
Հնդկաստանի անկախության օր | Հայ-Հնդկական հարաբերություններ
Հնդիկ ժողովուրդն օգոստոսի 15-ին նշում է Անկախության օրը, որը Հնդկաստանի սիրված տոներից է: Դելիում՝ Կարմիր բերդի պատերի վերևում, առաջին վարչապետ Ջավախարլալ Ներուն ամբոխի ներկայությամբ բարձրացրեց եռագույն դրոշն ի նշան Հնդկաստանի անկախության: Դրանով սկսվեց Հնդկաստանի պատմության նոր փուլը:
1947 թվականի փետրվարի 20-ին Միացյալ Թագավորության վարչապետ Կլեմենտ Էտլին հայտարարել է, որ բրիտանական կառավարությունը բրիտանական Հնդկաստանին անկախություն կշնորհի ամենաուշը 1948 թվականի հունիսին։ Բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումից հետո Հնդկաստանի գեներալ նահանգապետ Լուիս Մաունդբետենը 1947 թվականի հունիսի 3-ին ներկայացրել է Բրիտանական Հնդկաստանի` երկու անկախ պետությունների բաժանման ծրագիրը։ Այս պլանի հիման վրա Բրիտանիայի խորհրդարանը մշակել և ընդունել է Հնդկաստանի անկախության մասին հռչակագիրը, որն արքայական հավանություն է ստացել 1947 թվականի հուլիսի 18-ին։ 1947 թվականի օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը Հնդկաստանը դարձել է անկախ պետություն։
Անկախության օրը երկիրը բաժանվել է երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի: Բաժանման արդյունքում տեղահանվել է 1.27 միլիոն մարդ և մահացել մի քանի հարյուր հազարից մինչև մեկ միլիոն մարդ:
Օգոստոսի 15-ը Հնդկաստանի պետական տոնն է։ Հիմնական ծիսակատարությունները տեղի են ունենում Նյու Դելիում, որտեղ Հնդկաստանի վարչապետը կարմիր ֆորտի վրա բարձրացնում է ազգային դրոշը և դրա պատերից արտասանում է ամբողջ երկրով հեռարձակվող խոսքը, որում պատմում է վերջին տարիներին կառավարության ունեցած ձեռքբերումների մասին, կարևոր հարցեր է բարձրացնում և խոսում հետագա զարգացման ուղղությունների մասին։ Հնդկաստանի անկախության օրվա տոնակատարության կարևոր մաս է կազմում գունագեղ երթը, որը ցույց է տալիս Հնդկաստանի մշակութային բազմազանությունը, երկրի ձեռքբերումները գիտության և տեխնիկայի ոլորտում, նրա ռազմական հնարավորությունները։
Հնդկական դրոշի հորիզոնական դասավորված գույներն են` զաֆրան, որ խորհրդանշում է արիություն և զոհաբերություն, սպիտակ՝ ճշմարտություն և խաղաղություն, կանաչ՝ հավատք, բերրիություն և քաջություն: Շարժվող անիվի խորհրդանիշը, որ տեղադրված էր սպիտակ գույնի վրա, Հնդկաստանի անկախացումից հետո փոխարինվեց կյանքի անիվով:
Հայ-հնդկական հարաբերություններ
Հայերը Հնդկաստանում հայտնվել են Ալեքսանդր Մակեդոնացու օժանդակ մասերի կազմում, երբ նա հատել է Հայաստանը Հնդկաստան հասնելու ճանապարհին։ Հայերի և հնդիկների փոխհարաբերությունների մասին ամենավաղ փաստագրական հիշատակումները կարելի է գտնել Քսենոփոնի (Ք.ա. 430-350 թվականներ) աշխատանքում՝ Կյուրոպեդիայում։ Այդ աղբյուրները փաստում են, որ հայերը մեկնել են Հնդկաստան, և նրանք քաջատեղյակ են եղել Հնդկաստան տանող ցամաքային ուղիների, ինչպես նաև հնդկական ենթացամաքի ընդհանուր և քաղաքական աշխարհագրության, սոցիալ-մշակութային միջավայրի և տնտեսական կյանքի մասին։
Հնդիկ դասական երգչուհի Գուհար Ջաանը, որը 1902 թվականին դարձել է գրամոֆոն ձայնագրած առաջին մարդը, ծագումով հայ էր։ Հնդկաստանի անկախացումից հետո՝ 1947 թվականի օգոստոսի 15-ին, Հնդկաստանի հայ համայնքի մեծ մասը գաղթել է Ավստրալիա, Միացյալ Նահանգներ և այլ երկրներ։ Հնդկաստանում մնացած հայ համայնքը հիմնականում կենտրոնացած է Կալկաթայում, որոշ քանակությամբ հայեր բնակվում են նաև Մումբայում, Դելիում, Ագրայում և Չեննայում։ Այդ բոլոր քաղաքներում կան հայկական եկեղեցիներ և գերեզմանոցներ։ Հնդիկների և հայերի միջև ամուսնությունները հանգեցրել են հնդկահայերի ի հայտ գալուն։
Հնդկաստանի նախագահ Սարվեպալի Ռադհակրիշնանը 1964 թվականի սեպտեմբերին այցելել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ վարչապետ Ինդիրա Գանդին՝ 1976 թվականի հունիսին։
Հնդկաստանը Հայաստանը ճանաչել է 1991 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Խորհրդային Միությունից անկախություն հռչակելուց երեք ամիս անց։ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 31-ին։ Հնդկաստանը Երևանում իր դեսպանատունը բացել է 1999 թվականի մարտի 1-ին։ Հայաստանը, որը պատվո հյուպատոսություն է բացել 1994 թվականի ապրիլին, իր դեսպանությունը բացել է Նյու Դելիում 1999 թվականի հոկտեմբերին։
Հայ և հնդիկ ժողովուրդների հարաբերությունները և պատմական կապերը սկիզբ են առնում հազարամյակների խորքից: Դրանք աշխուժացել են հատկապես 17-19-րդ դարերում, երբ Հնդկաստանի մի շարք խոշոր քաղաքներում կազմավորվել են զգալի թվով հայկական համայնքներ, որոնք ակտիվ դերակատարում են ունեցել Հնդկաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում:
Գոհունակությամբ պետք է նշել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանին և Հնդկաստանին հաջողվել է դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները վերածել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական ջերմ ու գործընկերային համագործակցության։