
Երեխա ունենալուց առաջ պետք է լիարժեք գիտակցել, որ պատասխանատվություն են կրում մեկ այլ նոր կյանքի գոյության համար / Հռիփսիմե Պապյան
– Կարո՞ղ եք նշել, որո՞նք են ծնողներից յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը երեխայի դաստիարակության հարցում:
Նախ ասեմ՝ ծնողի դերը երեխայի համար իր կյանքի սկիզբն է, որը շատ կարևոր է, թե ինչպե՞ս է սկսվելու վիճաբանությունով, թե՞ հավասարակշռված պարբերաբար զրույցներով։ Ինչ վերաբերում է նրանց անհատական դերին ու նշանակությանը, կոնկրետ մայր լինելու համար հարկավոր է լինել համբերատար, որպեսզի կարողանաս պատասխանել երեխայիդ յուրաքանչյուր հարցին, ունենալ մայրական զգացում, որն իր մեջ ներառում է երեխայի մասին հոգ տանելը, ինչը երեխայի կյանքի ու վարքագծի ձևավորման վրա չափազանց մեծ ազդեցություն է ունենում։ Հայր լինելու համար պետք է նախ զուսպ լինել, բայց միևնույն ժամանակ ընկեր լինել երեխայի համար, սովորեցնել հարգել կնոջը տվյալ դեպքում մայրիկին և քրոջը։ Առհասարակ մոր և հոր համադրությունը երեխային սովորեցնում են լինել միառժամանակ և՛ ամուր, և՛ համբերատար։
– Ըստ Ձեզ ի՞նչ է պետք ընտանիքում, որպեսզի երեխան զգա իրեն պաշտպանված և որ ամենակարևորն է ունենա լիակատար մանկություն:
– Ընտանիքում եթե տիրում է համերաշխություն ու զիջելու գոյությունը, ընդհանրապես երեխան գիտակցաբար, թե ոչ (կախված իր տարիքից) իր շրջապատին ու հանդիպող մարդկանց սկսում է հենց այդպես էլ վերաբերվել։ Իսկ ինչ վերաբերում է երեխայի մանկությանը, գոյություն ունի կյանքի բանաձև, որը հետևյալն է՝ երեխան պետք է վայելի իր յուրաքանչյուր տարիքը մինչև չափահաս դառնալը, իսկ ծնողն ընդամենը պետք է ապահովի և տա նրան այնպիսի խորհուրդ, որը կձևավորի բնավորություն իր ամբողջ կյանքում առաջ գնալու և երջանիկ լինելու համար։
– Ի՞նչ եք կարծում երեխային սեռական դաստիարակություն տալու մասին: Անհրաժե՞շտ է այն, թե՞ ոչ:
– Երեխային սեռական դաստիարակությունը հարկավոր է և պարտադիր ու ամենակարևորը, որ երեխան դա պետք է լսի իր ծնողից ամենաառաջինը։ Եթե մենք կտրականապես լռենք երեխայի մոտ խոսելուց սեռական որևիցե գործոնից, մենք նրան կկտրենք իրականությունից ուր նա պետք է մտնի։ Երեխային սեռական դաստիարակություն տալու համար պարզապես հարկավոր է.
- գիտակցել նրա տարիքը,
- խոսելուց իր լեզվով խոսել դրա մասին,այսինքն բառերի օգտագործումը մեղմացնել կամ որևիցե գործողությունը մեկ այլ բառով ավելի մանկական նշել,
- և կարևորագույն հանգամանքը, ուշադրություն դարձնել երեխայի արձագանքին, պարտադիր է, որ նա ժպտա այլ ոչ թե վախենա։ Երեխան պետք է գիտակցի որ դա իրականություն է, դա նորմալ է, դա կրթություն է։
– Ձեր երեխային 3 ի՞նչ կարևոր խորհուրդ կտաք, որոնք ըստ Ձեզ կօգնեն հաղթահարել յուրաքանչյուր պատնեշ ու շարժվել առաջ:
– Լինել համբերատար, Յոլա գնալու գաղափարը սխալ է, պետք է միշտ լավին ձգտել: Նպատակին հասնելու համար անել ամեն բարոյական բան:
– Ի՞նչ խորհուրդ կտաք նորաստեղծ ընտանիքներին, ովքեր դեռ երեխա չունեն:
– Որ երեխա ունենալուց առաջ պետք է լիարժեք գիտակցել, որ պատասխանատվություն են կրում մեկ այլ նոր կյանքի գոյության համար, և որ էգոիզմը հարկավոր է տարբերել երեխայի ցանկությունից։