
Չգիտեմ որ երկրում,որ թագավորության մեջ ապրում էր մի տարեց,բարի ու արդար մարդ`իր մինուճար մանկահասակ զավակի`Տիրանի հետ:Տիրանի հայրը վտիտ կազմվածքով,բայց եռանդուն ու աշխատասեր մի ծերունի էր:Նա օր ու գիշեր աշխատում էր,մշակում իր փոքրիկ պարտեզը՝ուր աճեցնում էր զանազան բուժիչ բույսեր ու ծաղիկներ:Տիրանը օգնում էր հայրիկին.նա էլ նրա նման ժիր էր ու աշխատասեր,սիրով էր խնամում հայրիկի պարտեզի հրաշագործ արարածներին, քանի որ գիտեր նրանց կախարդական ուժի մասին:Անցնում էին տարիները,իսկ ծերունու պարտեզի ծաղիկները շարունակում էին փրկել հարյուրավոր մարդկանց կյանքեր:Նրա մոտ էին գալիս մարդիկ՝թագավորության բոլոր ծայրերից,օգնություն խնդրելու բարի ծերունուց և բոլորն էլ այնտեղից հեռանում էին երջանիկ՝ժպիտը դեմքներին:Նրա պարտեզում բոլոր ծաղիկներն էլ բուժիչ էին,բայց կար մի խորհրդավոր,կարճահասակ,փոքրիկ,կապույտ գլխիկով,մանր տերևներով մի ծաղիկ, որը ամենազորեղն ու բուժիչն էր պարտեզի մնացած ծաղիկների մեջ և ծերունին նրան անվանում էր՝Աստծո ծաղիկ…Եվ իզուր չէ,քանի որ նրա տերևների հյութով ոչ միայն կարելի էր բուժել հիվանդությունները այլ նաև անեծքն ու այլ չարիքները:Եթե ինչ-որ մարդ անիծված լիներ ,ապա Աստծո ծաղկի հյութը ցողելով նրա վրա,կարելի կլիներ քանդել անեծքի շղթաները,կամ եթե մի մարդ դև ունենար իր մեջ դիվահարված լիներ՝ նույնպես ծաղկի զորեղ ուժը կվաներ դևին այդ մարդու մեջից:Եվ ծաղիկն այդ Աստվածային ուներ մի առեղծված՝այն արևի մայր մտնելուն պես անհետանում էր՝ ասես չէր էլ եղել,իսկ լուսաբացին արևի առաջին շողերի հետ հայտնվում էր նորից իր տեղում:Մի անգամ դա նկատելով՝արդեն պատանի դարձած Տիրանը,գնաց հայրիկի մոտ ու մեծ հետաքրքրությամբ հարցրեց նրան.
-Հա՛յր,ասա ինձ,այն փոքրիկ ծաղիկը՝պարտեզի անկյունում,որին դու Աստծո ծաղիկ ես անվանել,նա ինչու՞ է երեկոյան անհետանում,ու՞ր է գնում նա և ինչու՞:
Ծերուկը ինքն էլ չիմանալով այդ հրաշք ծաղկի գաղտնիքը,բայց փորձելով բավարարել որդու հետաքրքրությունը մի պահ կտրվելով գործից,ճակատի քրտինքը սրբելով դարձավ որդուն,կտրտվող ու դողացող ձայնով ասաց.
– Տիրան,որդիս նա լույսի զավակ է և տանել չի կարողանում խավարը,դրա համար նա երեկոները գնում է իր արև մայրիկի մոտ,իսկ լուսաբացին նորից ետ վերադառնում նրա հետ.-հասկացա՞ր:
Տիրանը թեթև ժպիտով ասես հավանություն տվեց հոր պատասխանին և անշտապ հեռացավ նրա մոտից:Հաջորդ օրը՝լուսաբացին,ծերունին արթնացավ և սովորականի պես պատրաստվում էր գնալ պարտեզ աշխատելու ,և նկատեց,որ Տիրանը դեռ անկողնում է. հայրիկին դա շատ զարմացրեց,քանի որ Տիրանը սովորաբար իրենից էլ ավելի վաղ էր արթնանում և վազում պարտեզ,բայց այսօրը բացառություն էր: Ծերունին փոքր ինչ անհանգստացած մոտեցավ Տիրանի անկողնուն և տեսավ,որ նա շատ գունատ է ու թուլացած:Նրա անհանգստությունը ավելի մեծացավ այդ տեսնելով. Տիրանի տեսքից երևում էր,որ նա ծանր հիվանդությամբ էր հիվանդացել:Այդ հասկանալով ծերուկը շտապեց պարտեզ,հավաքեց մի քանի անհրաժեշտ ծաղիկ և թուրմ պատրաստեց դրանցից,ապա խմեցրեց որդուն:Ծերուկը վստահ էր,որ շուտով իր որդին ոտքի կկանգնի՝ինչպես այն հարյուրավոր,հազարավոր մարդիկ,որոնց կյանքը փրկել էին իր հրաշագործ ծաղիկները:Անցավ մի քանի ժամ,արդեն երեկոն էր մոտենում,բայց Տիրանը դեռ չէր ապաքինվել՝ավելին,նա գնալով ավելի էր գունատվում :Ծերունին զարմացած էր,քանի որ այդպիսի բան դեռ չէր եղել,իր ծաղիկները շատ զորեղ էին և երբեք հուսախաբ չէին արել ոչ ոքի՝ովքեր որ դիմել էին դրանց ուժին:Նա այսպես մտորում էր այդ մասին,երբ հիշեց իր պարտեզի ամենազորեղ ծաղիկի՝Աստծո ծաղիկի մասին և մտածելով որ նա անպայման կբուժի իր որդուն ծանր հիվանդությունից,վազեց պարտեզ,որ քամի նրա տերևների հյութը,բայց ավելի մեծ եղավ խեղճ ծերունու զարմանքը,երբ նա այնտեղ չգտավ իր սիրելի Աստծո ծաղկին:Բայց քանի որ արդեն երեկոն էր մոտենում(չնայած արևը դեռ մայր չէր մտել) նա մտածեց որ ծաղիկը սովորականի պես անհետացել է և որ լուսաբացին նա նորից կհայտնվի իր տեղում ու ինքը կկարողանա նրա հյութով փրկել իր ջահել որդու կյանքը:Այսպես հուսադրելով ինքն իրեն գնաց տուն և ամբողջ գիշեր մնաց Տիրանի մոտ,ցածր ու լացակումած ձայնով անընդհատ կրկնելով.
– դիմացիր որդիս,լուսաբացին ծաղիկը կհայտվի և քեզ կբերեմ նրա հյութը,դու կխմես այն ու կապաքինվես:
Լույսը դեռ նոր էր բացվել,երբ ծերուկը մի փոքրիկ սրվակ ձեռքին՝անհամբեր քայլերով գնաց դեպի պարտեզ,բայց հասնելով պարտեզի այն հատվածը որտեղ սովորաբար աճում էր Աստծո ծաղիկը,տեսնելով նրան խեղճ ծերուկի ծնկները ծալվեցին ցավից ու հուսահատությունից՝ծաղիկը ամբողջովին չորացել էր.ծերունին սկսեց աղիողորմ լաց լինել,անիծելով իր բախտը.
-բայց ինչու՞, ինչպե՞ս տեր Աստված,ի՞նչ անեմ ես հիմա…մարեց վերջին հույսս,հիմա որդիս կհեռանա հավետ,հիմա ես էլ չեմ կարող փրկել նրան…Այսպես հեկեկալով խեղճ ծերուկը արցունքներով լի աչքերով՝հազիվ նշմարելով ճանապարհը,քայլերն ուղղեց դեպի տուն,որ մի վերջին անգամ նստի որդու կողքին:Երբ հասավ տան շեմին, տեսավ մի փոքրիկ վիրավոր թռչնակի,որը հազիվ էր շնչում և կարծես թե նրա մահն էլ էր մոտ,բայց ծերունին մի պահ մոռանալով իր վիշտը,շտապեց օգնել անօգնական արարածին:Նա վերցրեց թռչնակին ձեռքերի մեջ և ուզում էր տուն տանել,որ բուժի:Եվ հանկարծ թռչնակը լեզու առավ և դառնալով ծերունուն ասաց.
-Ով Տիրանի հայր,ես երկար կյանք չունեմ և շուտով կմեռնեմ,բայց իմ մարմինը կարող է փրկել քո որդուն.սպանի՛ր ինձ և իմ մսով կերակրիր,նրան նա իսկույն ոտքի կկանգնի:Ծերունին մի պահ լռեց,ապա սրբելով արցունքները,ասաց.
– Ով անմեղ արարած,ես փրկել եմ այդքան մարդկանց կյանքեր,հիմա ինչպե՞ս կարող եմ վերջ դնել մի անօգնական ու վիրավոր թռչնակի կյանքին.ո՛չ, ես այդպիսի բան չեմ կարող անել,եթե ես չեմ կարող փրկել իմ որդու կյանքը,ուրեմն դա Աստծո կամքն է և ուրեմն թող լինի այդպես,բայց փոխարենը ես կփրկեմ քեզ՝իմ պարտեզի ծաղիկներով: Այս ասելով ծերուկը թռչնակին տարավ տուն,դրեց մի հարմար տեղ և նորից գնաց պարտեզ անհրաժեշտ ծաղիկների հետևից.ապա պատրաստեց թուրմը և խմեցրեց թռչնակին:Թուրմը խմելուն պես նա անմիջապես ոտքի կանգնեց և օրհնելով բարի ծերունուն ասաց.
– գնա քնիր ծերուկ,վաղվա օրը բարի է լինելու.այս ասելով թռավ,գնաց…
Ծերունին այնքան էլ չհասկացավ թռչնակի վերջին խոսքերը,բայց հավատաց և քանի որ շատ հոգնած էր գնաց քնելու:Լուսաբացին ծերուկին արթնացրեց մի ուրախ ձայն՝ դա Տիրանի զրնգուն ու կյանքով լի ձայնն էր.
– հայրի՜կ,հայրի՜կ,արդեն վաղուց լուսաբաց է,իսկ դու դեռ քնած ես.մինչև ե՞րբ ես պատրաստվում քնել,արի՛, օգնիր ինձ,պարտեզում շատ գործ կա անելու:Ծերունին զարմանքից վեր թռավ տեղից և չկարողացավ ոչինչ ասել,որովհետետև տեսնելով Տիրանին լրիվ առողջ ու թռվռուն՝առաջվա նման,նրա լեզուն պապանձվեց ուրախությունից:Տիրանը դեռ երեկ մահամերձ գամված էր անկողնում,իսկ այսօր վեր է կացել անկողնուց ու ժիր աշխատում է պարտեզում,ասես ոչինչ էլ չեր եղել:Այսպես մտորում էր ծերուկը և դեռ չէր հասցրել հասկանալ եղելությունը,երբ սենյակի մեջ մի լույս առկայծեց և նրա դիմաց հայտնվեց ամբողջովին սպիտակ հանդերձանքով,լույսի պես շողացող մի գեղանի աղջիկ՝աելով.
-ինչու՞ ես զարմացել ծերուկ,քո բարությունը փրկեց բոլորիս,քո պարտեզի հրաշագործ ծաղիկներն քո բարության պտուղներն են,քո մաքուր հոգով են նրանք սնվում ու հրաշքներ գործում.իսկ ես հենց ինքը՝Աստծո ծաղիկն եմ,որին դու այն օրը գտար չորացած:Չարակամ մարդիկ եկան աննկատ ու գողացան ինձ,նրանք ուզում էին որ ես ծառայեմ նրանց:Ես թռչուն դարձա և հազիվ փախա նրանցից:Փախչելու ժամանակ ես վնասվեցի և հազիվ եկա եւ ընկա քո տան մոտ,դու կարող էիր ինձ զոհաբերելով փրկել քո որդու կյանքը,բայց ո՛չ՝դու բուժեցիր ինձ,դու ինձ նոր կյանք տվեցիր քո բարությամբ ու սիրով սնեցիր:Այսուհետ Օրհնյալ եք դու ու քո որդին… Այսուհետ ո՛չ մի չար ուժ չի կարող մոտենալ քո տանն ու քո պարտեզին…Այսուհետ ո՛չ մի ծաղիկ չի չորանա․․․