Զոզ Հովսեփյան – «…իսկ դու թեյ խմիր»

Խմած սուրճիս մութ մրուրում
դիմագծերդ են էլի հայտնվում,
բույրի մեջ շնչում եմ կարոտիդ հոտը, որ գույն էլ չունի…
լռում է քո մասին պատմող լռությունը.
ինձ չեն ներում օրերս
իրենցում՝ քեզ չունենալու համար,
այդ նույն շուրթերը, որ մի օր ինձ «ողջույն» էին շշնջացել,
հիմա ուժ չունեն մի հրաժեշտ տալու…
չէ՛, չէ՛, մի՛ կեղտոտիր դրանք
բաժանման դառը բառերով.
նոր են հասկանում այդ համը,
հետո գրկում եմ արեւի հոտը,
որ նորից տաքացնես ինձ՝ հեռվից հեռու…
կլսե՞մ այն սրտի զարկերը,
որոնցով երջանկությանս համար
չափ էի հորինել…
դու ինձ չես ներում՝
օրերիս անքեզ մնացորդը
քամուն տալու համար,
էնքա՜ն աշունոտ եմ.
սկսել եմ ամեն ինչ կորցնել,
լռություն է կաթում համր բառերին.
չէ, դա անձրեւ չէ.
ամպերս են արցունքվել,
քամին հիշողություններս է տանում
ու… ու գրպաններս դատարկ են մնում,
մտքիս դադար եմ տալիս,
որ կարոտի դառը թախիծը նստվածք չտա սրտիս,
իսկ դու…
դու թեյ խմիր…
թեյից սրտին մրուր չի նստում…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ