Հայկական թագավորական հաց՝ Լավաշ

Աստղիկի և  Վահագնի հարսանիքին՝ Աստվածների հայր Արամազդը մի լավաշ է դնում հարսի ուսին : Փեսայի տուն գնալիս լավաշը ընկնում է Աստղիկի ուսից: Արամազդը  բարկանում է Աստղիկի վրա ու անիծելով ասում․

«Հացը գետնին ձգողը  չի կարող կին ու մայր դառնալ»։

Այդ միջադեպից հետո Աստղիկը և Վահագնը չեն ամուսնանում: Այդ օրվանից  հայոց ազգային սովորություններից է  նորահարսի ուսին լավաշ գցելը։ Այն նշանակում է, որ աղջիկը հացառատ կդարձնի այն օջախը, որտեղ հարս է գնում: Ինչպես նաև՝ հարսանեկան լավաշը պաշտպանում է «չար աչքից» ու ապահովում նորապսակների երջանկությունը: Նաև նորածիններին «չար աչքից» պահպանելու համար հաց են դնում կրծքին:

Խմորի եւ հացի հետ կապված հայերը ունեն մեծ արարողություններ: Հացը դանակով կտրել չի կարելի, միայն ձեռքով: Հացը կտրել նշանակում է, մարդուն բարեկեցությունից զրկել։ Մինչև հացն ուտելը ծերերը հացը մոտեցրել են իրենց ճակատներին:

Լավաշի խորհուրդը գալիս է դարերից՝ երջանկությունը աշխատանքի մեջ է, որի մասին պատմում է բոլորիս սիրելի «Նաղաշ» մուլտֆիլմում։ Այն  Նաղաշ անունով մի տղայի մասին է, ով ապրում է լավաշ թխող մոր հետ։ Նաղաշն էլ որոշում է գտնել իր աշխատանքը ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով՝ ճանապարհ է ընկնում։ Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով՝ Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում։ Վերադառնում է տուն, հողը մաքրում է քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում։

2014թ.-ի նոյեմբերին ոչ նյութական ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը հայկական լավաշ թխելու ավանդույթներն ընդգրկեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմած՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում։Հայկական կողմից  ներկայացրած հայտը, որը կոչվում էր «Լավաշ. Հայկական հացի նշանակությունը և արտաքին տեսքը` որպես մշակույթի դրսևորում», անցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայով սահմանված բոլոր ընթացակարգային փուլերը։

Լավաշը պատրաստելը մի ամբողջ արարողակարգ է։

Ալյուրից, գոլ ջրից և աղից պատրաստված խմորը հունցում են ու դնում տաք տեղ խմորման համար։ Որից  հետո խմորը բաժանում են 300-400 գրամանոց գնդերի, գրտնակով բացում,  օդի մեջ մի ձեռքից մյուսին գցելով՝ ձգում-բացում են, քաշում ձվաձև բարձիկի վրա՝ մարզկա, ռաֆաթա կամ բադադ, և կպցնում կավե թոնրի տաք պատերին։ Դրանից հետո այն թոնրից հանում են հատուկ հարմարանքով և․․․ Բարի ախորժակ ամենահամեղ հացն արդեն պատրաստ է։

Ծանոթացեք նաև լավաշի թխման արարողակարգին վիդեո տարբերակով։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ