Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է Վարդգես Քալանթարյանի «Կորած օրագիրը» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը։ Ֆիլմի գլխավոր կերպարներից մեկը Արթուրն է, որը կերպարանավորում է Հարություն Սարգսյանը։

Սկսենք «Կորած օրագիր» հեռուստասերիալից։ Ինչպե՞ս ստացաք նկարահանվելու առաջարկ։

Համացանցում հայտարարությունը տեսա, ու քանի որ համավարակ էր ու շփումները սահմանափակ էին քաստինգի առաջին փուլը եղավ տեսազանգով, առաջին փուլը անցա, հավանեցին ու կանչեցին հերթով բոլոր փուլերը անցա ու այդպես հեշտ ու արագ ստացվեց։ Նշեմ, որ կինոյում իմ առաջին դերն է։

Ֆիլմում կերպարանավորում եք Արթուրին։ Կա՞ նմանություն Արթուրի և Հարությունի միջև։

Երևի շատ քիչ…Օրինակ՝ կերպարը զբաղվում է բռնցքամարտով ու ես էլ այդ տարիքից մի քիչ փոքր տարիքում, երևի 3տարի փոքր, զբաղվել եմ բռնցքամարտով։ Այդքան շատ չեն նմանությունները։ Ինձ համար հետաքրքիր չէր լինի, եթե նմանությունները շատ լինեին, ստեղծագործելը շատ ավելի հետաքրքիր է ինձ համար։ Բայց սկզբում Հակոբի կերպարի համար եմ գնացել քաստինգի։

 

Առավել նախընտրում եք կինո՞ն, թե՞ թատրոնը։

Ասեմ, որ շատ տարբեր բաներ են, թե՛ զգացողությունները, թե՛ աշխատելու ոճը, թե՛ արդյունքը։ Բայց ինձ համար առաջինը թատրոնն է, սկզբում թատրոնով եմ զբաղվել, հետո առաջարկ ստացել նկարահանվելու ֆիլմում։

Կհիշե՞ք՝ երբ առաջին անգամ բեմ բարձրացաք։ Ի՞նչ դեր էր, ի՞նչ զգացողություններ ունեիք։

Առաջին անգամ բեմ բարձրացել եմ չորրորդ կուրսում՝ դիպլոմային աշխատանքի ժամանակ։ Բեմադրում էր մեր կուրսի ղեկավարը՝ Նարինե Գրիգորյանը։ Ժամանակակից գործ է, որը կաբարե ժանրով ենք բեմադրել ես Կոնֆերենսիան եմ եղել։

Զգացողությունները… Սկզբում չէի հավատում, որ կստացվի, որովհետև առաջինն էր, բայց ստացվեց ու իմ կարծիքով լավ ստացվեց ու կարողացա հաղթահարել։

 

Կա՞ մի կերպար, որին երազել եք կերպարանավորել։

Եղել է, բայց ուսանողական տարիներին, միշտ մտածում էի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունից Տիբալտի կերպարի մասին ու ինձ գրավում էր թրերով, վահաններով կռիվները, հին ոճը Տիբալտի կերպարում այս ամենը ինձ դուր էր գալիս , բայց միայն ուսանողական տարիներին, հիմա չէ։

 

Իսկ կերպար, որից կհրաժարվեք։

Երևի բացասական կերպարներ, բայց նայած, չգիտեմ երևի առաջարկ ստանամ, կարդամ, տեսնեմ ինչ կերպար է նոր ինչ-որ որոշում կկայացնեմ։ Բայց հիմնականում կողմ եմ դրական կերպարների։

 

Եթե ոչ դերասանի, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։

Գիտե՞ք ինձ մոտ էդպես միանգամից չի եղել դերասանի մասնագիտություն ընտրելը։ Մինչև թատերական ընդունվելը չեմ էլ որոշել ինչ մասնագիտություն ընտրել։ Պարզապես տանը, շրջապատում անընդհատ ասում էին «դերասան դարձիր» ու նմանատիպ բաներ, դպրոցը ավարտեցի որոշեցի գնալ թատերական ու հիմա համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել։

 

Դերասանի Ձեր իդեալը…

Ալ Պաչինո։

 

Խնդրում եմ պատմեք Ձեր մասին։ Բեմից այն կողմ ինչպիսի՞նն է Հարություն Սարգսյանը։

Դժվար է…(ծիծաղում է)

Շփվող, ընկերասեր, երևի աշխատասեր(ժպտում է) ։ Դժվարանում եմ ինչ-որ բաներ ասել, վատ կողմեր էլ ունեմ, լավ կողմեր էլ։

 

Ինչ-որ բան կավելացնե՞ք։

Կավելացնեմ… Կուզեի, որ մեր երկրում մի քիչ ավելի լուրջ մոտեցում տրվեր արվեստին, մշակույթին։ Ֆիլմերը ավելի լուրջ մոտեցմամբ նկարահանվեին, ավելի շատ աշխատանք տարվեր և ավելի պրոֆեսիոնալ արվեր այս ամենը։

Նաև կուզեի, որ մարդիկ, հատկապես երիտասարդները ավելի շատ հաճախեն թատրոն, որովհետև թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը։

Հարությունի հետ խոսեցինք նաև սիթքոմերի, դրանցում անընդհատ ցուցադրվող օնլայն խաղատների մասին։

Իհարկե սխալ է, իսկ խաղատների մասին… գիտեք ես կարծում եմ, որ դա յուրաքանչյուր անձի որոշումն է՝ խաղալ, թե ոչ։ Իսկ արմատախիլ անել ու վերացնել, իմ կարծիքով չի ստացվի, որովհետև դա մոլախոտի պես ողջ աշխարհում է տարածվել։ Պարզապես մարդ կարող է գնալ այնտեղ հետո որոշել, որ պիտի գնա կամ չգնա։ Ես միայն մեկ անգամ եմ խաղադրույք արել, փոքր տարիքում հազար դրամի խաղադրույք եմ արել ֆուտբոլում ու պարտվել, դրանից հետո երբեք չեմ արել։

 

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ