
Ձեր տարելիցն է ձեր ավեր Տան մեջ…
Ինչպե՞ս բարբառեմ՜ ՆՆՋԵՑԵՔ ԽԱՂԱՂ,
Երբ սգակոկորդ փղձկալով անվերջ
Եղերերգում են դեռ գյուղ ու քաղաք:
Ո՞նց արտաբերեն շրթունքներս գոց՜
ԹՈՂ ԹԵԹԵՎ ԼԻՆԻ ՀՈՂԸ ՁԵԶ ՎՐԱ,
Որ ձեր հայրենի հողը դիակոծ
Չցնցվի հանկարծ ու չըերերա…
(Վա՜յ քեզ,
Դեկտեմբեր՜ անողորմ երազ,
Որ տեսիլվեցիր յոթնալույսի հետ.
Վա՜յ քեզ,
Զոհարար Աստծո պատերազմ,
Նահատակներին ՈՂՈՐՄԻ տուր գեթ):
Յոթ է ու քառսունք մեր ամեն օրը,
Եվ սևափաթիլ ձյուն է մեր սրտում…
Ա՜խ, դեռ չգիտեմ՜ մե՞նք ենք սգվորը,
Թե՞ մեզնից անլուր դուք եք մեզ սգում:
Օ՜, Մանուկ ու Մայր, Հա՜յր, Եղբա՜յր ու Քո՜ւյր,
Օ՜, Շնչակիցներ արգանդաբնակ,
Թող համահավաք ձեր ՀՈՒՇԸ մաքուր,
Որպես սրբազան սգո կերակուր,
Ո՜ւժ տա ողջերին ձեր որբ ու տնանկ,
Որ ուղերձ հղեն Երկնային հորը,
Մեծահոգաբար, և ոչ թե նկուն.
– Տե՜ր, շնորհավոր քո Ամանորը,
Թեև հաճախ է Շունչդ մեզ լքում…
Մի՞թե մինչ Ահեղ ատյանիդ օրը
Չենք իմանալու՜ ո՜վ է ում սգում: