Հովհաննես Թումանյանի մասին դստեր` Նվարդի հուշերից

Ձեզ  ենք  ներկայացնում  հետաքրքիր  ինֆորմացիա  Հովհ. Թումանյանի  մասին դստեր`Նվարդի  հուշերից:


Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին:  Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները:  Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ