Հովհաննես Ղազարյան – «Ծովային մեղեդի»

Ծովը խաղաղ է Աստծո սրտի պես,

Անրջանքներ է թափում լուսնկան,

Գիշերաժամի օրհնություն ու ծես

Ու պատարագ է ծովն անեզրական:

Հիմա փերիներ կիջնեն վերևից

Ու կթրթռան ջրերի վրա,

Զգույշ կփնտրեն իրենց սերերին

Նազուկ սրտերում խարույկներ վառած:

Ու կցնորվի մինչև լուսաբաց

Շուրջը ամեն ինչ- մասունք առ մասունք,

Կծփա սյուքը ու փշաքաղված

Ծովը կդառնա բուրավետ արցունք:

Ծովը կդառնա Լույսի ավազան,

Մաքրագործության խորան ու գավիթ

Ու ցայգալույսի ցոլքերն այլազան

Կվարագուրեն մորմոքը ցավի:

…Ծովը խաղաղ է Աստծո սրտի պես,

Անրջանքներ է թափում լուսնկան,

Գիշերաժամի օրհնություն ու ծես

Ու պատարագ է ծովն անեզրական…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ