Ջեկ Լոնդոն

Ջեկ Լոնդոնը ծնվել է 18876 թվականի հունվարի 12 -ին Կալիֆորնիայի նահանգի Սան Ֆրանցիսկոո քաղաքում:Իսկական անուն-ազգանունը՝ Ջոն Գրիֆիթ: Ծանր մանկություն է ունեցել. ստիպված թողել է ուսումը և աշխատել լրագրավաճառ, գործարանի բանվոր, նավաստի, լվացքատան արդուկող, հնոցապան։ Ապագա գրողը կրթվել է կյանքի համալսարանում, որն էլ հետագայում նրան օգնել է ներկայացնելու իրականության տարբեր բնագավառներ, կերտելու տարբեր խավերի մարդկանց համոզիչ կերպարներ։ 1897 թ-ին, երբ Ալյասկայում ոսկի է հայտնաբերվել, շատերի նման, «ոսկու տենդով» բռնված, հյուսիս է մեկնել նաև սկսնակ գրող Ջեկ Լոնդոնը։ Նրան այնտեղ հարստանալ չի հաջողվել, բայց փոխարենը ստեղծագործելու համար հարուստ նյութ է կուտակել։ 1899 թ-ից հրատարակել է պատմվածքներ, որոնք այնուհետև զետեղվել են «Գայլի որդին» (1900 թ.), «Նրա նախնիների աստվածը» (1901 թ.), Սառնամանիքի զավակները (1902 թ.) և այլ ժողովածուներում։ Հյուսիսի թեմայով են ստեղծվել նաև «Ձյուների դուստրը» (1902 թ.) վեպը, «Նախնիների կանչը» (1903 թ.) և «Սպիտակ ժանիք» (1906 թ.) վիպակները։ Սառցապատ, գերանակապ տներով բնակավայրեր, սարսափելի սառնամանիք, բևեռային երկար գիշերներ, վիճաբանություններ, որտեղ հաղթում է ամենաուժեղը, մահացու վտանգներով լի կյանք. այսպիսի պայմաններում էին ապրում ու մաքառում այս երկերի հերոսները՝ սպիտակամորթ ոսկեխույզներն ու բնիկ հնդկացիները։ Լոնդոնի հերոսները խիզախ անհատներ են, որոնց բնավորությունները ձևավորվում ու կոփվում են բնության արհավիրքների դեմ պայքարում։ Նրա այդ շրջանի գործերի գլխավոր թեման ոչ թե պայքարն էր ոսկու համար, այլ մարդու մեջ մարդկայինը, կյանքի նկատմամբ սերը պահելու ձգտումը։ Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է «Մարտին Իդեն» (1909 թ.) վեպը, որտեղ պատկերված է տաղանդավոր արվեստագետի ճակատագիրը նյութապաշտ իրականության մեջ։ Լոնդոնի երկերում կյանքի օրենքները դաժան են, բայց և արդարացի։ Դժբախտությունը վրա է հասնում այն ժամանակ, երբ մարդն անտեսում է այդ օրենքները, հարստանում ու դառնում է ագահ, ձգտում է՜լ ավելի հարըստանալու՝ ոտնահարելով ամեն ինչ։ Այդ թեման արծարծել է նաև «Ժամանակը չի սպասում» (1910 թ.), «Երկաթե կրունկ» (1912 թ.), «Լուսնի հովիտը» (1913 թ.), «Մեծ տան փոքրիկ տիրուհին» (1916 թ.) վեպերում։ Լոնդոնի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, մեծ մասն էկրանավորվել է։ Գրողի երկերը 12 հատորով լույս են տեսել նաև հայերեն՝ 1965–75 թթ-ին։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ