«Նկարը երբեմն ինձ համար դառնում է սեփական հոգին ներկելու միակ ճանապարհը»․ Նարեկ Կոսմոս

Ողջույն, սիրելի ընթերցող։ Ձեզ ենք ներկայացնում հարցազրույց գրող և երգիչ Նարեկ Կոսմոսի հետ, ով որոշել է վերսկսել իր գործունեությունը։

– Ողջույն, Նարեկ ջան։ Արդեն տեղեկացանք, որ Դուք վերսկսում եք Ձեր գործունեությունը, ինչը հրաշալի լուր է։ Կմանրամասնե՞ք մի փոքր, թե ինչ ֆորմատով է լինելու վերսկսումը։ 

– Վերսկսումը կլինի մեծ թվով երգերի թողարկմամբ նաև հավանաբար աշնանը կլինի «Դեղին կետեր» ալբումի պրեզենտացիան ու շնորհանդեսը։ Վերսկսումը նաև պայմանավորված է գրականության հետ,քանզի երկար գրական դադարից հետո արդեն սկսել եմ բանաստեղծություններ գրել ու անգամ գիրք ունենալու մասին մտքեր կան։ Էնպես,որ 2021-ը բավական հուսադրող է նաև Ջրաներկի հանդիսատեսի համար, որովհետև Ջրաներկով նոր ծրագրեր պետք է ունենանք և համերգների քանակություն, որ նախորդ ոչ մի տարիներում չենք ունեցել, արդեն մի քանի պայմանավորվածություն ունենք։

– Իսկ ի՞նչը նպաստեց, որ նման որոշում կայացնեք։

– Քանզի կարելի է ասել դադարը և գրվելիք երգերին է կոփում և բանաստեղծություններին։ Երբ դադարից հետո նաև վերադառնում ես բեմ, նվագում երգերդ, վերհիշում հետնաբեմի լարվածությունդ առավել նոր որակով ես ներկայանում հանդիսատեսին։

– Հայ գրականության մեջ ի՞նչն եք սիրում ու ինչի՞ պակաս եք զգում։

– Հայ նոր գրականության մեջ երբեմն տեսակի պակաս եմ զգում, անգամ իմ մեջ։ Հայաստանում ժամանակակից շատ լավ պոետներ, գրողներ ունենք,որոնց մեղմ ասած պետք է ԿԱՐԴԱԼ։ Գրականությունից բավական հեռացել եմ,երգից ոչ այդքան,միևնույն ժամանակ գիտեմ,որ մի օր վերադառնալու եմ գրականությանը ու գիտեմ,որ միևնույն ժամանակ վերադառնալու եմ ինձ։

– Բացի երաժշտությունից ու գրականությունից արվեստի ո՞ր ճյուղով եք շատ հետաքրքրվում։

– Ես հիմա արվեստաբանություն եմ սովորում, ինձ ձգում է ճարտարապետության մանրամասնույթները,նաև նկարում եմ, որն ինձ թույլ է տալիս գունախաբությունների մեջ պետքական գույներն ընտրել։ Նկարը երբեմն ինձ համար դառնում է սեփական հոգին ներկելու,բաց պատկերները լցնելու  միակ ճանապարհը։ Երբեմն էլ գունազրկում ես առօրյադ էլի նույն գույների օգնությամբ, որն էլ դրանց բացակայությունն է։ Ես սիրում եմ խմբի անունը,որտեղ նվագում ու արտահայտվում եմ։

– Եթե դուք լինեիք երգ կամ երաժշտություն, ապա ո՞ր երգը/երաժշտությունը կլինեիք։

– Ընտիր հարց է։ Երևի իմ բոլոր երգերը ես եմ, բայց եթե ընտրելու լինեմ երգերիցս դուրս, կասեմ`գուցե էս պահին Ջոն Լենոնի «Oh my love» երգն եմ։

– Ձեր գործերից ո՞րը այս պահին կհիշեք ու կցանկանաք նվիրել մեր ընթերցողին։

– Հիմա մտքիս էս բանաստեղծությունս եկավ։

իմ տեղը

ապառիկ կյանք ձևակերպեցին

ականջս քաշելով

շպրտեցին փողոց

ու ասացին

ապրելու ես…

իմ տեղը եկան

պատմեցին իմ մասին

իմ տեղը մրսեցին

հիվանդացան ու հազացին

իմ տեղը գդալով խազեցին թեյս…

իմ տեղը քնել սովորեցին

երազներ տեսան

իմ տեղը սպասեցին քեզ…

ու

ես քեզնից չառա իմ հոտը,

որովհետև փող չունեի…

ու

ես քեզնից կարոտս չառա,

որովհետև դու այն

ծախել էիր

տանդ վարձը տալու համար…

իմ տեղը գրեցին իմ բանաստեղծությունները

իմ տեղը զգացին ինձ

իմ տեղը գնացին փաբ

լակեցին ամենասուր հոտով վիսկին

իմ տեղը ճոճվելով

հասան մինչև ջիվանի փողոց

իմ մանկության

երգերը կիսաձայն երգեցին…

ու իմ տեղը  ատեցին էդ փողոցը…

իմ տեղը ճմռթեցին ներկաս,

ու ինձ շպրտեցին

աղբանոց…

իմ տեղը վախեցան առնետներից

իմ տեղը հարմարվեցին

դիմադրեցին

սկսեցին

նայել հեռուստացույց

ատել քաղաքական ամեն մի լուր

իմ տեղը սպանեցին Լենոնին

ու  սպանվեցին Լենոնի պես…

իմ տեղը մնաց  բաց

ու ում ջրաներկն

այն կցավեցնի իր գույներով..

իմ տեղն այնքան ապրեցին,

որ իմ տեղը կորցրին…

հիմա չեն գտնում ինձ,

որ ասեն,

կյանքի ապառիկը

ո՞նց ես փակելու…

– Շնորհակալ ենք հիանալի տողերի և հարցազրույցի համար։

– Ձեզ նույնպես շնորհակալություն։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ