
Սպարտակ Հայկի Ասատրյան
2020թ.-ի հայ-ադրբեջանական պատերազմի հերոս, պարգևատրել է «Մարտական Խաչ» 2րդ աստիճանի շքանշանով
27.09.2020թ.-ի հայ-ադրբեջանական պատերազմը 1988թ.-ին սկսված արցախյան հակամարտության վերջին էսկալացիան էր, ամենաարյունալին՝ առաջին պատերազմից հետո:
Ըստ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պատերազմի առաջին 4 օրվա ընթացքում հայկական զինված ուժերի կողմից խոցվել է ադրբեջանական այնքան ռազմական տեխնիկա, որքան Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ:
Սպարտակ Ասատրյանը, ով Թալիշ-Մատաղիս ուղղությամբ խորանալով թշնամու թիկունք, խոցել է 2 տանկ ու ոչնչացրել մեծ թվով կենդանի ուժ, հերոսաբար զոհվել է պատերազմի 4րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին: Մարտական առաջադրանքը փայլուն իրականացնելու և զինակից ընկերոջը փրկելու համար պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
«Հերոսներ այսօր էլ կան», – ասում է 2020թ.-ը:
Արմատներով Մուշից Սպարտակ Հայկի Ասատրյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 31-ին, Արագածոտնի Ղազարավան (Նազրվան) գյուղում: Միջնակարգ կրթությունը ստանալով գյուղի դպրոցում, 2019թ. ընդունվել է Երևանի պետական ագրարային համալսարան: Զորակոչվել է 2020թ.-ի հունվար 18-ին: Սովորել է Հոկտեմբերյանի ուսումնական զորամասի 4-րդ գումարտակում, այնուհետև տեղափոխվել է Արցախ, Խոջալու և ծառայությունը շարունակել որպես կրտսեր սերժանտ (տանկային գումարտակի հրամանատարի տեղակալ): Մարտական գործողությունների ժամանակ եղել է Թալիշ-Մատաղիս հատվածում, որտեղ էլ հերոսաբար զոհվել է: «Տանկերը թողնելու հրամանից հետո դուրս եկանք տանկից: Պայթյունի պահին Սպարտակը վերադարձավ մեր մյուս ընկերոջը փրկելու համար», – պատմում է մարտական ընկերներից մեկը:
«Սեպտեմբերի 20-ին Արցախում էինք… գիշերը… շատ նեղված էր: Զգում էր երևի, բայց մի բառ չասաց: Չէր սիրում խոսել անհանգստությունների մասին», – պատմում է քույրը՝ Կարինե Ասատրյանը:
4 ամիս շարունակ Սպարտակի անունը հարազատները կարդացել են անհայտ կորածների ցանկում… Նրանց խոսքով՝ գյուղում սիրելի վայրը Սուրբ Գրիգոր եկեղեցին էր: Հենց այնտեղ էլ տեղի է ունեցել հոգեհանգստի արարողությունը:
Փետրվարի 5-ին նրան վերջին հրաժեշտը տալու էր եկել ավելի, քան 7000 հոգի ՀՀ-ից և արտերկրից: «Ճանապարհ չկար, 3 կմ ոտքով ենք քայլել, որ բարձրանանք եկեղեցի», – պատմում են հուղարկավորության մասնակիցները:
-Հարազատների նկատմամբ չափազանց ուշադիր ու հոգատար, – քույրը ժպիտով ու հիացմունքով է խոսում հերոսի մասին, ասում է՝ փոքր ժամանակ խեղդվելուց է փրկել: Հիշում է՝ վերջին հանդիպման ժամանակ ասել է՝ լավ կսովորես:
Սպարտակի երազանքն էր գյուղում պապի անունը կրող մարզադահլիճ կառուցել:
Դասընկերուհու՝ Անահիտի խոսքով՝ էքստրեմալ սպորտի սիրահար էր: Զբաղվում էր լողով, ըմբշամարտով, շախմատով: Թենիս էր շատ սիրում, մոդելավորում, ժամանակակից տեխնոլոգիաներ: Փոքր հասակում ինքնուրույն պրոյեկտոր էր պատրաստել:
-«Խաչագողի հիշատակարան»-ն էր սիրելի գիրքը, – պատմում է Անահիտը, – մի քանի անգամ կարդացել էր:
Մինչ օրս նրա «տղերք, ոչ մի բանից չվախենաք» արտահայտությունն ընկերները չեն կարողանում առանց հուզմունքի հիշել:
«Ախպերներս չգնան, ես իրենց փոխարեն էլ կծառայեմ», – ասում էր Սպարտակը զորակոչից առաջ:
Եղբոր հետ շատ արկածներ են ունեցել.
-Գյուղում պապի գերեզմանի կողքով անցնելիս միշտ «բարևում» էր, – պատմում է Սիփանը, – մի օր մոռացավ, ձեռքս տարա ղեկին, որ ես «սիգնալ տամ», ղեկը թեքվեց, մեքենան շուռ եկավ, բայց մեզ ոչինչ չպատահեց:
Երեխաները Սպարտակին հենց այդ մեքենայով են հիշում: «Սպոյի Վիլո՜ն» ասում է փոքրիկ Դավիթն ամեն անգամ մեքենան տեսնելիս:
…
«Հերոսներ այսօր էլ կան»…