Ինչպե՞ս վերաբերվել ուրիշների կարծիքին

Մարդը սոցիալական էակ է: Իսկ ավելի պարզ՝ մենք ողջ կյանքում այլ մարդկանց միջավայրում ենք ապրում: Յուրաքանչյուր ոք ինչ-որ կերպ ենթարկվում է դիմացինի քննադատությանը կամ արժանանում ինչ-որ գնահատականի: Դա հատկապես դժվար է լսել, եթե անձամբ չես խնդրել քեզ քննադատել: Բայց առանց դրա անհնար է, պարզապես, հարկավոր է կողմնակի կարծիքին անտարբեր վերաբերվել՝ չվնասելով ինքդ քեզ կամ դիմացինիդ: Եթե ուզում ես իմանալ, թե ինչպես, կարդա՛ ավելին:

Շրջապատից լսած ցանկացած տեղեկություն պետք է ընդունել համապատասխան ձևով: Օրինակ՝ շնորհակալությամբ, եթե քո մասին մտահոգված են, բայց ըմբռնումով, եթե կարծիքները տարբեր են: Ինքդ որոշիր ուշադրություն դարձնե՞լ դրանց, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ հանգիստ ու վստահ պահես քեզ, երբ յուրաքանչյուր երկրորդը սովորեցնում է, թե ինչպես է պետք ապրել: Կայքում արդեն տեղադրված են նյութ «Ինչպես պատասխանել քննադատությանը»:  Այստեղ կխոսենք շրջապատի կարծիքի մեր ընկալման կամ վերաբերմունքի այլ կողմերի մասին:

 

Բազմաթիվ խորհուրդերից, թերևս, ամենակարևորը սեփական ներքին ձայնին վստահելն է: Համաձայնիր, որ քեզանից ավելի լավ քեզ ոչ ոք չի կարող ճանաչել: Եվ վերջնական ընտրության պատասխանատվությունը պետք է ինքդ կրես:

Միշտ հիշիր, որ մարդկանց կարծիքը հիմնված է նրանց անցած ուղու, կյանքի փորձի վրա, որը միշտ չէ, որ դրական է: Դա փաստերով և գիտականորեն չհիմնավորված սուբյեկտիվ կարծիք է, որը երբեմն կարող է նույնիսկ կասկածելի լինել: Եթե ընկերուհիդ վիճել է ընկերոջ հետ և կարծում է, թե «բոլոր տղաները նույնն են», մտածիր, արժե՞ արդյոք կիսել նրա կարծիքը:

Եթե բարդ ընտրության առջև ես կանգնած, ապա լսիր մի քանի կարծիք, վերլուծիր և փորձիր հասկանալ, թե որն է կիրառելի հենց քո իրավիճակում: Կարևոր չէ՝ կօգտվես որևէ մեկի խորհրդից, թե՝ ոչ: Ամենակարևորը լավագույն լուծումը գտնելն է: Իսկ եթե որևէ մեկի կարծիքը քեզ իրոք կօգնի, ապա հարկավոր է նրան շնորհակալություն հայտնել:

Չափազանց կարևոր է կարողանալ տարբերել մարդկանց անկեղծ ցանկություններն ու վտանգավոր խորհուրդները: Եթե դու արդեն որոշակի հաջողության ես հասել, ոմանք կարող են նախանձել քեզ և փորձել սխալ խորհուրդներով շեղել ճիշտ ճանապարհից: Սովորիր հակադրվել և ժամանակին ասել «ոչ»:

Կյանքի կարևոր փուլերում քայլ կատարելիս մենք սկսում ենք մտածել «Իսկ ի՞նչ կասեն իմ մասին շրջապատի մարդիկ»: «Իսկ եթե սխալ քայլ անե՞մ»: Ձախողելու վախը երբեմն փչացնում է իսկական ուրախությունը: Նման դեպքերում մտածիր, թե ինչ տեղի կունենա, եթե դա իրոք կատարվի: Պատկերացրու ամենասարսափելի ելքը և մտածիր, արդյո՞ք դա կտրուկ ազդում է քո կյանքի վրա: Արդյո՞ք բոլորը մինչև կյանքի վերջ կհիշեն դա: Իհարկե՝ ոչ: Բոլորն էլ ունեն թերություններ և սխալներ, բայց մարդիկ դրանց նորմալ են վերաբերվում: Իսկ իրականում մենք արագ մոռանում ենք ուրիշի հետ կատարվածը, բայց երկար հիշում այն, ինչ կատարվել է մեզ հետ:

  • «Մի′ անհանգստացեք, թե ինչ կմտածեն ձեր մասին ուրիշները: Նրանք խիստ զբաղված են մտածելով, թե դուք ինչ եք մտածում նրանց մասին»:     Արթուր Բլոխ

Հոդվածի կազմող` Սվետլանա Վերտոլա:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ