Ուղղակի խտրականություն


Սա խտրականության առավել բացահայտ և տարածված տեսակն է։ Ուղղակի խտրականությունը ներառում է որոշում, գործողություն կամ անգործություն, որն ուղղված է կոնկրետ անձի կամ անձանց խմբի դեմ և որոնց արդյունքում անձը հայտնվում է նվազ բարենպաստ իրավիճակում այլ անձանց համեմատ։ Խտրականության այս տեսակի հիմնական հատկանիշն այն է, որ գործողությունը կամ անգործությունը ուղղված է կոնկրետ անձի կամ խմբի դեմ և ուղղակիորեն իրավական հետևանք է առաջացնում։


Անուղղակի խտրականություն


Անուղղակի խտրականությունը ուղղակի խտրականությունից տարբերվում է նրանով, որ կիրառվում է ոչ թե կոնկրետ անձի, այլ բոլորի նկատմամբ և տվյալ անձի նկատմամբ կիրառվում է առերևույթ չեզոք կերպով։ Անուղղակի խտրականություն կարող է համարվել օրենքը, քաղաքականությունը, պայմանը, գործողությունը, անգործությունը, պրակտիկան, որոնց կիրառման դեպքում կոնկրետ անձը կամ անձանց խումբը զրկվում է որոշակի իրավունքներից կամ արտոնություններից։


Ասոցացված խտրականություն


Ասոցացված (զուգորդված) խտրականությունը անձի նկատմամբ խտրական վերաբերմունք է, որը թեև ուղղված է տվյալ անձին, սակայն պայմանավորված է մեկ այլ անձին առնչվող պաշտպանված հատկանիշով։


Հետապնդում


«Հետապնդումը» անձի նկատմամբ ցանկացած անցանկալի վերաբերմունք է, որի արդյունքում նրա շուրջ ստեղծվում է կամ որի նպատակն է նրա շուրջ ստեղծել ոչ բարյացակամ, մերժողական, թշնամական, նվաստացուցիչ, վիրավորական միջավայր, որի արդյունքում նվաստացվում է անձի արժանապատվությունը պաշտպանված հատկանիշերից որևէ մեկով։ Նշված ձևակերպումից բխում է, որ դիտավորության առկայությունը կարևոր չէ։ Ավելին, կարևոր չէ, որ գործողությունները ուղղված լինեն տվյալ անձի նկատմամբ։ Ցանկացած դեպքում եթե անձը գտնում է, որ իր շուրջ ծավալված (թեկուզ և նրան չուղղված) անցանկալի վերաբերմունքից, զարգացումներից վիրավորվում է իր արժանապատվությունը, կամ նրա շուրջ ստեղծվում է վերը նկարագրված միջավայրը, նա կարող է պնդել, որ ենթարկվում է հետապնդման։ Այսինքն` հետապնդման օբյեկտիվ հատկանիշի շեմը շատ ցածր է, և պաշտպանության
միջոցի մեկնարկը անձի ընկալումն է։


Սեռական ոտնձգություն


Ի տարբերություն հետապնդման` սեռական ոտնձգությունը պետք է ուղղված լինի կոնկրետ անձի դեմ և կատարված լինի գենդերային հատկանիշով պաշտպանված հատկանիշի հիման վրա։ Սեռական ոտնձգությունը կարող է դրսևորվել խոսքով, ֆիզիկական եղանակով կամ գրավոր, որն ուղղված է կամ որի արդյունքում անձը կարող է վիրավորվել նվաստացված զգալ, ստորացվել կամ վախենալ։ Մեկ անգամ կատարված ակտը արդեն բավարար է սեռական ոտնձգություն պնդելու համար. անհրաժեշտ չէ, որ նման ակտը կրկնվի։


Հրահրում և դրդում


Խտրականության հրահրումը կամ դրդումն անձի կամ անձանց խմբի նկատմամբ խտրականության կամ նախապատվության դրսևորման հրահանգ է, ցուցում կամ կոչ։


Վիկտիմիզացիա


Վիկտիմիզացիան անձի նկատմամբ բացասական հետևանքներ առաջացնող գործողություն կամ անգործություն է, որը կատարվում է զուտ այն պատճառով, որ տվյալ անձն իր իրավունքները պաշտպանելիս դիմել է իրավական պաշտպանության որևէ միջոցի կամ ներկայացրել է խախտումների մասին տեղեկատվություն իրավասու պետական կամ այլ մարմինների՝ այդ թվում նաև խտրականության մասին։ Խտրականության նշված եղանակը հաճախ տեղի է ունենում աշխատատեղում։ ՀՀ իրավական համակարգում վիկտիմիզացիա հասկացությունը սահմանված չէ։ Դա էապես դժվարացնում է նման խախտման դեմ իրավական պաշտպանությունը։


Սեգերացիա


Սեգրեգացիան ցանկացած գործողություն է կամ անգործություն (այդ թվում՝ կառուցակարգ, պրակտիկա), որով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք առանձնացվում, տարբերակվում ու արդյունքում մեկուսացվում են այլ անձանցից` պաշտպանված հատկանիշներից որևէ մեկով։ Առավել հաճախ պատահում է ռասայական հիմքով սեգրեգացիա։ Սեգրեգացիան որպես կանոն ասոցացվում է ռասիզմի և ատելության խոսքի հետ։ Հետևաբար, հայցվորը կարող է օգտվել իրավական պաշտպանության այն եղանակներից, որոնք նախատեսված են ռասիզմի, ատելության խոսքի համար։


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ