Անհրաժեշտ է, որ երեխաները հանգիստ ու հստակ ձևով հաղորդակցվեն իրենց շրջապատի մեծահասակների հետ


Մինչ  COVID-19 անվանումով նոր կորոնավիրուսային հիվանդությունը շարունակում է տարածվել, կարևոր է, որ մեծահասակները հանգիստ կերպով հաղորդակցվեն երեխաների հետ:


Երեխաները մեծ ուշադրություն են դարձնում նրան, թե ինչպես են մեծահասակները խոսում կորոնավիրուսի մասին


Ամենակարևոր բաներից մեկը, որ պետք է հիշել. երեխաները ընկալում են աշխարհը մեծահասակների միջոցով, ուստի, երեխաները կարող են ավելի շատ կամ քիչ անհանգստացած լինել՝ կախված նրանից, թե ինչպես են իրենց շրջապատի մեծահասակները հաղորդակցվում իրենց հետ:

Թե՛ երեխաներին, և թե՛ դեռահասներին անհրաժեշտ է մեծահասակների օգնությունը՝ այս իրավիճակի մասին պատկերացում կազմելու համար։

Նրանք նաև երկարատև կյանքի  փորձ չունեն՝ COVID-19-ի շուրջ ստեղծված իրավիճակն ըմբռնելու համար։ Նրանք իսկապես ունեն մեծահասակների կարիքը՝ իրենց ստացած տեղեկությունները բացատրելու համար:

Իմացեք, որ երեխաները հաճախ լսում են մեծահասակների խոսակցությունը նույնիսկ այն դեպքում, երբ, թվում է թե, չեն լսում: Ճիշտը նրանց հետ ուղղակիորեն խոսելն է, ինչպես նաև նրանց հնարավորինս հանգստացնելը:


Տրամադրեք կորոնավիրուսի մասին ճշգրիտ, տարիքին համապատասխան փաստեր


Նախքան երեխաների հետ խոսելը՝ մեծահասակները պետք է հասկանան փաստերը և պատրաստ լինեն ճշգրիտ տեղեկություններ հաղորդել՝ երեխաներին հասկանալի ձևով:

Անհրաժեշտ է երեխաներին հայտնել, որ երեխաների մեծ մասը հիմնականում խոցելի չէ COVID-19-ի համար, մեծահասակները կարող են երեխաներին ասել, որ երեխաների մեծ մասը չի հիվանդանում վիրուսից: Դա կօգնի նվազեցնել նրանց անհանգստությունը:

Քանի որ COVID-19-ը դեռևս նոր է, գիտնականները համոզված չեն, թե ինչու են ավելի քիչ թվով երեխաներ ունենում վիրուսի ախտանշաններ, ունենում մեղմ ախտանշաններ, բայց ամեն դեպքում նրանք հիվանդանալու ավելի ցածր ռիսկի խմբում են, քան տարեցները:

Մեծահասակները կարող են նաև երեխաների հետ խոսել հիվանդության «կորն ուղղելու» մասին, որը նշանակում է, որ մենք ավելի շատ տանն ենք մնում, որպեսզի օգնենք կանխել մանրէների տարածումը և ապահովենք, որ հիվանդները ստանան իրենց անհրաժեշտ բուժօգնությունը բժիշկների և այլ բուժաշխատողների կողմից։


Օգնեք երեխաներին հաղթահարել դպրոցների փակման պատճառով առաջացած անհանգստությունը


Տանը մնալը և սոցիալական կապեր չունենալը կարող է սթրեսային լինել ցանկացած տարիքի երեխայի համար, ուստի մեծահասակները պետք է երեխաներին որոշ գործիքներ տրամադրեն՝ իրավիճակը հաղթահարելու համար: Գրաֆիկ սահմանելը (օրինակ՝ առավոտյան տնային առաջադրանքներ, ճաշից հետո՝ զբաղմունքներ դրսում) կարող է երեխաներին և մեծահասակներին օգնել իրադրությունն ավելի կանխատեսելի դարձնել:

Որպես սոցիալական էակներ՝ մեզ բոլորիս անհրաժեշտ են սոցիալական հարաբերություններ, ամենօրյա ռեժիմի այս խաթարումը կարող է սթրես առաջացնել այն երեխաների մոտ, ովքեր սիրում են կայունություն՝ իրենց ապահով զգալու համար։ Փոքրահասակ երեխաները կարող են շատ ավելի շփոթվել այս փոփոխություններից և, օրինակ, մտածել, թե արդյոք իրենց ընկերները շարունակում են իրենց ընկերները մնալ: Նույնիսկ դեռահասները, ովքեր շատ ժամանակ են ծախսում սարքերի վրա, իրենց սոցիալական կյանքի մեծ խաթարում են զգում դպրոցների փակման հետևանքով:

Երեխաների և դեռահասների հետ զրուցեք նրանց զգացողությունների մասին, որոնք առաջացել են ընկերներից բաժանված լինելու պատճառով, և օգնել նրանց պլաններ կազմել ու կապի մեջ մնալ վիրտուալ հանդիպումների, հեռախոսազանգերի կամ նույնիսկ նամակներ գրելու միջոցով:

Մեծահասակները կարող են նաև բացատրել, որ թեև ռեժիմի այս խախտումը դժվար է թվում, սակայն այն ժամանակավոր է:

Մեծահասակները կարող են երեխաներին ասել, որ իրենք չգիտեն, թե որքան այն կտևի, բայց հաստատ գիտեն, որ երեխաները կրկին դպրոց կգնան, մեծահասակները կվերադառնան իրենց աշխատանքին, և մարդիկ կրկին կկարողանան հավաքվել մեծ խմբերով։

Մեծերը նաև կարող են երեխաներին ասել, որ այս բոլոր փոփոխությունները, ինչպես օրինակ՝ դպրոցների փակումը, արվում է այն պատճառով, որպեսզի կանխվի վիրուսի տարածումը և հնարավորինս քիչ մարդ հիվանդանա:

Խորհուրդ ենք տալիս սահմանափակել նորությունների և սոցիալական ցանցերի ազդեցությունը երեխաների վրա։ Նույնիսկ դեռահասները, ովքեր սոցիալական ցանցերի միջոցով կապ են պահպանում իրենց ընկերների հետ, պետք է ժամանակ առ ժամանակ դադարեցնեն սարքերի օգտագործումը:

Ծնողները պետք է շարունակեն վերահսկել երեխաների աշխատանքը սոցիալական ցանցերում, դրան որոշակի կառուցվածք տան և ապահովեն, որ երեխաներն ու դեռահասները էկրանից հեռու լինեն որոշ ժամանակ, հատկապես գիշերային ժամերին:


Խոսեք երեխաների հետ՝ կորոնավիրուսի հետ կապված անհանգստությունը մեղմելու համար


Սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի երեխաներին օգնեք հասկանալ, որ երբ իրենք ինչ-որ բանից անհանգստացած են, պետք է այդ մասին խոսեն ուրիշների հետ, Դուք կարող եք երեխային ասել. «Երբ մտահոգ ես, խոսիր մեծերի հետ այդ մասին, քանի որ նրանք հաճախ կարող են օգնել քեզ»»:

Կարող եք ասել. «Իսկ եթե ես քեզ ասեմ, որ երեխաներից շատերը սրանից չե՞ն հիվանդանում»: Այնուհետև կարող եք նրանց տեղեկություններ հաղորդել»:

Բացի այդ, մեծահասակները պետք է հասկանան, որ երեխաները կարող են սթրեսին արձագանքել տարբեր ձևերով: Նրանք կարող են իրենց վատ պահել, դառնալ ավելի քմահաճ, անկայուն կամ հիպերակտիվ, լինել ավելի պահանջկոտ, նյարդայնացնող կամ ունենալ վատ տրամադրություն:

Երեխաները միշտ չէ, որ գիտակցում են, որ իրենց վարքը փոխվել է, կամ ինչու է փոխվել, անհրաժեշտ է, որ մեծահասակները օգնեն նրանց հասկանալ և արտահայտել իրենց զգացմունքները առողջ ձևով:

Մեծահասակները պետք է զրույց սկսեն երեխաների հետ և նրանց խրախուսեն կիսել իրենց մտքերն ու զգացմունքները: Խոսեք բոլոր այն տարբեր զգացմունքների տեսակների մասին, որոնք երեխան կարող է ունենալ: Որոշ երեխաներ կարող են իսկապես անհանգստանալ, որ կարող են հիվանդանալ: Այլ երեխաներ գուցե ուրախ լինեն, որ դպրոց չեն գնում, կամ կարոտեն իրենց ընկերներին։ Քաջալերեք երեխային ասել ձեզ, թե արդյոք ունի նման կամ այլ տեսակի զգացողություններ:

Մեծերը պետք է նաև օգնեն երեխաներին գտնել իրենց զգացմունքներին դիմագրավելու ձևերը: Ահա որոշ գաղափարներ․

  • Զրուցել վստահելի մեծահասակի հետ
  • Մի քանի անգամ խորը շունչ քաշել
  • Նկարել
  • Գրել պատմություն իրենց զգացողությունների մասին

Որպես զգացմունքներին դիմագրավելու մեթոդ՝ երեխաները հաճախ օգտագործում են ուշադրությունը շեղող բաներ, որոնք կարող են օգտակար լինել, սակայն մեծահասակները պետք է ամեն դեպքում ժամանակ հատկացնեն՝ քննարկելու նրանց զգացումները իրենց կյանքում տեղի ունեցողի վերաբերյալ:

Ավելի մեծ երեխաներին, պատանիներին ու երիտասարդներին օգտակար է հիշեցնել, թե որքան հեշտ է ենթարկվել ապատեղեկատվության ազդեցությանը կամ խուճապի մեջ ընկնել առցանց լրատվամիջոցների պատճառով, ուստի միգուցե նրանք օգնության կարիք ունեն՝ գտնելու տեղեկատվության հավաստի աղբյուրներ և սովորելու կառավարել էկրանի առջև ծախսվող իրենց ժամանակը:


Ասեք ձեր երեխաներին, որ մեծահասակներն աշխատում են իրենց անվտանգության համար


COVID-19 համաճարակը փոփոխական իրավիճակ է ստեղծում։ Մեծահասակները կարող են հավաստիացնել երեխաներին, որ նույնիսկ եթե ամեն ինչ փոխվում է, օրինակ՝ անվտանգության որոշ միջոցներ են կիրառվում, դրանք արվում են բոլորիս անվտանգության համար:

Կարևոր է, որ երեխաներն իմանան, որ բազմաթիվ մեծահասակներ քրտնաջան աշխատում են, որպեսզի այս հիվանդությունը մեծ թվով մարդկանց չվարակի,  մենք կարող ենք նրանց ասել, որ շատ խելացի մարդիկ ջանադրաբար աշխատում են այս ուղղությամբ, և դպրոցները փակ են, քանի որ մեծահասակները ընդունել են այդ որոշումը՝ բոլորին պաշտպանելու համար:


Ցույց տվեք ճիշտ հիգիենայի սովորույթներ


Մեծահասակների համար ճիշտ հիգիենայի օրինակ ցույց տալը,  օրինակ՝ ձեռքերը հաճախ լվանալը, լավագույն միջոցն է, որպեսզի երեխաները նույնն անեն:

Մեծերը կարող են ասել երեխաներին. «Ես գնում եմ ձեռքերս լվանալու և այբուբենի երգը երգելու», «Կամ կարող են ասել. «Վայ, կպա քթիս: Գնամ ձեռքերս լվանալու»։

Կարևոր է նաև լինել հետևողական և երեխաներին հիշեցնել, որ դրսում խաղալուց հետո կամ ուտելուց առաջ պետք է լվանան ձեռքերը գոլ ջրով ու օճառով և փորձեն խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց։

Այս սովորույթները առողջ ապրելակերպի լավ օրինակներ են, որոնցից երեխաները կօգտվեն իրենց ողջ կյանքում:


Հոգ տարեք նաև ինքներդ ձեզ


Մեծահասակները նույնպես պետք է հոգ տանեն իրենց այս դժվարին ժամանակահատվածում, որոշ մարդիկ թերևս կոնկրետ մտահոգություններ ունեն իրենց կամ իրենց ընտանիքի անդամների համար: Նրանք պետք է նաև ուշադրություն դարձնեն իրենց էմոցիոնալ ինքնազգացողությանը, ինչը թույլ կտա ավելի լավ աջակցել իրենց երեխաներին:


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ