Կարեն Շիրինյան – «ՍԻՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ»

ՍԻՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Ասում են՝ սիրո աչքերը ծով են՝
Խոր ու անհատակ,
Եվ որքան սուզվես ալիքների մեջ՝
Կանցնես ընդհատակ:
Ասում են՝ սիրո լեզուն ուրիշ է,
Այլ են բառերը,
Եվ սիրո բառերի մերձեցումից են
Ծնվում տաղերը:
Ասում են՝ սերը փոթորիկ է մի
Մարդկանց սրտերում,
Նրա գալուստով երկու զույգ սրտեր
Սիրով են ապրում:
Ասում են՝ սիրո արցունքները բյուր
Մարգարիտներ են դառնում շատ հաճախ,
Երբ շղթայվում են սրտի զարկերին,
Դրախտ են ստեղծում երկուսի համար:

***

ՀՈԳՈՒԴ ՊԱՐՏԵԶՈՒՄ

Տնակս լիներ հոգուդ պարտեզում,
Աղբյուրդ գայի,սափորս առած,
Տեսնեի,ո՜նց է լուսինը նայում
Քո հոգու ծովում աստղերը վառած:
Իմ տնակի մեջ իր բույնը հյուսեր
Քո մով երկնքի աղավնին ճերմակ,
Անհուն խնդությամբ երկինքն արտասվեր,
Ու ծիածանը լիներ մեզ վերմակ:
Երբեմն ես ինձ գտնելու համար
Ընկնում եմ մտքիս ծովերը հեռու,
Ու որոնելով,ընկած սարեսար
Ինձ գտնում խղճիս նվիրումներում:
Եվ գորովանքով նայում եմ ես ինձ,
Խղճիս եմ նայում ինձ հավատարիմ,
Որ միշտ արդար ու վեր է պահել
Կյանքի վեր ու վար իմ ճանապարհին:
Մեր հանդը գնամ իրիկնաժամին,
Երբ զեփյուռի պես մեղմանար քամին,
Շոյում է մարդուն,հոգին փայփայում,
Եվ վաղ լուսինն է ամոթխած նայում:
Կանգնեմ գյուղ եկող նախիրի առաջ,
Լսեմ կարոտի մայուն ու բառա՜չ,
Որ մանկությունն է իմ հանդից բերում,
Թողած հուշերիս չքնաղ եզերքում:

***

ՄԹՆԱՇԱՂԱԽ ԽՈՀԵՐ

Խանդավառ հոգիս ճախրանքների մեջ
Ճաք է տվել նռնենու նման,
Ափսոս,վայրէջքը շուտ է ավարտվել,
Դեռ հատիկնեը չհասունացած:
Էլ ի՞նչ խինդ,ծիծաղ կամ ուրախություն…
Հոգիս մոլագար տխրել է վաղուց,
Եվ թռիչքները էլ չեն ամոքում
Տարիների սպիները՝ հոգում կառչած:
Օրը դաժան է,կյանքը՝ ալեկոծ,
Մարդը՝ նավավար,ցավի օվկիանում,
Քարանձավները լռել են վաղուց,
Քարացել ինձ պես և չեն շշնջում:
Մտատանջ հոգուս խոր ճիրաններում,
Ուր մթապատ է շուրջը ամեն ինչ,
Մտքերս խավար ու սին են թվում,
Չկա ո՛չ երազ,ո՛չ խոհեր անբիծ:
Կուրացել եմ ես հոգետանս մեջ,
Մտքերս ունայն ուղի են փնտրում,
Ես քարացել եմ ցավերից անվերջ,
Հոգիս մոլորված մտորում է լուռ:
Խաբկանք է թվում կյանքը ամենքին,
Եվ ամենքն իրենց բախտից են դժգոհ…
Ո՛վ արդարություն,ցու՛յց տուր ինձ ուղի,
Եթե դու իրոք կաս այս աշխարհում:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ