Նառա Խաչատրյան – «Կարոտախտ»

Ո՞նց հաղթահարեմ այս մենությունը,

Որ սառեցնում է հոգիս,

Երբ կողքիս բոլորն են կանգնած…

Եվ ինչո՞վ լցնեմ այս լռությունը,

Որ քանդում սիրտս,

Հաղթում է մտքիս՝ աղմուկների մեջ ունկերս թողած…

Ես ինչպե՞ս գտնեմ իմ մեջ այնքան լույս,

Որ հաղթահարեմ՝ Բարի լինելու բնածին վախը,

Կեղծ բարևների, կեղծ ժպիտների,

Կեղծ արժեքների այս առուծախը,

Դողից խենթացող նյարդերի խաղը՝

Խենթությունից զուրկ առօրյայի մեջ,

Եվ արցունքները կոծկող ծիծաղը,

Որ դատարկ հոգու զնգոց է… ու վերջ։

Ես ինչո՞վ լցնեմ այս՝

Համացանցով խաբված կարոտի թողած դատարկը,

Որ կարոտախտը՝

Բոլոր ցավերից ամենամեծը և անհատա՜կը,

Կապույտ կարոտս սև չդարձնի…

Ու չհարցնի,  թե հավատու՞մ եմ

Որ տարածությունն անզոր գտնվեց

Մարդկային մտքի թռիչքների դեմ.

Ախր ես գիտեմ,

Որ սոցիալական բոլոր ցանցերում՝ խմբագրված ենք,

Մեր էջերում մենք մեր երազածն ենք,

Ու ֆիլտրած, ընտրած մեր նկարներով՝

Երազանքների պես՝ թվացյալ ենք…

Շուտ հարմարվելով անմեղ ստերին՝

Զանգի, նկարի, նամակների մեջ

Կորցնում ենք անվերջ

Այն ընկերներին,

Ովքեր հայացքը կարդալ գիտեին…

Ովքեր գիտեին՝ մեզ մեր դեմ բացել,

Հուսահատ սիրտը ջերմությամբ լցնել…

Մենք մոռանում ենք,

Որ սերը, միայն,

Տաք ձեռքերից է վառվում, արթնանում,

Իրար հանդիպող հայացքներից է

Մեզ կյանքով լցնում, երկինքներ տանում,

Որ մաշկի թողած բույրով է արբում,

Կտրվում հողից…

Սերն է պակասում,

Որ այս ցրտաշունչ քամիների մեջ չհանգչենք դողից…

Եվ ամենից շատ ինձ վախեցնում են՝

Մարդկանց աչքերում՝ իմ նույն վախերը,

Նույն դատարկ հոգու խուլ ծիծաղները,

Եվ անբուժելի այս կարոտախտը՝

Բուժված կարոտի մնացորդը խեղճ,

Անտարբերություն կոչվող այս ախտը՝

Խրված բոլորիս հայացքների մեջ։

Ինձ վախեցնում է՝

Սին արժեքներին ինքնակամ տրվող մեր էությունը,

Դատարկ խոսքերից երկինք բարձրացող,

Երկինքն ուրացող մեր թուլությունը,

Կյանքը ո՛չ թե ճիշտ,

Այլ հարմարավետ դարձնել փորձող մեր ծուլությունը,

Ուրիշի ցավին անտարբեր դարձած

Այս եսակենտրոն, բութ խլությունը…

Գուցե եկե՞լ է՝

Թեև հորինած, բայց այնքա՜ն արդի…

Նա…

Հարյուր տարվա՝ մե՜ր մենությունը…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ