
Այս պատմությունը Լեոյի մասին է, 44-օրյա պատերազմի մասնակից ու տարբեր հետաքրքրություններ ունեցող Լեոյի։
Լեոն ծնվել է 2000թ-ի հուլիսի 21-ին։
Մայրը պատմում է, որ շատ աշխույժ երեխա է եղել, անընդհատ վազվզոցի մեջ, սիրում էր մարդկանց բազմություն։ Մանկապարտեզ հաճախել է տատիկի հետ, առանց տրտնջալու։ 6 տարեկանը լրանալուն պես դպրոց է գնացել մայրիկի հետ։ Մայրիկի ձեռքը չէր բռնում, որպեսզի երեխաները չծիծաղեն, ասում էր «Մամ ես արդեն տղամարդ եմ, ձեռք բռնելն ամոթ է»։ Դպրոցում լավ է սովորել և դասերը գրեթե սովորած էր տուն գալիս դպրոցից, դասն էլ պատմում էր ուսուցչի պատմածով։ Ուսուցիչները սիրում էին Լեոյին, նա շատ համեստ ու հավասարակշռված երեխա էր։
Փոքր ժամանակ բոլորի հետ կարող էր ինչ-որ տեղ գնալ, թե ով էր ձեռքը բռնողը, իր համար միևնույն էր։
Ջրերի հետ խաղալ էր շատ սիրում, վազվզում էր անձրևից հետո ցեխաջրերի մեջ ու հրճվանքով բղավում.
«Լեոն չոփ-չոփ էնե»։
Կյանքով լեցուն էր Լեոն, արյունը եռում էր երակների մեջ, բոլորի հոգու հետ խաղում էր, շատը՝ պապիկի։ Պապիկին կարող էր շատ հեշտությամբ համոզել, երբ որևիցե բանի կարիք ունենար։
8-րդ դասարանից տեղափոխվել էր օլիմպիական հերթափոխի մարզական դպրոց, որպեսզի պարապմունքները համատեղեր դասերի հետ։
Մանկուց սիրում էր ֆուտբոլը, սիրում էր ֆիլմեր, շատ էր նայում «Բացահայտում» հաղորդումը և կենդանական աշխարհի հաղորդումներ։
8 տարեկանից հաճախել է ֆուտբոլի։ Ֆուտբոլը իր տարերքն էր։ Փոքրուց լսել է մարզիչների հորդորները, նկատողությունները խաղի վերաբերյալ, խորհուրդները, թե ինչպես պետք է խաղա։ Այդ ամենը նրան կյանքում շատ պետք եկան։ Լեոն միշտ խաղում էր թիմային ու միշտ ասում էր «Կարևորը գոլը չէ , որ ես խփեմ, այլ գեղեցիկ թիմային խաղը»։ Մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, Լեոյի խաղը նմանեցնում էր Ռոբենի խաղին։ Անընդհատ ասում էր. «Լեո՛, խաղի ժամանակ միշտ հիշիր Ռոբենին»։
Լեոն շատ ընկերասեր էր, ընկերների համար կյանքը չէր խնայի։ Երբեք որևիցե հարցով ընկերոջը չէր մերժում։
Ընկերներից մեկը, խոսելով նրա մասին ասում է.
«Լեոն, արդարություն էր սիրում, միշտ թույլերին օգնում էր, ոչ ոքի չէր կարողանում մերժել, անչափ բարի էր, մեր միջի խաղաղության աղավնին։ Ծառայելու ընթացքում էլ, անընդհատ պատմում էր, որ թույլերին ուժեղները ճնշում են, ու նա անըդհատ միջամտում էր, որ նման բաներ չլինի։ Ծառայությունից հետո, ավելի շատ էինք հպարտանում Լեոյով»։
Շատ էր սիրում բոլորի հետ կապ պահպանել՝ հարազատների, բարեկամների, նույնիսկ ընկերների բարեկամների։ Երբ եկել է բանակից, կարոտը սրտում եղբայրն է զորկոչվել բանակ։ Լեոյի մասին խոսելիս եղբայրն ասում է՝ իրար կարոտ մնացինք։
Բոլորին սիրում էր յուրօրինակ սիրով, բայց մայրն ուրիշ էր։ Մոր հետ կիսվում էր բոլոր հարցերով, նույնիսկ ընկերուհու վերաբերյալ ։ Տանեցիների մեջ խանդ էր առաջանում, թե «ինչքա՞ն մտերիմ եք մայր ու տղա»։
Եկավ ժամանակ, երբ Լեոն պետք է գնար հայրենիքին պարտքը տալու։
«Նրան մեծ շուքով ճանապարհեցինք ու գլուխներս բարձր սպասում էինք վերադարձին»-ասում է մայրը։
Սկզբում ծառայում էր Արմավիրում, հետո ծառայությունը շարունակեց Սանասարում (Կուբաթլու)։ Ծառայությունը շատ հանգիստ է անցել, մինչև 44-օրյա պատերազմի սկսվելը, այն մեծ մղձավանջ էր ամբողջ հայության համար։ Հոկտեմբերի 15-ին Լեոն վիրավորվեց, իսկ ծառայակից ընկերները զոհվեցին, որը խորը վերք թողեց Լեոյի սրտում։ Հոկտեմբերի 17-ին Լեոյին 10 օրով տուն ուղարկեցին մայրական խնամքի։ Այդ օրը ծնողների ամուսնության օրն էր ու մեծ նվեր էր, որ Լեոն ողջ-առողջ տուն եկավ։ Ճիշտ է, պատերազմը չէր վերջացել, բայց բոլորը գալիս էին աչքալուսանքի, չէ՞ որ Լեոն փրկվել, տուն է եկել։
Հետագայում ծառայությունը շարունակեց Գորիսում և հունվարի 15-ին վերջապես տուն վերադարձավ։ Աչքալուսանքին խնդրել է, որ երաժշտություն չլինի, քանի որ զոհված երեխաների մեջ թե՛ բարեկամներ էին, թե՛ բակի ընկերներ, թե՛ ծառայակից ընկերներ։ Հոգու խորքում Լեոն ինքն իրեն չէր ներում, չէ՞ որ ինքն էլ պիտի լիներ ընկերների հետ։ Հենց այս միտքն էլ անընդհատ նրան տանջում էր, ասում էր, որ ուզում է տղեքի մոտ գնա. այդպես էլ եղավ…
Զորացրվելուց հետո ծանոթացել էր ընկերուհու հետ, շատ անսպասելի են հանդիպել և նույն կերպ էլ բաժանվել։ Ընկերուհին խոսելով Լեոյի մասին, ասում է. «Լեոն իմ կյանքում փոխեց ամեն ինչ` և´ գալով, և´ գնալով: Լեոն չափազանց դրական էր, իր հետ ես ապահով էի և վստահ էի, որ նա առաջինն ու վերջինն է: Չեմ ուզում իր մասին անցյալով խոսել, բայց պարզ գիտակցում եմ` ոչինչ փոխել չեմ կսրող: Լեոն ուրիշ էր…»:
Հետո լիարժեք սկսեց մարզումները, ուզում էր դառնալ հայտնի ու հարգված ֆուտբոլիստ։ Նոր էր սկսել մարզումները, երբ մարզիչները նրան մտցրեցին խաղի մեջ, փորձելու համար։ Լեոն էլ գնահատելով մարզիչների արածը՝ պարապում էր 100%-ով։ Արդեն պայմանագիր էր կնքել Շիրակ ակումբի հետ և լիարժեք հանդիսանում էր ակումբի անդամ։ Ստացել էր իր առաջին աշխատավարձը, մի մասը տվել էր տատիկին՝ բուժման նպատակով։
Շատ ու շատ նպատակներ ուներ, շատ ու շատ երազանքներ, որոնք ափսո՜ս անկատար մնացին։ 2021թ. Սեպտեմբերի 5-ին, երբ տանից դուրս եկավ, ոչ ոք չգիտեր, որ Լեոյին վերջին անգամ են ողջ-առողջ տեսնում։
Ժամը 21։00-ին չարաբաստիկ զանգը եկել է, «շտապ հասեք վթար է եղել, Լեոն գտնվում է կոմայի մեջ` վիճակը ծանր է»։
Մի կերպ ճնշումը կարգավորելուց հետո Լեոյին տեղափոխել են Երևանի Էրեբունի ԲԿ։
Նյութը՝ Ելենա Հովհաննիսյան