Ժորա Քոսակյան – «Բեմական անցում»

Այս տարին մեզ համար թատրոն բեմադրեց,
Դարձա ներկայացում,
Իսկ աթոռներիս լռություն գամվեց,
Անլեզու նստեց ճչացող հոգիս վերջին շարքերում
ու նայեց խաղին աշխարհի և իմ…
Աշխարհը խախտեց իր գրված դերի բոլոր մասերը
ու նոր բան խաղաց,
Իսկ ես …
«ես վատ դերասան եմ»,
Ինձնից իմպրովիզ անող դուրս չեկավ,
ես դերն ու բեմի խաղը թողեցի,
մի քայլ առաջ գալով` անկեղծ խոսել սկսեցի.
– Անձեռ, անոչինչ վզիցս բռնել ու քարշ է տալիս ժամանակն այսօր,
Ես այս տարվա աշունը դարձա,
որի դեղինը ոչ ոք չտեսավ
ու ոչ էլ տեսան տերևաթափս բնական կերպով,
Դե ինչ,
Ինձ նայեք.
կարմիր եմ ներկվել հետին պլանիս աշխարհի կողմից,
Ես վատ դերասան`
ինձ բեմ են հանել,
դեր են տվել մի (ան)պիտանի,
Ես իմ դերն այժմ փոխել եմ ուզում,
Եվ աշխարհի պես` թող իմ խաղից էլ հաճույք ստանաք,
«Ես վատ դերասան եմ»,
Խնդրում եմ ներեք…
Բայց կսովորեմ վարպետ աշխարհից,
Մի քանի նոր դեր երևի փորձեմ…
Փարոս կորցրած նավաստու նման խավարի միջից պրծնել եմ ուզում,
Գուլպա գործող ծեր տատի նման
օրերիս կծիկը ձևել եմ ուզում,
Սրբել եմ ուզում փոշոտված կյանքիս
դեռ նոր փոշոտման բողբոջը բացվող,
Հղկել եմ ուզում քարսիրտն աշխարհի,
որ խղճի քողից զրկվել է վաղուց…
Դե ինչ ավարտեմ խոսքս ու իջնեմ,
Աշխարհն իր խաղը թող շարունակի,
Ես դեռ նրանից պիտի սովորեմ,
Որ հաջորդ անգամ իմ դերը պատվով խաղալ իմանամ,
Իսկ այժմ կասեմ.
«Խնդրում եմ ներեք, վատ դերասան եմ»…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ