Ողջույն, ես Մազմանյան Հովհաննեսն եմ, բայց մտերիմների համար Ջոնը:

19 տարեկան եմ: Ծնվել եմ Հայաստանում, որոշ ժամանակ Ռուսաստանում եմ ապրել ու էլի հետ վերադարձել Հայաստան՝ Գյումրի:

Այժմ գտնվում եմ ծառայության մեջ: Ծառայությունն ինձ համար ինքս ինձ հետ անկեղծանալու, ինձ համար հայրենիք բառը որոշելու տեղ է։ 

Հայրենիքը տուն, 4 պատ, դուռ և պատուհան չէ, հայրենիքը սեր է , մեծ սեր, որը կապում է լիքը տարբեր մարդկանց: Բանակը նախնիների հետ կապվելու միջոց է: Երբ հասկանում ես, որ հենց այս հողի վրա լիքը քաջ հայեր են զոհվել, պատիվ է դառնում  բանակում ծառայելը, քանի որ այդ հողի վրա հիմա ես եմ ու ես նույնպես անհրաժեշտ պահին կարող եմ իրենց նման լինել, իրենց շարքերին դասվել։

Մասնագիտություն չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ: Ուզում եմ ամեն ինչ փորձել, չսահմանափակվել մեկ բանում։ Նկարում եմ, նվագում, հետաքրքրվում եմ ֆիզիկայով, մաթեմատիկայով, հոգեբանությամբ, նայենք ինչ կստացվի:

Ինձ ոգեշնչում են մարդիկ, ովքեր նայում են էնտեղ որտեղ ուրշների համար մութ է։ Ունեմ այդպիսի ընկերներ ու շատ եմ սիրում իրենց:

Ուզում եմ ստեղծագործություններս մարդկանց ստիպեն տեսնել էն, ինչ էս աշխարհի մոխրագույն փոշին ծածկել է:

Լուսանկարը Հովհաննես Մազմանյանի ինստագրամյան էջից

Ազատ ժամանակս աշխատում եմ լավ օգտագործել, իհարկե միշտ չէ, որ ստացվում է: Սիրում եմ լավ գրքեր կարդալ, լավ ֆիլմերի համար միշտ ազատ ժամանակ կգտնեմ, ընկերներ ունեմ որոնց հետ  ժամանակը շատ հաճելի է անցնում։

Սիրում եմ իմ քաղաքի փողոցները, որտեղ որ իմ կարծիքով հենց քաղաքն է։ Սիրում եմ քայլել քաղաքով, երեկոները Գյումրիում շատ հաճելի են, առավել ևս եթե սքեյթով ես:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ