
Ֆլամենկո պարը հոգու շարժումներն են, ֆլամենկո երաժշտությունը արտահայտում է սրտի գաղտնի զգացմունքները, իսկ ֆլամենկո երգը ներկայացնում է մի կյանքի պատմություն:
Ֆլամենկոն անվերջ բեմադրությունների թատրոն է՝ իր հավերժական թեմաներով: Յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր ժեստ արտահայտում է ինչ-որ զգացմունք: Ֆլամենկոյի օգնությամբ դու ճամփորդում ես հոգուդ խորքում, լսում ներքին ձայնդ:
Իսկական ֆլամենկոն պոեզիայի և արվեստի յուրօրինակ համադրություն է, զգացմունքային իմպրովիզացիա: Վառ, գրավիչ շարժումները անմոռանալի սպավորություն են թողնում հանդիսատեսի վրա, որի արտացոլումն էլ կարող ենք տեսնել գեղարվեստական և պատմական ստեղծագործություններում:
Այսօր ֆլամենկոյի «աշխարհի» շուրջ հետաքրքրությունն անընդհատ մեծանում է, քանի որ մարդիկ ճանապարհ են փնտրում՝ իրենց զգացմունքներն արտահայտելու, իսկ յուրաքանչյուրի կյանքի պատմությունը ինքնատիպ ու հետաքրքիր է:
Ֆլամենկո պարն ունի բարդության տարբեր աստիճաններ: Այս պարում ամենակարևորն է սովորել, ձեռք բերել «դուենդե»-ն: «Դուենդե» իսպաներեն նշանակում է «հոգի», «կախարդական շնորհ», «հմայք», «գրավչություն»:
Ֆեդերիկո Գարսիա Լորկան, ով իսպանացի պոետ և դրամադուրգ էր, հայտնի է դարձել նաև որպես երաժիշտ: Մի անգամ նա ականատես է լինում պարային մրցույթի և զարմացած պատմում է իր տպավորությունների մասին:
«Մի անգամ Խերես դե լա Ֆրոնտերա քաղաքի պարային մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է 80-ամյա մի կին՝ հաղթելով երիտասարդ, կրակոտ աղջիկներին: Այս ծեր կնոջ հաղթանակի գաղտնիքը նրանում էր, թե ինչպես էր բարձրացնում ձեռքերը, հետ գցում գլուխը և կրունկով խփում հարթակին: Երիտասարդ գեղեցկուհիների ժպիտներն ու կրակոտ հայացքները զիջեցին ծեր դուենդեին, որը հազիվ էր շարժում իր թևերը»: