Իսպանիայի Թագավորություն

Իսպանիա, պաշտոնական անվանում՝ Իսպանիայի Թագավորություն , պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները: Արևմուտքում սահմանակից է Պորտուգալիային, հյուսիսում՝ Ֆրանսիային և Անդորրային, հարավում՝ Ջիբրալթարին: Ըստ պետական կառավարման՝ սահմանադրական միապետություն է։ Հյուսիսում և արևմուտքում Իսպանիայի ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում՝ միջերկրածովյան ջրերով։

Պաշտոնական լեզուներն են իսպաներենը , կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 030 109 մարդ է (2010)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան: Իսպանիան երկրորդ ամենամեծ երկիրն է Արևմտյան Եվրոպայում և Եվրոպական միության տարածքում և հինգերորդ խոշորագույն երկիրը Եվրոպայում:

Ժամանակակից Իսպանիան ժողովրդավարական կազմակերպված խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական միապետություն է։ Իսպանիան զարգացած երկիր է և 2015 թվականին ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն տնտեսությունների ցանկում զբաղեցնում էր 14-րդ հորիզոնականը: Իսպանիայի տնտեսության համար հիմնական խնդիրը դարձավ տնտեսական ճգնաժամը: Իսպանիան անդամակցում է Միավորված ազգերի կազմակերպությանը, ՆԱՏՕ-ին, ՏՀԶԿ-ին և ԱՀԿ-ին։

Անվանում

España անվանման «իսպաներեն» ու «իսպանական» ածանցումների ծագման վերաբերյալ կան մի քանի կարծիքներ։ Հռոմեական կայսրության կողմից տրված Հիսպանիա անվանումը կարող է սերել բանաստեղծների կողմից օգտագործվող Հեսպերիա տերմինից, քանի որ հույներիը Իտալիան անվանել են Հեսպերիա, որը հայերեն թարգմանաբար նշանակում է «արևմտյան երկիր» կամ «երկիր, որտեղ արևը մայր է մտնում», իսկ Իսպանիան, որն ավելի հեռու արևմուտքում էր գտնվում, անվանել են Հեսպերիա Ուլտիմա:

Անվանումը կարող է ունենալ նաև Կարթագենյան ծագում՝ Ի-Շպանիա, որը նշանակում է «նապաստակների երկիր» կամ «ծայրամաս», քանզի Իսպանիան գտնվում է Միջերկրական ծովի ծայրին։ Տարածաշրջանից պեղվել են նաև հռոմեական Հադրիանոս կայսեր ժամանակաշրջանի մետաղադրամներ, որոնց վրա պատկերված էր կնոջ կերպար, ոտքերի մոտ՝ ճագար: Կա նաև այլ բացատրություն España անվանման ծագման վերաբերյալ, ըստ որի` բասկերեն Էզպաննա նշանակում է «ծայրամաս» կամ «սահման». ևս մեկ հղում այն փաստին, որ Պիրենեյան թերակղզին գտնվում է Եվրոպայի հարավարևմտյան սահմանին:

Հումանիստ Անտոնիո դը Նեբրիխան առաջ քաշեց մեկ այլ վարկած, ըստ որի Հիսպանիա բառը ծագել է իբերերեն «Հիսպալիս» բառից, որը նշանակում է «քաղաք արևմտյան երկրում»։

Պատմություն

Ներկայիս Իսպանիայի ամենահին ճանաչված ազգերը եղել են կելտերը և իբերները։ Հռոմեական կայսրության կողմից Պիրենեյան թերակղզու մեծ դժվարությամբ զավթումից հետո այն դարձավ կայսրության շրջան և անվանվեց Հիսպանիա: Վաղ միջնադարում այն գտնվում էր գերմանական ցեղերի, հատկապես վեստգոթերի հպատակության ներքո, իսկ այնուհետև նվաճվեց մուսուլմանների կողմից: Երկարատև ու դժվար պայքարի արդյունքում (Ռեկոնկիստա) քրիստոնեական թագավորությունը, որը գտնվում էր թերակղզու հյուսիսում, մուսուլմաններին դուրս մղեց երկրից, որոնց վերջին մնացորդները դուրս մղվեցին Գրանադայից 1492 թվականին: Նույն թվականին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեցմԱերիկան։ Թագավորությունը բարգավաճեց և 16-րդ դարում և 17-րդ դարի սկզբներին դարձավ ամենահզորը Եվրոպայում։ 1899 թվականին Իսպանիան 20 միլիոն դոլարի դիմաց ԱՄՆ-ին զիջեց Գվատեմալան, Կուբան, Պուերտո Ռիկոն և Ֆիլիպինները:

Շարունակական պատերազմները և այլ խնդիրներ հանգեցրին թագավորության թուլացմանը։ 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայի ներխուժումն Իսպանիա քաոսի մեջ դրեց վերջինիս, անկախության համար մղվող պայքարը քայքայեց թագավորության մեծ մասը և երկիրը դրեց քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ 20-րդ դարում երկիրը տուժեց քաղաքացիական կործանարար պատերազմի պատճառով, և իշխանության եկավ ավտորիտար կառավարությունը, սակայն այն ավարտվեց նշանակալից տնտեսական աճով։ Ժողովրդավարությունը վերականգնվեց 1978 թվականին խորհրդարանական սահմանադրական իշխանության տեսքով։ 1986 թվականին Իսպանիան միացավ Եվրամիությանը, վերականգնեց մշակույթը և ունեցավ կայուն տնտեսական աճ։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ