որ մտնում է մայր,
Բայց խոստանում իր ծագելը նորից։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0