
Ամերիկյան գրականության ամենանշանավոր դեմքերից Մարկ Տվենը հայտնի է հատկապես իր «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերի Ֆիննի արկածները» ստեղծագործություններով: Քչերը գիտեն, որ Մարկ Տվենի իսկական անունն է Սեմյուել Քլեմենս: Առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր դեպքեր սրամիտ գրողի կյանքից.
- Մի հավաքույթի ժամանակ Մարկ Տվենը զրուցում էր շփման մեջ ոչ այնքան հաճելի մի կնոջ հետ: Որոշելով հաճոյախոսություն անել՝ Տվենը ասում է տիկնոջը.
– Դուք հիասքանչ եք:
– Նույնը չեմ կարող ասել Ձեր մասին,- կոպտում է տիկինը:
– Ուրեմն վարվեք, ինչպես ես: Ստեք,- պատասխանում է Տվենը:
- Մի անգամ Մարկ Տվենը ստանում է անանուն նամակ, որտեղ գրված էր ընդամենը 1 բառ՝ «խոզ»: Ի պատասխան դրա՝ Տվենը թերթում հաղորդագրություն է տարածում՝ «Հաճախ են ինձ ուղարկում առանց ստորագրության նամակներ, բայց ահա այս անգամ ես ստացել եմ նամակ միայն ստորագրությամբ»:
- Տվենը մի օր ստանում է անդուր բանաստեղծությունների փաթեթ՝ «Ինչու՞ եմ ես ողջ» վերնագրով, որին պատասխանում է՝ «Քանի որ բանաստեղծությունները ուղարկել եք փոստով, այլ ոչ թե ինքներդ եք բերել»:
- Տվենը ծնվել է 1835 թվականի նոյեմբերի 30-ին՝ այն օրը, երբ Հալեյի գիսաստղը տեսանելի էր Երկիր մոլորակից: Գիսաստղը հայտնվում է երկնակամարում յուրաքանչյուր 75 տարին մեկ: Տվենը կանխատեսում էր, որ քանի որ ինքը լույս աշխարհ է եկել Հալեյի գիսաստղի հետ, ապա աշխարհը ընդմիշտ կլքի, երբ մյուս անգամ երևա գիսաստղը: Այդպես էլ եղավ: 1910 թվականի ապրիլի 20-ին երկնքում երևաց Հալեյի գիսաստղը: Հաջորդ օրը մահացավ Մարկ Տվենը:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0