
Իտալական խոհանոցի ամենահամեղ, հագեցնող եւ, խոստովանենք՝ կալորիական ուտելիքներից մեկը լազանյան է: Լազանյան իտալական պաստաների՝ մակարոնեղենի տեսակներից մեկն է:
Պատրաստենք լազանյա 12-15 հոգու համար:
Բոլոնյեզ սոուսի համար
- 1 կգ աղացած միս
- 3 գլուխ սոխ
- 2-3 պճեղ սխտոր
- չորացրած կանաչիներ` ծիթրոն, անանուխ (նանա), ուրց (սրանք բոլորն էլ սուր հոտով համեմունքներ են, այնպես որ կարող եք օգտագործել միայն մեկը, որը ձեռքի տակ ունենաք)
- թարմ կանաչիներ
- աղ
- սեւ եւ կարմիր պղպեղ
- դարչին
- համեմի աղացած սերմ
- 0,5-1 բաժակ կարմիր գինի
- ձիթապտղի յուղ
- 8-10 հատ թարմ լոլիկ կամ 1 բանկա սեփական հյութի մեջ պահածոյացված, կեղեւահան արված լոլիկ:
Բեշամել սոուսի համար
- 50-100գ կարագ
- 3-4 ճաշի գդալ ալյուր
- 1 լիտր կաթ
- մշկընկույզ (мускатный орех)
Ինչպես նաև՝ 150-200 գրամ դեղին պանիր, լոլիկ, 200-250 գրամ չոր լազանյայի խմոր
Պատրաստման եղանակը
Բոլոնյեզ
Աղացած միսը քիչ ջրով եփել՝ պարբերաբար խառնելով: Երբ ջուրը քաշի, ավելացնել ձիթապտղի յուղը, կտրատած սոխը, սխտորը եւ համեմուքները, մի քանի րոպե տապակել` մինչեւ սոխը եփվի: Ապա ավելացնել լոլիկները (եթե թարմ են` կեղեւահանել, եթե պահածոյացված` հյութի հետ միասին), եփել այնքան, որ լոլիկները լուծվեն մսի մեջ: Ավելացնել կարմիր գինին: Նկատի ունեցեք, որ պետք է բավականաչափ ջրիկ լինի սոուսը, որպեսզի կարողանա բավարարել չոր մակարոնների` լազանյայի խմորի համար այնքան հեղուկ, որ այն հասցնի եփվի: Եթե զգաք, որ հարկ եղածից պինդ է, կարող եք էլի գինի ավելացնել, կամ տոմատի հյութ: Վերջում ավելացնել թարմ, կտրատած կանաչիները` մաղադանոս, համեմ, ռեհան, ծիթրոն: Թողնել սառչի:Ի դեպ, եթե լազանյան պատրաստելու եք հաջորդ օրը, ապա պատրաստի սոուսը պահեք սառնարանում:
Բեշամել
Կարագը դնել փոքրիկ կաթսայի մեջ եւ հալեցնել, ավելացնել ալյուրը, մեկ-երկու րոպե ալյուրը կարագով բովել, ապա քիչ-քիչ ավելացնել կաթը` անընդհատ փայտե գդալով խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան: Երբ ամբողջ կաթն ավելացրած լինեք, ավելացնել մշկընկույզը (мускатный орех): Բեշամել սոուսը առանց մշկընկույզի չի լինում, այնպես որ այս պահը բաց չթողնեք, իսկ մշկընկույզը միայն թարմ քերածն է ճիշտ համ ու բույր տալիս, այնպես որ աղացածը գնելու համար գումար ծախսելն անիմաստ է: Թողնել սառչի: Այս սոուսն էլ է հարկավոր սառնարանում պահել այն դեպքում, եթե նույն օրը չեք օգտագործելու:
Հավաքում ենք լազանյան
Եթե արդեն ունեք պատրաստի բեշամել եւ բոլոնյեզ սոուսները, որոնք նախապես եք պատրաստել` թեկուզ մեկ-երկու օր առաջ, ապա, ըստ էության, ձեզ մնացել է անել ամենահաճելի եւ թեթեւ աշխատանքը` հավաքել լազանյան: Դա կխլի ընդամենը հինգ-տաս րոպե:
Հրակայուն քառանկյուն ամանի (դա կարող է լինել հատուկ ջեռոցի համար թույլատրելի ապակուց, կերամիկայից, չուգունից` որը հարմար գտնեք) հատակը պատել բեշամել սոուսով: Վրան շարել լազանյայի խմորիկները: Չոր լազանյայի խմորների վրա լցրեք բոլոնյեզ սոուսից եւ տարածեք ամբողջ մակերեսով:
Ապա կրկնում ենք շերտերը` բեշամել, խմոր, բոլոնյեզ: Վերջին շերտը լինում է սպիտակ սոուսը` բեշամելը, որի վրա լցնել քերած դեղին պանիրը, զարդարել կտրատած լոլիկներով:
Դնել 220 աստիճանով տաքացված ջեռոցը` մոտ 20 րոպեով` մինչեւ պանիրը ամբողջությամբ հալվի, իսկ լոլիկները թորշոմեն: Մատուցել տաք-տաք:
Բարի ախորժակ…
Նյութի աղբյուրը՝ https://www.aravot.am/