Ջրի դերը բույսի և հողի կյանքում


Ջուրը բույսի կյանքի անհրաժեշտ գործոն է և հողի բերրիության կարևոր տարր: Բույսի պահանջը ջրի նկատմամբ սկսվում է սերմի ծլման պահից և շարունակվում է մինչև լրիվ հասունացումը: Սերմերն սկսում են ծլել այն ժամանակ, երբ նրանք բավարար ջուր են կլանել և ուռչել:

Ուռչելու համար պահանջվող ջրի քանակը բույսերի մոտ տարբեր է և տատանվում է սերմի կշռի 25-ից մինչև 150%-ի սահմանում: Սերմերը խոնավություն ներծծում են իրենց ողջ մակերեսով: Աճի հետագա փուլերում բույսի պահանջը ջրի նկատմամբ մեծանում է: Ջուրն այն միջավայրն է, որտեղ լուծվում են բույսին անհրաժեշտ հողային սննդատարրերը:


Բացահայտված է, որ ֆոտոսինթեզի արագությունը կախված է տերևներում ջրի պարունակությունից: ֆոտոսինթեզն ամենից ակտիվ ընթանում է բույսի պահանջին համապատասխան քանակով տերևներում ջուր լինելու դեպքում: Բույսերի կողմից վեգետացիայի ընթացքում ծախսվող ջրի մեծագույն մասը գոլորշիանում է տերևների միջոցով:

Բույսերի համար ջուրը կատարում է հետևյալ հիմնական գործառույթները՝
– լուծում է հողում եղած հանքային սննդանյութերը և փոխադրում է արմատներից սաղարթի վերին մասերը, ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական ուղղությամբ,
– բույսերի վերերկրյա մասերում ստեղծված օրգանական նյութերը լուծում է իր մեջ և տեղափոխում դեպի արմատային համակարգ,
– ջուրը մտնում է բջջի պրոտոպլազմայի, կորիզի, պլաստիդների և բջջի պատերի մեջ ու կազմում է նրանց անհրաժեշտ, անբաժանելի մասը,
– մասնակցում և անհրաժեշտ պայմաններ է ստեղծում բջջի մեջ տեղի ունեցող  քիմիական գործընթացների հաջող կատարման համար:

Պտղատու բույսերն ամենից շատ ջուր են պահանջում գարնանը՝ ծաղկման և ամռանը՝ վեգետատիվ աճի, պտղալիցի, ծաղկաբողբոջների առաջացման շրջանում: Ամռան վերջում և աշնանը ջրի պահանջն աստիճանաբար պակասում է և հանգստի շրջանում այն համարյա աննշան է դառնում:


Ձեզ նույնպես կարող է դուր գալ