iPhone 11. Apple-ը ներկայացրեց նոր սմարթֆոնը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում գտնվող Սթիվ Ջոբսի անվան թատրոնում երևանյան ժամանակով 21:00-ին մեկնարկեց  Apple ընկերության ամենամյա շնորհանդեսը, որն, ավանդույթի համաձայն, անցկացվում է սեպտեմբերին: Այս  շնորհանդեսին  այֆոնասերներին  ներկայացվեց  նոր  սմարթֆոններ  ու  մի  քանի  հետաքրքիր  ծրագրեր:

iPhone  11

iPhone 11 սմարթֆոնը ներկայանալու է 6 գույնով՝ կանաչ, սև, մանուշակագույն, դեղին, կարմիր, սպիտակ: Այն համալրված է 6.1 դյույմ անկյունագծային էկրանով:

iPhone 11-ի մարտկոցն առանց վերալիցքավորման կաշխատի մեկ ժամով ավելի երկար, քան iPhone XR մոդելինը: Գաջեթը կարժենա 699 դոլար: Նոր iPhone-ը կաշխատի Apple-ի A13 Bionic chip պրոցեսորով, որն ընկերության պնդմամբ ամենաարագն է, որը երբևէ ներկայացվել է սմարթֆոններում:

Սմարթֆոնը ներկայանում է 12 ՄՊ տեսախցիկով, որն առավել լավ լուսանկարներ կպատկերի նաև գիշերային ռեժիմով: Սմարթֆոնի կրկնակի տեսախցիկը թույլ կտա պատկերել մինչև 120 ատիճան տեսադաշտով կադր:

iPhone 11  Pro

iPhone 11 Pro սմարթֆոնը հասանելի կլինի ոսկեգույն, արծաթագույն, տիեզերական մոխրագույն, կանաչ երանգներով:

Այս մոդելը ներկայանում է երկու չափսի էկրանով՝ 5.8 դյույմ և 6.5 դյույմ անկյունագծով: Սմարթֆոնի A13 Bionic պրոցեսորը հնարավորություն է տալիս մեկ վայրկյանում 1 տրիլիոն գործողություն կատարել:

Ինչ վերաբերում է մարտկոցի աշխատանքին, iPhone 11 Pro սմարթֆոնի պարագայում այն 4 ժամով ավելի երկար կտևի, քան XS մոդելինը, իսկ 11 Pro Max-ի պարագայում՝ 5 ժամով ավելի երկար, քան iPhone XS Max-ինը:

Pro մոդելի գլխավոր առանձնահատկությունը երեք ոսպնյակ ունեցող 12 ՄՊ կետայնությամբ տեսախցիկն է:

Առաջին անգամ «այֆոններում» գործարկվել է տեսախցիկի Deep Fusion գործառույթը, որը թույլ է տալիս 9 տարբեր լուսանկարներ անել մեկ հպումով, ինչպես նաև լուսանկարներ ստեղծել՝ ներառելով բոլոր մանրուքները:

Աղբյուր ` tert.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ