Հովհաննես Ավետիսյան – «Ալեգորիա»

«Ալեգորիա»

 

Իմ աշխարհը փոքր է շատ աշխարհ կոչվելու համար, բայց և մեծ է շատ միայն իմը լինելու համար։ Ես միայն 4 պատ ունեմ աշխարհից անջատվելու, պաշտպանվելու համար ու գեթ մի լուսամուտ, որ միացնում է իմ աշխարհը աշխարհին։ Իմ աշխարհում դեռ խավար է, խավար է 4 պատի ներսում ու խավարը ավելի է մթագնում, երբ իմ փոքրիկ լուսամուտից լույսի մի փունջ ներս է ընկնում։ Լուսափունջը սողոսկում է պատերից ներս, որ դուրս վանի խավարը իմ, բայց խավարը իմն է, ես խավարին եմ մտերիմ։ Իսկ լույսը այդ դրսից եկավ ու չգիտեմ էլ՝ արժե՞ր գալը։ Երբ խավարը հաղթում է լույսին, ուրեմն իզուր է լույսի գոյությունը․ մեկ է, ինչքան էլ լուսինն ու աստղերը լույս տան, խավարը հաղթում է ու կոչվում գիշեր։ Ինձ մոտ լրիվ խավար չէ, չէ՛, մի փունջ լույս կա մի ողջ սենյակի համար․ ինձ մոտ էլ է գիշեր։ Լույսի փունջը ներս ընկնելով իմ ճաղապատ լուսամուտից ընտրեց 4 պատերից միայն մեկին՝ այն մեկին, որ հանդիպակաց էր լուսամուտին։ Եթե անկեղծ, շատ գեղեցիկ պատ էլ չէ, չգիտեմ՝ ինչու լույսը հենց նրան ընտրեց։ Ես 4 պատ ունեմ պաշտպանվելու համար, որոնցից մեկը սիրահարված է լույսին, ինչի պատճառով երևում են իր բոլոր թերությունները։ Մյուս պատն այնքան էլ ամուր չէ․ այն մի մեծ ճեղք ունի, որին ես պայմանականորեն կոչել եմ լուսամուտ և որը սիրո աղբյուրն է հանդիպակաց պատի։

Ես գիտեմ նաև, որ ինձ շրջապատող այս պատերից զատ, կա նաև մեկը՝ այնտեղ, վերևում, որին հնարավոր չէ շոշափել, զգալ և, չնայած իր մյուս պատերին նման լինելուն, նա պատ չէ բնավ, այլ՝ առաստաղ, որ գտնվում է մյուս պատերի գլխավերևում և միացնում դրանք իրար։ Ես գիտեմ միայն նրա գոյության մասին, բայց չեմ շոշափել երբեք, չնայած որ թվում է շատ մոտիկ։ Այս առաստաղի պես մի ուրիշ առաստաղ էլ կա իմ ոտքերի տակ, որին պայմանականորեն ես կոչել եմ հատակ, որովհետև չգիտեմ հստակ՝ ամո՞ւր է արդյոք․ ես վախենում եմ։ Ես ապրում եմ առաստաղի ու հատակի արանքում․ մեկը քաշում է ներքև երկու ոտքերիցս բռնած, մյուսը միտքս ու հոգիս է իր մոտ կանչում։ Ես տանջվում եմ այս երկուսի արանքում։ Բայց խորհում եմ, թե ես էլ եմ մի պատ, որ իմ ունեցած մյուս 4 պատերի հետ միասին պահում եմ առաստաղն իմ վերևում ու միացնում հատակին։ Ես էլ եմ պատ՝ երբեմն ավելի սառը, երբեմն ավելի վատ, երբեմն՝ պարզապես զգացմունքային։

Ու մոռացել էի ասել, որ 4 պատերից մեկը, այն, որ սիրահարված էր լույսին, մի բռնակ ունի, որը տանում է մի ուրիշ աշխարհ։ Պատի այն կտրվածքը, որին ամրացված է բռնակը, ես դուռ եմ կոչել, որովհետև այնտեղից մի օր դու ես իմ աշխարհ եկել։ Ես կոչել եմ դու ու ավելացրել ռ, որ ամեն անգամ ռ-ն արտասանելիս բերանս դողա, մարմինս դողա, ինչպես դողում է քեզ տեսնելիս։ Միայն դու ունես իմ դռան բանալին, որով բացվում են իմ աշխարհի ու իմ սրտի դռները։ Իմ աշխարհը փոքր է շատ աշխարհ կոչվելու համար, բայց մեզ հաստատ կհերիքի…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ