Իռեն Ավոյան – «Մի բաժակ թեյ»

  Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, դու սիրում էիր խաղեր խաղալ, այնպես չէ՞։ Ուրեմն, հարմար տեղավորվիր, որովհետև հիմա «կյանքի» հերթական խաղերից ենք խաղալու։
  Կանոնները պարզ են.ընդամենը ինքդ քեզ հետ եղիր մաքսիմալ անկեղծ։ Բարձրաձայն, մտքումդ, անգամ մատներիդ վրա հենց հիմա հաշվիր, թե ընտանիքիդ անդամներից զատ, քա՞նի մարդ իրոք ունես կողքիդ, քանիսի՞ն լիովին կարող ես վստահել, քանիսի՞ առաջ սրտիդ միջի եղածը կարող ես դատարկել, «փռել» սեղանին, առանց մի գրամ կասկածելու, որ կմտածի. «Էլի՜ սկսեց փնթփնթալ, նվնվալ, բողոքել…», քանիսի՞ն, անկասկած, որ կպատասխանեն, կարող ես գիշերվա 4-ին զանգել կամ գրել՝ ուղղակի խոսելու, կիսվելու, խորհուրդ հարցնելու կամ պարզապես լռելու համար, իսկ քանիսի՞ հետ կկիսես ուրախությունդ, վստահ լինելով, որ չի նախանձի/բամբասի, քանիսի՞ հետ ես պատրաստ առանց վարանելու կիսել վերջին մի կտոր հացդ, հաշվածիցդ քանի՞սը կստիպեն քեզ ժպտալ կամ ծիծաղել, թեկուզ քո ամենատխուր պահերին։
  Դե՜, քանի՞սն էին…կստե՛ս, եթե հիմա խոշոր թիվ ասես, ու ինքնաբերաբար կպարտվես այս խաղում: Այդ թիվը երբեք մեծ չի լինում..շա՜տ քիչ են, դե, բայց եթե բախտդ բերի, մի՜ քիչ շատ..
Կյանքումդ հանդիպած մարդիկ, մոտիկներդ, ընկերներդ, հեռու կամ մոտ ծանոթներդ, ժամանակի ընթացքում շաքարավազի պես լուծվում են թեյիդ մեջ, ու ցավոք, ամեն անգամ թեյդ կիսատ ես թողնում, չես խմում մինչև վերջ, որ «համը» չզգաս: Բայց ամեն նոր՝ թեյով լի բաժակ վերցնելիս, ինքդ ես որոշում մեջը քանի՞ գդալ շաքարավազ լցնես. իսկ թե քանի՞, քիչ առաջ ինքդ հաշվեցիր։
  Եթե նրանց առանձնացրեցիր, ուրեմն վստահ եմ, որ ճիշտ մարդկանց ես ընտրել, վստահ եմ, որ երկար կպահպանեք «թեյի քաղցրությունը», վստահ եմ, որ սկզբում տված յուրաքանչյուր հարցիս պատասխանը՝ իրենք են։
  Գիտես, կարող ես քիթդ բարձր քայլել, որովհետև համարձակ կարող ես ընկնել, միևնույնն է, բարձրացնողներ ունես, կարող ես խենթություններ անել, միևնույնն է, քեզ հավասար ծիծաղողներ ու քեզ միացողներ ունես, կարող ես հեռախոսդ անհասանելի պահել, միևնույնն է, գրողներ, զանգողներ ու փնտրողներ ունես, կարող ես սխալվել,միևնույնն է, կողքիցդ առանց կես մետր հեռանալու սխալը հետդ ուղղողներ ունես, կարող ես ոչ մի գրոշ չունենալ գրպանումդ, միևնույնն է, դու հարուստ ես, դու նրանց ունես։
  Ուզում եմ, միշտ ու միշտ գնահատեք այդ մարդկանց,շնորհակալ լինեք իրենց արած ամեն չնչին բանի համար,բաց չթողնեք, շատ ժամանակ անցկացնեք միասին, որովհետև հազարների միջից ձեզ ամենալավերն են բաժին հասել։
Բայց խաղն ավարտին հասցնելու համար մի պարտադիր կանոն էլ կա.պետք է հենց հիմա գրես նրան(-ց). «Շնորհակալ եմ, որ կաս ու կողքիս ես»։
  Խաղն ավարտվեց, դու՝ կրկին հաղթեցիր:
Հա, մեկ էլ, թեյդ լրիվ կխմես։
Հեղինակ՝ Մարինա Գեղամյան

Ձեզ նույնպես կարող է դուր գալ