
Տավուշի սահմանին 4 հայ զինծառայողի կյանք խլած մարտական թեժ գործողություններից հետո այսօր հարաբերական անդորր է: Երեքշաբթի երեկոյան ժամը 6-ից է սկսել թուլանալ լարվածությունը, իսկ կեսգիշերից՝ կրակոցներ հազվադեպ են եղել: Չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանի: Վերջին տվյալներով հայկական կողմը ևս 2 ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցել, որոնք ընկել են միջդիրքային տարածքում: Այսօր հայտնի է դարձել, որ ադրբեջանական ագրեսիայի պատճառով վիրավորված 10 հայ զինծառայող է բուժում ստանում: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, հինգի վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ դրական դինամիկայով: Մյուսները 1 շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորներ չկան: Հրետակոծված բնակավայրերում կան միայն նյութական վնասներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահին միջնորդել է հետմահու պարգևատրել Տավուշի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին.
- մայոր Գարուշ Համբարձումյանին հայրենիքին մատուցած ծառայությունների համար՝ 2-րդ աստիճանի մեդալով
- կապիտան Սոս Էլբակյանին՝ արիության մեդալով
- կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին և Գրիշա Մաթևոսյանին՝ արիության մեդալներով
Հակառակորդը կորցրել է առնվազն 10 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ գերթանկարժեք և անխոցելի համարվող «Հերմես 900»-ը և զրահատեխնիկա: Պաշտպանության նախարարի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական զինված ուժերը փայլուն կատարում են իրենց խնդիրները և պահեստազորային ուժերի կամ կամավորական խմբերի ներգրավման կարիք չկա: Ըստ նրա՝ պետք չէ դիմել նաև ՀԱՊԿ:
Մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից, ու բանակը դա ապացուցում է,-ընդգծել է վարչապետը:
Ադրբեջանի ուազ-ային սադրանքից հետո Բերդի տարածաշրջանում սկսված լարվածությունը աննախադեպ է վերջին 5 տարվա ընթացքում: Մարտական հենակետերից բացի՝ հրետակոծվել են խաղաղ բնակավայրեր: Ընդ որում՝ տանկերը ամենածանր սպառազինությունը չեն, որ կիրառել է Ադրբեջանը: Վերջինս կիրառել է իր ամբողջ զինանոցը՝ հրետանային միջոցներ, ականանետեր, տանկեր, դրոններ: Բայց մեր տղաները պատմական դիմադրություն են ցույց տալիս՝ բառի բուն իմաստով: Հայ զինծառայողները խոցում են իսրայելական գերթանկարժեք «Հերմես 900» անօդաչու թռչող սարքը: Այնքան խելացի է այս սարքը, որ դրան խոցելն անհնար է: Բայց Հայաստանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը Ադրբեջանի օդային հետախույզին ոչնչացրել է մեկ հարվածով: