
Սթրեսը միշտ չէ, որ վնասակար է։ Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան նշել է. «Սթրեսի ազդեցությունը մարդու վրա կարելի է համեմատել ջութակի լարերը լարելու հետ. եթե լարը շատ քիչ է ձգված, ապա այն խուլ ու տհաճ ձայն կարձակի, իսկ եթե լարը չափից շատ է ձգված, ապա սուր ձայն կարձակի, կամ լարը կկտրվի։ Նմանապես, եթե մեր կյանքում սթրեսը շատ քիչ է կամ ընդհանրապես բացակայում է, մեր կյանքը համ ու հոտ չի ունենա, սակայն մյուս կողմից՝ չափից շատ սթրեսը կարող է նույնիսկ մահվան պատճառ լինել։ Կարևորն այն է, որ սովորենք վերահսկել այն։
Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ մարդիկ ունեն տարբեր խառնվածք և առողջական վիճակ։ Օրինակ՝ այն, ինչը սթրեսային վիճակի մեջ է գցում մեկին, մյուսի վրա գուցե այդպիսի ազդեցություն չունենա։ Այնուամենայնիվ, եթե առօրյա գրաֆիկիդ պատճառով այնքան ես լարվում, որ չես կարողանում հանգստանալ կամ հաղթահարել անսպասելի խնդիրները, ապա կարելի է ասել, որ ծայրահեղ սթրեսային վիճակում ես։
Շարունակական սթրեսին դիմանալու համար որոշ մարդիկ սկսում են օգտագործել ալկոհոլ, թմրանյութեր կամ ծխախոտ։ Ոմանք էլ սկսում են սխալ սնվել, աննպատակ նստել հեռուստացույցի կամ համակարգչի առջև։ Սակայն այդպես նրանք ոչ թե լուծում են խնդիրը, այլ ընդհակառակը՝ ավելի են ծանրացնում։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք վերահսկել սթրեսը։
Շատերը կարողացել են անել դա՝ կիրառելով Աստվածաշնչի գործնական խորհուրդները։ Գուցե այդ իմաստուն խորհուրդները քե՞զ էլ օգնեն։
Ե՛կ քննենք սթրես առաջացնող չորս հիմնական պատճառ։
1. ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
Ոչ ոք լիարժեք ապահովություն չունի։
Ինչպե՞ս կարող ես ձերբազատվել անապահովության զգացումից։ Փորձիր հետևյալը։
-
Անկեղծորեն խոսիր մի վստահելի անձնավորության, օրինակ՝ ընտանիքիդ անդամի կամ ընկերոջդ հետ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մտերիմների աջակցությունը պաշտպանում է սթրեսի հետևանքով առաջացող տարբեր խնդիրներից։
-
Շարունակ մի մտածիր այն մասին, թե ինչ վատ բաներ կարող են լինել։ Նման մտածմունքները ոչ մի օգուտ չեն բերում, այլ միայն հյուծում են զգացապես։ Ի վերջո, այն, ինչից վախենում ես, գուցե ընդհանրապես տեղի չունենա։
2. ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԳՐԱՖԻԿ
Մարդուն գուցե մշտապես սթրեսային վիճակում պահի լարված առօրյան՝ աշխատանքը, ուսումը, երեխաների կամ տարեց ծնողների մասին հոգ տանելը։ Ընդ որում, գուցե անհնար լինի չանել նշված բաներից մի քանիսը։
Այդ դեպքում ի՞նչ կարող ես անել։
-
Օրվա մեջ ժամանակ գտիր հանգստի համար։ Բացի այդ, աշխատիր բավականաչափ հանգստանալ։
-
Ճիշտ առաջնահերթություններ դիր և համեստ կյանքով ապրիր։ Մտածիր, թե ինչ կարող ես անել կյանքդ պարզեցնելու համար. թերևս կարողանաս կրճատել ծախսերդ կամ ավելի քիչ ժամանակ տրամադրել աշխատանքին։
3. ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐ
Ընդհարումները, հատկապես աշխատավայրում կարող են ուժեղ սթրեսային վիճակում պահել մարդուն։ Եթե դու էլ ես նման խնդիրների բախվում, գուցե քեզ համար օգտակար լինեն հետևյալ խորհուրդները։
-
Երբ ինչ-որ մեկը վիրավորում է քեզ, փորձիր հանդարտ մնալ։ Կրակի վրա յուղ մի լցրու։
-
Փորձիր հարթել տարաձայնությունները՝ անհատի հետ զրուցելով առանձին և հարգալից կերպով։ Այդպես ցույց կտաս, որ հարգում ես նրա արժանապատվությունը։
-
Ձգտիր ըմբռնողականություն դրսևորել և հասկանալ դիմացինի զգացմունքներն ու տեսակետը։ Դա կօգնի, որ քեզ պատկերացնես նրա իրավիճակում, ինչը «կհանդարտեցնի բարկությունը»։ Դա նաև կօգնի, որ ինքդ քեզ նայես այդ մարդու աչքերով։
-
Փորձիր ներել։ Ներողամտությունը ոչ միայն գեղեցիկ հատկություն է, այլև բուժիչ ազդեցություն ունի։ 2001-ին արված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ ներողամիտ չլինելու պատճառով զգալիորեն բարձրանում է արյան ճնշումը, և արագանում է սրտի աշխատանքը, մինչդեռ ներողամտությունը նվազեցնում է սթրեսը։