
Ըստ պատմական փաստերի` Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը XVIII դարում: Այն պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին:
Ընդարձակ բակի կենտրոնում փոքրիկ ջրավազանն է, որի շուրջ ծառեր են, գեղեցիկ խնամված այգի: Դիմացը աղյուսակերտ քառանկյունի ընդարձակ շինություն է՝ բարձր մինարեթով և լայնանիստ գմբեթով, պատերի մի մասը պատած է երկնագույն հախճասալիկներով։ Մզկիթն ունի 3 մուտք, 2 փոքրերը՝ արևելյան ու արևմտյան կողմերում, իսկ մեծը՝ հարավային։ Բուն մզկիթը գտնվում է հարավային կողմում։ Այն բաղկացած է 3 կամարակապ դահլիճներից, որոնք կապված են իրար։ Միջին մասում գտնվող ամենաբարձր դահլիճի վրա բարձրանում է գմբեթը։ Բակի հյուսիսային կողմում գտնվում է փոքր աղոթարանը։
Այո, Կապույտ մզկիթը զուտ աղոթատուն չէ, այլ շատ ավելի մեծ ու կարևոր նշանակություն ունեցող հոգևոր, մշակութային կենտրոն, որտեղ իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ, գիտաժողովներ, կազմակերպվում են դասընթացներ:
Մահմեդական հոգևոր այս կառույցը միակն է, որ պահպանվել է խորհրդային աստվածամերժության տարիներին և պահպանվել է շնորհիվ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի: Նա ամեն ինչ արել է, որ մզկիթը դառնա Երևանի պատմության և բնության թանգարանի շենքը` դրանով իսկ փրկվելով անխուսափելի կործանումից:
Այս հիասքանչ կոթողը, որն իսկապես տարածաշրջանի մշակութային եզակի գոհարներից է, փաստորեն, իր վերածնունդն է ապրում նորանկախ Հայաստանում:
Նյութի աղբյուրը՝ ankakh.com