
Ես չեմ խոսել ձեզ հետ մեկ տարի և չորս ամիս և ես վաղուց դադարել եմ սիրել ձեզ:
Ես համարձակվում էի այդ օրերին մշտապես խիզախել
Ու համարձակվում էի դատարկել շշեր
Ու համարձակվում էի պարել բոլորի աչքի առաջ
Ու համարձակվում էի բանաստեղծել և ոչ մի բառ ձեր մասին չգրել
Ու համարձակվում էի կինո նկարել
Ու համարձակվում էի անջատել հեռախոսը բոլոր այն հարազատներիս դեմքին,որոնց այդ պահին այլևս հանդուրժել չէի կարողանում
Ու համարձակվում էի ամենաբարձր դեցիբելներով փակել դռները մարդկանց երեսին և անպայման ավելացնել,որ այդպես առավել տպավորիչ է ու դրամատիկ
Ու համարձակվում էի սովորել կյանքը
Ու համարձակվում էի այլևս չզարմանալ սովորել
Ու համարձակվում էի թաքցնել հուսահատությունները և կորցնել այն սնդուկների կողպեքները,որտեղ դրել եմ հիասթափությունները:
Ես համարձակվում էի դառնալ երեխայից լեդի
կներեք, բայց ես անգամ համարձակվեցի այս ընթացքում սիրել ուրիշ տղամարդու և այնքան,որ իմ մտքերում դուք ցնդեցիք:
Նա դարձավ իմ մեկ տարի և չորս ամիսների գլխավոր գործող անձը:
Ես ուզում եմ ներողություն խնդրել այդ մեկ տարի և չորս ամիսների համար,որ սիրեցի ուրիշ տղամարդու և սիրեցի իսկական կնոջ պես և վարվեցի իսկական կնոջ պես և հեռացա իսկական կնոջ պես և անգամ համարձակվեցի երկրաշարժվել ներսումս ու շարունակել նույն աչքերով ու երկու ոտքերով կանգնած մնալ այս նույն չվերջացող հողին՝ իսկական կնոջ պես դուք միշտ երազում էիք ինձ այդպիսին տեսնել՝ իսկական կնոջ պես բայց ուզում եմ ներողություն խնդրել որովհետև ձեր թույլտվությամբ ես հանում եմ իմ բոլոր զգեստները հագիցս և արձակում մազերս որովհետև ես էլի ձեր նույն փոքրիկ աղջիկն եմ այն երեխան:
Այսքանից հետո համարձակվում եմ անգամ հավաքել ձեր հեռախոսահամարը և մեկ տարի և չորս ամիս հետո հիշեցնել, որ այն փոքրիկ երեխան է ձեզ զանգում ով վաղուց արդեն ձեր երազած լեդին է:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0