Ինչպե՞ս անվտանգ օգտվել զուգարանից(լայվհաքեր)


Հաճախ լսում ես կարծիքներ, որ հանրային զուգարանները տարբեր վտանգավոր մանրէների աղբյուր են, և ավելի լավ է խուսափել դրանցից:

Մինչդեռ կան պարզ կանոններ, որոնց հետևելով` կարող ես անվտանգ դարձնել զուգարան գնալը և խուսափել հնարավոր վարակներից:


Լայֆհաքերը գաղտնիքներ են, որոնք հեշտացնում են մեր կյանքը:

Լայֆհաքերի շարքից այսօր կխոսենք… զուգարաններից անվտանգ օգտվելու մասին


Հաճախ լսում ես վախենալի պատմություններ հանրային զուգարանների մասին:

Որոշ մարդիկ պնդում են, որ ընդհանուր օգտագործման զուգարանները տարբեր վտանգավոր մանրէների աղբյուր են, և ավելի լավ է խուսափել դրանցից` ապահովության համար:


Մինչդեռ կան պարզ կանոններ, որոնց հետևելով` կարող ես անվտանգ դարձնել զուգարան գնալը և խուսափել հնարավոր վարակներից: Եվ այսպես, անդրադառնանք այդ կանոններին.

1. Ոչ բոլոր զուգարաններն են հավասարապես աղտոտված: Օրինակ` հիվանդանոցներում, խոշոր առևտրի կենտրոններում և օֆիսներում զուգարանները շատ հաճախ մաքրվում են և ախտահանվում: Իսկ խոշոր օդանավակայաններում, գնացքներում և ինքնաթիռներում մեծաթիվ օգտվողների պատճառով երբեմն չեն հասցնում արագ և հաճախակի մաքրել զուգարանները: Աշխատեք մտնել մուտքից ամենահեռու կամ հակառակը` ամենամոտ գտնվող ազատ խցիկը, որից սովորաբար ամենաքիչն են օգտվում:

2. Մի՛ դրեք ձեր պայուսակը գետնին, սա ամենակեղտոտ տեղն է զուգարանում: Կախեք հատուկ կախարանից, իսկ դրա բացակայության դեպքում` պահեք ձեռքի մեջ կամ կախեք ձեր պարանոցից: Մյուս ամենակեղտոտ տեղերը ջրթող կոճակն է, աղբարկղը, դռների բռնակները, ինչպես նաև ջրի ծորակները և լվացարանները: Հենց այդ մակերեսներից աղտոտվում են ձեռքերը, իսկ վարակները փոխանցվում են հենց ձեռքերի միջոցով:



3. Մի՛ վախեցեք նստել զուգարանակոնքին: Իրականում ձեռքերի միջոցով զուգարանում վարակվելու հավանականությունն ավելի մեծ է: Առկայության դեպքում փռեք միանվագ օգտագործման հատուկ պատյան կամ թուղթ, մաքրեք նստատեղը հակաբակտերիալ անձեռոցիկով:

! Նույնիսկ եթե զուգարանը ոչ այդքան լավ վիճակում է, այդ պատրվակով չի կարելի երկար ժամանակ քեզ զսպել`«մինչև տուն հասնես»: Մեզը պահելը խիստ անցանկալի է միզուղիների բորբոքման և միզային քարերի առաջացման վտանգի պատճառով: Նմանապես ցանկալի չէ զսպել աղիների դատարկելը, ինչը կարող է նպաստել այսպես կոչված սովորույթային փորկապություններին:

4. Ունեցեք ձեր հետ հակաբակտերիալ խոնավ անձեռոցիկներ, որոնցով մաքրեք նստատեղը, բռնակները և ջրթող կոճակը: Ձեր հետ վերցրեք նաև թղթե անձեռոցիկներ, քանի որ հանրային զուգարաններում երբեմն չկա թուղթ:

5. Պարտադիր քաշեք ջուրը ձեր հետևից: Թվում է`պարզ բան է, բայց շատերը դա չեն անում, իսկ մյուս օգտվողի համար դա չափազանց տհաճ է

Իսկ դու գիտե՞ս, որ բարձր տեխնոլոգիաներով սարքված զուգարանակոնքերը օգտագործման հարմարության համար կարողանում են տաքացնել նստատեղը, հեռացնել հոտերը, կատարել ավտոմատ ջրթողում, բիդեի նմանությամբ ջուր ցողել, ունեն «հակաճողփյուն» համակարգ 

6. Պարտադիր լվացվեք զուգարանից օգտվելուց հետո:

Ձեռքերի ճիշտ լվացումը օճառով չափազանց կարևոր է վարակներից խուսափելու համար:

Առկայության դեպքում` օգտվեք հեղուկ օճառի ավտոմատ դոզատորներից և չորացուցիչից կամ միանվագ թղթե անձեռոցիկներից:

7. Զուգարանից դուրս գալուց` աշխատեք ավելորդ անգամ չկպնել դռների բռնակներին, քանի որ որոշ մարդիկ չեն լվացվում զուգարանից օգտվելուց հետո, իսկ ձեզ բոլորովին պետք չեն նրանց մանրէները:


Եվ վերջում հարկ է նշել, որ հանրային զուգարաններում (ինչպես և բաղնիքներում) սեռավարակներով վարակվելու ռիսկը չափազանց փոքր է, գրեթե զրո` հիգիենայի կանոնների պահպանման դեպքում:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ