Հետաքրքիր փաստեր սողունների մասին


Հիմնականում՝ ցամաքային կենդանիների դաս, որի մեջ են մտնում մողեսները, օձերը, կոկորդիլոսները, կրիաները։ Ի տարբերություն երկկենցաղների՝ սողուններն առաջին իսկական ցամաքային ողնաշարավորներն են, սակայն նրանց մի մասը հարմարվել է ջրային կենսակերպին (կոկորդիլոսներ, կրիաներ)։


Տեսակների մեծ մասն ապրում է չոր, շոգ և տաք կլիմայական պայմաններում։ Շարժման ընթացքում սողունների մեծ մասի մարմինը հպվում է գետնին, շարժվում են սողալով, որտեղից և ծագել է դասի անունը՝ սողուններ։


Ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստեր նրանց մասին.


Աշխարհում գոյություն ունի սողունների ավելի քան 8000 տեսակ: Նրանք բնակվում են յուրաքանչյուր մայրցամաքում, բացի Անտարկտիդայից:



Օձը կարող է արագ բարձրանալ ծառն ի վեր, սակայն ապակե մակերևույթով բարձրանալը անհնար է նրա համար: Սա բացատրվում է նրանով, որ օձը տեղաշարժվում է հողին հենելով փորի վրա եղած թեփուկները, որոնց վրա ներսից տարբեր թեքությամբ ճնշում են կողոսկրի ծայրերը: Եթե թեփուկները հենարան չունենան, օձը չի կարողանա շարժվել:


Օձը կարող է 3 տարի քնել:


Օձերը կուշտ ուտելուց հետո կարող են մեկ տարի այլևս ոչինչ չուտել, որովհետև նրանց նյութափոխանակությունը դանդաղ է ընթանում:


Աշխարհի ամենամեծ օձը անակոնդան է, որի երկարությունը սովորաբար հասնում է 5-6մ-ի, երբեմն նաև 9մ-ի:



Թունավոր օձերը մարդկանց հանդեպ վտանգավորության աստիճանով բաժանվում են 2 դասի: Առաջին դասին պատկանում են այն օձերը, որոնք մարդու վրա չեն հարձակվի, եթե նա պատահաբար կամ դիտավորյալ չդիպչի իրեն: Երկրորդ դասին են պատկանում  ամենավտանգավոր տեսակները, որոնք հարձակվում են մարդու վրա, երբ վերջինս հայտնվում է իրենց տեսադաշտում:


Օձերի կծելուց հետո մաշկի վրա մնացած հետքերով կարելի է որոշել, թե ինչ օձ է կծել՝ թունավոր, թե՝ ոչ թունավոր: Առաջինի դեպքում մարմնի վրա նկատվում են թունավոր ատամներից առաջացած խոր վերքեր, որոնք արագ վերածվում են բշտիկների, դրանց միջև երևում են ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարք ավելի մանր հետքերը: Երկրորդի դեպքում մարմնի վրա երևում են չորս շարք երկայնական դասավորված կետիկներ, որոնք առաջանում են վերծնոտային, քիմքային և թևաձև ոսկրերի վրա դասավորված ատամներից:


Աֆրիկայում ապրող աձիքավոր և սևօձիք կոբրաները կարողանում են թքել: Նրանց թուքը պարունակում է 4 մգ թույն և շատ վտանգավոր է: Այն մեծ արագությամբ դուրս է գալիս ժանիքանման թունավոր ատամների անցքից՝ թռչելով 2-3 մ: Կենդանին կարող է իրար հետևից թքել մոտ 30 անգամ և բավական դիպուկ՝ ուղիղ թշնամու աչքերի մեջ: Թույնը աչքերի մեջ ընկնելով կուրացնում է զոհին:



Կոկորդիլոսներից ամենախոշորը նեղոսյան կոկորդիլոսն է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 8 մ-ի: Ամենափոքր կոկորդիլոսը չինական ալիգատորն է, որի երկարությունը մինչև 2 մ է:


Կոկորդիլոսի երախից ազատվելու համար պետք է բթամատերով ուժգին սեղմել նրա աչքերը:



Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:


Քամելեոնը փոխում է իր գույնը՝ կախված հաճախ փոփոխվող էմոցիոնալ վիճակների քանակից, և հենց այդ պատճառով զարմանալի չէ, որ գույնը երբեմն համընկնում է տարածքի գույների հետ: Նրանք փոխում են գույնը, երբ վախենում են, զույգավորման ժամանակ, այլ քամելեոնի հետ կռվելիս և այլն: Քամելեոնը հազվադեպ է օգտագործում իր այս հնարավորությունը քողարկվելու համար, քանի որ նրանց հիմնական որսը միջատներն են, որոնք չունեն այնպիսի տեսողություն, որպեսզի նկատեն իրենց «որսորդին»: Հարկավոր է նշել, որ քամելեոնները կենդանական աշխարհում չունեն թշնամիներ:



Վտանգի դեպքում մողեսը թողնում է իր պոչը՝ մկանների շնորհիվ,  և փախչում, որը մի քանի շաբաթվա ընթացքում վերականգնվում է:


Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա:


Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:


Կրիաների սեռը որոշվում է՝ ըստ ջերմաստիճանի: Եթե հողի մեջ՝ ձվի շուրջ, ջերմաստիճանը բարձր է, ապա լույս աշխարհ են գալիս էգ կրիաներ, եթե ցածր է, ապա արու կրիաներ:


Կրիաները շատ հարմարվող են, կարող են երկար ժամանակ ապրել առանց սննդի (մինչև 5 տարի), ինչպես նաև մինչև 10 ժամ մնալ առանց թթվածնի: Իրենց այս հատկանիշների շնորհիվ նրանք 1968 թ.-ին տիեզերագնացների հետ թռան Լուսին՝ դառնալով առաջին կենդանիները, որ հայտնվեցին Լուսնի վրա:



Ձեզ նույնպես կարող է դուր գալ